«Անհրաժեշտ է հասարակության գիտակցության բարձրացում». Ըստ մասնագետի, եթե վերաբերմունքը չփոխվի, հաջորդ 14 օրերին վարակակիրների թիվը կրկնակի կաճի

«Մեդիալաբի» հարցերին է պատասխանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը

– Տիկի՛ն Աբովյան, այսօր քաղաքում ոստիկաններ անհամեմատ ակտիվ էին, աչալուրջ հսկում էին, որ առանց դիմակի քաղաքացիներ չլինեն։ Արդյոք հնարավոր չէ՞ր ավելի վաղ անցնել նման խստացումների, պարտադիր թեստավորման կամ պատվաստման։ Ձեռնարկած միջոցառումները 10 օր հետո ի՞նչ ազդեցություն կունենան օրեցօր ահագնացող թվերի վրա։

  • Տեսեք՝ ամբողջ աշխարհում սահմանափակումները խստացվել են։ Շատ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, հոկտեմբերի 15-ից սկսած նույն կարգավորումներն են, կամ 15 օրը մեկ թեստավորում, կամ դրական ՊՇՌ։ Շատ երկրներ ավելի խիստ սահմանափակումների են գնում, այսինքն՝ տարբեր ժամանցի վայրեր մուտքը միայն «կանաչ» անձնագրով է։ Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների՝ այս սահմանափակումները պետք է դրական արդյունք ունենան համավարակի կառավարման գործում, եթե այդ ամենը պահվի և արվի։

– Կարծում եք՝ մենք օրինազա՞նց ենք և չե՞նք պահի այս կանոնները։ Համատարած դիմակ չեն կրում առևտրի կենտրոններում։ Եթե խստացում լիներ, արդյոք այս պատկերը կունենայի՞նք հիմա՝ օրական  ավելի քան 40 մահ, ինչը երեկ ունեցանք։

– Յուրաքանչյուր գործիք, որ կիրառվում է, երբեմն այդ արգելքները հանգեցնում են բացասական արդյունքների։ Օրինակ՝ դիմակ կրելը. տարբեր կազմակերպություններում դիմակ կրում են այն ժամանակ, երբ իմանում են, որ պետք է ստուգող գա, ստուգողները գալիս են, բոլորը կրում են, հենց ստուգողները գնում են, բոլորը հանում են դիմակները։ Այսինքն՝ անհրաժեշտ է հասարակության գիտակցության բարձրացում։ 

Այս համավարակն արդեն երկրորդ տարին է, որ ալիքներով բարձրանում-իջնում է։ Սա նշանակում է, որ մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր մարդու ձեռնարկած քայլով պետք է կանխվի համավարակի շղթան։ Յուրաքանչյուրը պետք է քայլ անի՝ իր հարազատին, բարեկամին, շրջապատին չվարակելու համար։

– Դուք նշում եք, որ դեպքերի 50 տոկոս աճ ունենք։ Ո՞ր ժամանակահատվածի հետ համեմատությամբ եք նշում այսպիսի վիճակագրություն։

– Վերջին 14 օրը համեմատում ենք նախորդ 14 օրերի հետ, արդյունքում ունենք 50 տոկոս դեպքերի աճ։

– Դելտա շտամն, փաստ է, անհամեմատ արագ է տարածվում։ Այսօր, ի տարբերություն նախորդ տարվա, խոսք է գնոմ նաւ հիվանդության երիտասարդացման, ինչպես նաեւ երիտասարդների մահերի մասին։ Հոսպիտալացվածների շրջանում արդյոք երիտասարդները մեծ տոկո՞ս են կազմում։

– Հիմնականում 30-59 տարեկանների խումբն է առավել շատ հիմա վարակվում։ Սա նոր վիրուս է, որն անընդհատ նոր դրսևորումներով է հանդես գալիս։ Տարբեր երկրներում կան մուտացված շտամներ։ 

– Հաշվի առնելով վարակակիրների ավելացող թիվը, ստեղծված իրավիճակը, արդյոք ի՞նչ հնարավոր սցենարներ են քննարկվում։ Լոքդաունի մասին խոսք գնու՞մ է արդյոք կամ դպրոցների հեռավար ուսուցման։

-Այսօր՝ ո՛չ, չի քննարկվում։ Քննարկումներն անընդհատ շարունակվում են, սանիտարական նորմերում երկու շաբաթ առաջ նոր կանոններ են մտցվել։ Չի բացառվում, որ նորից այդ միջոցառումները խստացվեն, եթե դեպքերը շարունակվեն այսպես աճել։

– Իսկ այլ նոր սահմանափակումներ կլինե՞ն։

– Եթե բնակչությունը կատարի կանոնները, այսինքն՝ ամեն ինչ կախված է մեզնից։ Եթե նոր դեպքերը այս տեմպով շարունակվեն, ապա չի բացառվում, որ նոր սահմանափակումների գնանք։ 

– Մահերի աննախադեպ ռեկորդ է գրանցվել, բայց մարդիկ դեռ չեն ուզում դեռ հավատալ վարակի գոյությանը, պատվաստանյութի կարեւորությանը, ո՞րն է պատճառը։

– Եթե այս գործընթացը շարունակվեց, ապա հաջորդ 14 օրերին էլ թվերը կրկնակի կաճեն։

Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալը հայտնում է, որ 300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Ո՞ւմ եք առաջին հերթին հոսպիտալացնում։

Ա յժմ ընդունվում են ծանր կլինիկական ախտանշաններով պացիենտները։ Շատ դեպքերում դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ երկար ժամանակ տանն են մնում, չեմ դիմում համապատասխան բուժման, զբաղվում են ինքնաբուժությամբ։ Տան պայմաններում, առանց բժշկի ցուցումների չպետք է հակաբիոտիկներ ընդունել։ Ի հետևանք՝ հիվանդներն ավելի են բարդացնում իրենց վիճակը։

Մանե Հարությունյան

MediaLab.am