Պատգամավորն առաջարկում է բարձրացրել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափերը

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջակում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված՝ վնասի հատուցման չափերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ նիստում:

Սիմոնյանի խոսքով՝ այս օրենսդրական փոփոխության իրականացումը՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված նյութական վնասի հատուցման չափի բարձրացման մասով, անձանց համար կապահովի լրացուցիչ երաշխիքներ՝ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլ նաև ԶԼՄ-ների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար: «Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը՝ զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև մեր քաղաքացիներին հնարավորություն կընձեռնի ավելի ստույգ տեղեկություն ստանալու»,-ասաց նա:

Այսպիսով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է 1087.1-րդ հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում «1000-ապատիկի չափով» թվերը փոխարինել «5000-ապատիկի չափով» թվերով, սա վերաբերվում է վիրավորանքին: Իսկ 8-րդ մասի 2-րդ կետում «2000-ապատիկի չափով» թվերը փոխարինել «10000-ապատիկի չափով» թվերով, սա վերաբերվում է զրպարտությանը: