«Մեզ ո՛չ լավ իշխանություն է պետք, ո՛չ վատ, մեզ պետք է վերահսկվող իշխանություն». Ռուբեն Բաբայան

«Մեզ ո՛չ լավ իշխանություն է պետք, ո՛չ վատ, մեզ պետք է վերահսկվող իշխանություն». Ռուբեն Բաբայան
«Մեզ ո՛չ լավ իշխանություն է պետք, ո՛չ վատ, մեզ պետք է վերահսկվող իշխանություն». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

– Պարո՛ն Բաբայան, նոր կառավարության կազմը հաստատվեց։ Ի՞նչ սպասումներ ունեք նոր կառավարությունից։

– Ամենամեծ սպասելիքս համակարգային փոփոխություններն են, որովհետև իրականում մեզ դա է պետք։ Անձերի փոփոխությունները կիմաստավորվեն միայն այն ժամանակ, երբ համակարգը կփոխվի, կդառնա մարդակենտրոն։ Կարծում եմ, որ մեր երկրի իրական բարեկամներին և ոչ բարեկամներին մենք կտեսնենք պարզ դեմքով, երբ սկսենք համակարգային փոփոխություններ իրականացնել։ Համաձայնեք՝ շատ ավելի հեշտ է համակերպվել անձի փոփոխությանը, քան համակարգի։ Ինչ վերաբերում է նախարարների նշանակումներին, նախ ինձ այդքան իրազեկ չեմ համարում, որ դատեմ բոլոր նրանց։

Կարծում եմ՝ դա ավելորդ է, որովհետև նախարարների աշխատանքը պետք է գնահատվի ըստ իրենց գործունեության, այլ ոչ թե նշանակման։ Ես միշտ ասել եմ, որ մեզ ո՛չ լավ իշխանություն է պետք, ո՛չ վատ, մեզ պետք է վերահսկվող իշխանություն։ Այդ տեսակետից կարծում եմ, որ պետք է վերահսկել ոչ թե նշանակումը, այլ նախարարի գործունեությունը։ Կաշխատե՞ն լավ, կզբաղվե՞ն համակարգով, այդ ժամանակ կշնորհավորենք, եթե ոչ՝ նախարարին փոխելն այսօրվանից հետո պետք է դառնա շատ ավելի հեշտ գործ։

Որևէ մեծ ողբերգություն կառավարության կամ նախարարի փոփոխության մեջ չեմ տեսնում։ Պարզ է, որ նորանշանակ նախարարների ինչ-որ մասն իրեն կարդարացնի, ինչ-որ մասը չի արդարացնի, դա բնականոն պրոցես է։ Չպետք է կառչել որևէ ո՛չ կուսակցական, ո՛չ բարեկամական, ո՛չ ընկերական հարաբերություններից, հասկանալով, որ երբ դառնում ես իշխանություն, այլևս դու պատասխանատու ես ամբողջ պետության ու ամբողջ ժողովրդի առջև, ինչպես քեզ համակրողների, այնպես էլ չհամակրողների առջև։

Այնպես որ, ես շատ հանգիստ եմ մոտենում, դեռ կսպասեմ ։ Ցավոք, վերջին 1,5 տարվա ընթացքում նախկին կառավարությունն այնքան մեծ վնաս հասցրեց մշակույթի ոլորտին, որը, կարծում եմ՝ նախորդ 30 տարում չէր հասցրել։ Կան բազմաթիվ առաջնային քայլեր, կան քայլեր, որոնք ավելի շատ ժամանակ են պահանջում։ Կարծում եմ՝ պետք է քիչ խոսել աբստրակտ թեմաներից, թե ինչքան կարևոր է մեզ համար մշակույթը, արվեստը և այլն։ Ի վերջո, ոչ մի նախարարություն ոչ մշակույթ է ստեղծում, ոչ էլ արվեստ, բայց նա կարող է ստեղծել նպաստավոր պայմաններ և կարող է անել հակառակը։ Նախորդ կառավարությունն անում էր հակառակը։ Ես հիմա դա հանգիստ եմ ասում, որովհետև նույնը ասել եմ իրենց կառավարության ողջ գործունեության ընթացքում։

Պետք է շրջենք այդ էջը, լավ բաներ էլ են երևի եղել, պետք է այդ լավը զարգացնենք, վատից կտրականապես հրաժարվենք։ Կարծում եմ շատ շուտ մենք կկարողանանք յուրաքանչյուր նախարարի մեր գնահատականը տալ՝ համաձայն իր գործունեության։ Լավ կլինի, իհարկե, եթե յուրաքանչյուր գնահատական տան հիմնականում ոլորտի աշխատողները, որ, ասենք, առողջապահության նախարարին չգնահատեն մշակույթի գործիչները կամ հակառակը։

– Կարծում եք՝ ի վերջո, ԽՍՀՄ-ից մնացած մեդալների ու վաստակավոր գործչի կոչումների ցիկլից դո՞ւրս կգանք։

– Կարծում եմ՝ այո։ Ճիշտն ասած, մենք այդ շրջանից դուրս էինք եկել, հետո էլի ներս մտանք 2003 թվականին։ Եթե մարդիկ սկսեն գնահատվել ըստ իրենց արած գործերի, երբ սկսեն իսկապես իրական արժեքները մեջտեղ գալ, այդ հարցն ինքնըստինքյան պետք է վերանա։ Խոսքն ընդհանրապես բոլոր մեդալների մասին չէ, որովհետև բոլոր երկրներում կան որոշակի շքանշաններ, պարզապես մեզ մոտ կարծես՝ քանակը մի փոքր ավելի է։ Խոսքը կոչումների մասին է, բացարձակապես անիմաստ՝ վաստակավոր, ժողովրդական, որ փչացնում է մթնոլորտը։

Դա կարող եմ ասել որպես թատրոնի ղեկավար, որտեղ առողջ մթնոլորտ է, բայց այդ թեման, միևնույն է, փչացնում է մթնոլորտը։ Սրան պետք է անդրադառնալ, ինչպես նաև շատ ու շատ հարցերի, որոնք ժառանգաբար եկել են ԽՍՀՄ-ից ու չեն գործում։ Կարծում եմ՝ արհմիություններով է պետք զբաղվել, որովհետև չի կարող լինել տնտեսության զարգացում առանց առողջ արհմիությունների։ Եթե համապատասխան կադրերի կողմից ցանկությունը լինի, ես մեծ հաճույքով կբարձրաձայնեմ և կփորձեմ իմ տեսակետը հայտնել։ Իրականում ճիշտ ղեկավարումը նա է, երբ լսում ես բազմաթիվ տեսակետներ և ինքդ ես կայացնում որոշում։ Կապրենք՝ կտեսնենք։

– Շատերը նշում են, որ սա ժամանակավոր կառավարություն է և շատ կարճ կյանք պետք է ունենա, քանի որ հեղափոխությունն ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ։ Դուք համակարծի՞ք եք։

– Ես փորձում եմ պարզել, թե ժամանակավոր կառավարություն ասվածը ո՞ր ժամանակի համար է նախատեսված։ Մի բան է, եթե այս կառավարության գերխնդիրը լինի պարզապես պատրաստել նոր ընտրություններ և երկիրը հեռու պահել ցնցումներից։ Սա մի խնդիր է, և դա նշանակում է, որ առաջնային պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, բացառել ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը, որ դպրոցներում այլևս չպետք է լինեն ընտրատեղամասեր և այլն։ Սրա համար կպահանջվի առնվազն երկու ամիս։

Մեկ այլ բան է, եթե կառավարությունն ուզում է ավելի արմատական փոփոխությունների գնալ, հաստատ կուսակցություններն էլ կցանկանան պատրաստվել։ Հիմա մենք խոսում ենք այն մասին, թե ինչ ենք ուզում, բայց մոռանում ենք, որ այդ ամենն արտահայտելու ենք կուսակցություններին քվեարկելու միջոցով, և նրանք էլ ունեն իրենց պահանջները։

Կարծում եմ՝ կառավարությունն ինքը պետք է ներկայացնի և ասի, թե ի՛նչ ողջամիտ ժամկետներում է այս ամենի իրականացումը տեսնում։ Այդ ժամանակ պահանջներն էլ որոշակի կոնկրետություն ձեռք կբերեն, որովհետև մի բան է պահանջ ներկայացնել կառավարությանը, որը երկիրը կառավարելու է երկու ամիս, մեկ այլ բան է՝ մեկ տարի, լրիվ ուրիշ բան է, եթե պետք է ղեկավարի 2 տարի։ Երբ նշեն ժամկետներ, այդ ժամանակ ավելի կոնկրետ կխոսեն։

– Կա նաև տեսակետ, որ ՀՀԿ-ն կարող է ընդհանրապես հրաժարվել արտահերթ ընտրություններից։ Այդ դեպքում չի՞ ստացվի, որ հեղափոխությունը կիսատ կմնա։

– Եթե ՀՀԿ-ն չգնա արտահերթ ընտրությունների, կարծում եմ՝ դա իրականում կնշանակի սաբոտաժ։ Նույնիսկ ՀՀԿ-ին սիրահարված մարդիկ պետք է արձանագրեն, որ այսօրվա հասարակության համակրանքը և Ազգային ժողովում առկա մեծամասնությունը տարբեր դաշտերում գտնվող հասկացություններ են։

Սա միշտ ստեղծում է վտանգավոր վիճակ, որովհետև եթե կա վստահություն կառավարության հանդեպ և չկա վստահություն խորհրդարանի հանդեպ, դա բերելու է նրան, որ այդ հրաբուխը միշտ կարողանալու է ժայթքել։ Մենք լավ մակդիրներով, կոմպլիմենտներով խոսում ենք հեղափոխության մասին, առավել ևս մեզ հաջողեց դա թավշյա ձևով անել, բայց մշտապես ապրել հեղափոխության մեջ չի կարելի։

Նախ՝ հեղափոխությունն ունի մի շատ վատ հատկություն. բոլոր դրական կողմերի հետ մեկտեղ փրփուր է բարձրացնում ջրի երես։ Չբավարարված ամբիցիաներով, նեղացած բազմաթիվ մարդիկ են հայտնվում, որոնք սեփական անհաջողությունները միշտ կապում են որոշակի իշխանությունների հետ։ Հիմա գալիս է լուրջ աշխատելու ժամանակը։ Եթե սկսեն խոչընդոտել այդ լուրջ աշխատանքը, այստեղ արդեն պետք է լրջորեն ելք որոնել, թե ինչպես կարելի է սահմանադրական փակուղուց դուրս գալ, որովհետև հիմա հայտարարել և գնալ հերթական ընտրությունների, որոնք պետք է տեղի ունենան 4 տարի հետո, անիմաստ է և շատ վտանգավոր։

Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունների առավելագույն ժամկետը մեկ տարին է, որ և՛ կուսակցությունները պատրաստվեն, և՛ Ընտրական օրենսգիրքը հասցնեն փոխել, և՛ կատարելագործեն վերահսկող օղակները, թեև հնարավոր է, որ դա ավելի շուտ լինի։

Մանե Հարությունյան

MediaLab.am