«Գլխավոր դատախազը պետության կայունության համար երկրորդ լուրջ պրոբլեմն է առաջացնում». մասնագետները՝ ՍԴ որոշման մասին

Պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դիմումի հետքերով Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը լայն քննարկումների առիթ է դարձել իրավաբանական համայնքում: Շատերը քննադատում են ՀՀ գլխավոր դատախազությանը, որի գործողությունների արդյունքում էլ Բարձր դատարանը նման որոշում է կայացրել:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և Արմեն Չարչյանը տարբեր քրեական գործերի նախաքննության շրջանակում կալանավորվել էին դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ: Նրանք ընտրվելուց և պատգամավորական մանդատն ստանալուց հետո ևս մնում էին կալանավորված, մինչդեռ պատգամավորների պաշտպանները հայտարարում էին, որ պատգամավոր դառնալով՝ նրանք ունեն անձեռնմխելիություն:

Դատախազությունը, սակայն, արձագանքելով պաշտպաններին, հանդես էր եկել հայտարարությամբ, պնդելով. «Անձինք կալանավորվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ»:

Բայց Սահմանադրական դատարանը օրերս միանգամայն հակառակ դիրքորոշումն էր հայտնել. «Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո, նկատենք, կալանավորված բոլոր երեք պատգամավորներն ազատ արձակվեցին:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը ճիշտ եզրահանգման է եկել, քանզի անազատության մեջ գտնվում է պատգամավոր, որին կալանավորելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը:

«Երբ պատգամավորները այդ մասին բողոքներ էին ներկայացնում ու երբ դիմեցին Սահմանադրական դատարան, բոլորս էլ գիտեինք՝ ինչ որոշում է ՍԴ-ն կայացնելու: Բայց դատախազությունը խաբում էր պետությանը: Կամ էլ՝ օրենք չգիտեն, դատախազությունում անգրագետ տղերք են հավաքված»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբան Սիրունյանը:

Հարցին, թե պատգամավորները հայտարարում են, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, հնարավո՞ր է՝ իշխանությունն է պահանջել գլխավոր դատախազից ամեն գնով նրանց պահել կալանքի տակ, Սիրունյանն արձագանքեց. «Եթե նման պահանջ է լինում պետության կողմից, այդ դեպքում բարոյական է դիմում գրել, ազատվել: Ի վերջո, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը: Ավելի ազնիվ ու բարոյական չէ՞ օրենքը չխախտել, դիմում գրել-ազատվել, եթե նման անօրինական պահանջ է դրվում, ինչո՞ւ խայտառակվել: Ես էնքան դատախազներ գիտեմ, որ պահանջել են՝ արա՛ սենց, իրենց սրտով չի եղել, դիմում են գրել, դուրս եկել: Մեկ է, մի օր դուրս ես գալու էդ պաշտոնից, է՛, մարդավարի՛ դուրս արի: Սա այն դեպքում, եթե, իհարկե, կառավարությունից հանձնարարական է եղել»:

Այդուհանդերձ, փաստաբանը կասկածում է, որ դատախազի ու դատախազության առաջ իշխանությունը նման պահանջ դրած կլինի, քանի որ դատախազության ու հենց դատախազի համար դժվար չէր Ազգային ժողովից նրանց կալանավորելու համաձայնություն ստանալը:

«Իշխանությունը մեծամասնություն էր և շատ հեշտ կարող էր համաձայնել կալանավորել այդ պատգամավորներին: Բա գնայիր, ինչո՞ւ չգնացիր: Ես տեսնում եմ, որ դատախազությունը և, մասնավորապես, գլխավոր դատախազը պետության կայունության համար երկրորդ լուրջ պրոբլեմն է առաջացնում: Առաջինը Քոչարյանի գործն էր, որը ի սկզբանե սխալ որակում ստացավ: Ես հիմա պատգամավորների տեղը լինեմ, հենց եկավ, ասելու եմ՝ ինչի՛ ավելի շուտ չէիր գալիս»,- հավելեց Ալեքսանդր Սիրունյանը:

ՍԴ որոշումից հետո 4 ամսից ավելի կալանքի տակ մնալուց հետո ազատված ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հիշում է՝ ամիսներ շարունակ փորձել են դիմումներով ու միջնորդություններով դատախազությանը բացատրել, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո կալանավորված անձինք պետք է ազատ արձակվեն: Իսկ եթե, այդուհանդերձ, դատախազությունը պնդում է, որ նրանք պետք է կալանավորվեն, ապա պետք է դիմել Ազգային ժողով ու ստանալ պատգամավորների համաձայնությունը:

«Մեր միջնորդություններին, դիմումներին դատախազությունում որևէ մեկը ականջալուր չեղավ: Մերժումներից հետո մենք դիմել ենք դատարան՝ պահանջելով փաստել մեր պաշտպանյալի իրավունքի խախտումը: Դատը նշանակված է հունվարին»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբան Խաչատրյանը:

ՍԴ որոշումից հետո, երբ դատարանը փաստի պատգամավորի իրավունքի խախտումը, ապա, ըստ փաստաբանի, չի բացառվում, որ դիմեն դատարան մի քանի ամիս անազատության մեջ մնալու համար բարոյական վնասի փոխհատուցում ստանալու պահանջով:

«Ճիշտ է, իմ պաշտպանյալը որպես փոխհատուցում այդ գումարի կարիքը չունի, բայց եթե գնանք այդ քայլին, ապա գումարը կփոխանցվի որևէ բարեգործության: Հետագա գործողությունները պետք է քննարկեմ պաշտպանյալիս հետ, այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող»:

Էմին Խաչատրյանը նկատեց, որ իր պաշտպանյալը շարունակում է պնդել՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: «Դատախազությունում կան պրոֆեսիոնալներ, ունեն բավարար գիտելիքներ և քաջ գիտակցում էին, որ պատգամավորական անձեռնմխելիությունը պետք է հաղթահարվի Ազգային ժողովի միջոցով: Իսկ թե ինչու չեն կատարել այդպես, բոլորին է պարզ: Իմ վստահորդը բազմիցս նշել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այլ բան չի կարող լինել»,- նշեց փաստաբանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am