«Մենք շատ անհամբեր սպասում ենք ԲՀԿ-ի բազմահազարանոց հանրահավաքներին». Հայկ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը

– Պարո՛ն Գևորգյան, Գագիկ Ծառուկյանը երեկ Ապարանում հայտարարել է, որ ժողովուրդը երբեք այնքան վատ չի ապրել, որքան այսօր, նաև կոչ է արել իշխանություններին դուրս գալ Ֆեյսբուքից և շփվել մարդկանց հետ, տեսնել, թե ինչ խնդիրներ կան լուծելու: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

– Ես Գագիկ Ծառուկյանին խորհուրդ կտայի ժողովրդի մեջ դուրս գալ այն ժամանակ, երբ ինքը կոալիցիայի մեջ էր տխրահռչակ ՀՀԿ-ի հետ, և իմանար, թե քանի ճգնաժամ ապրեցին ժողովուրդը և տնտեսությունը, երբ ինքը կոալիցիայի մեջ էր: 

Այն ժամանակ եթե դուրս գար ժողովրդի մեջ, տեսներ, թե ո՛նց են ապրում, և իրավիճակը չգնահատեր իր ստացած եկամուտներով, գերշահույթներով, այդ ժամանակ պարզ կլիներ, թե երբ է ժողովուրդը վատ ապրել՝ այն ժամանա՞կ, թե՞ հիմա:

– Այդուհանդերձ, ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլև շատ ուրիշ մարդիկ ևս իշխանությանը քննադատում են Ֆեյսբուքում շատ ժամանակ անցկացնելու մեջ: Այս քննադատության մեջ կա՞ ռացիոնալ հատիկ, թե՞ ոչ:

– Մեր իշխանությունն առավել, քան որևէ այլ իշխանություն Հայաստանում, բաց է, թափանցիկ է, հասանելի է: Դա ոչ միայն հասանելի է Ֆեյսբուքում, այլև փողոցում, այգիներում, սրճարաններում, մարզերում, թեժ կետերում: 

Մեր իշխանությունը երբեք չի թաքնվում իր ընտրողներից, ի տարբերություն ոմանց նախկինում և հիմա: Ու երբ հիմա մարդիկ հայտնաբերում են, որ կա հանրություն, որ կարելի է փողոցում քայլել, ես դա միայն ողջունում եմ: 

Հենց ինքը վերջերս դուրս է գալիս Հյուսիսային պողոտա, քայլում է: Մեր օրինակն իր համար շատ վարակիչ է եղել, ու ողջունում եմ այդ գործելակերպը:

– Ծառուկյանը նաև հայտարարել է, որ իշխանությունը պետք է ոչ թե Գագիկ Ծառուկյանից, այլ ժողովրդից վախենա, որովհետև այս 2,5 տարին իշխանությունը վատնել է, իր խոստումները չի կատարել, փոխարենը գույքահարկն եք բարձրացրել: Սրան ինչպե՞ս կարձագանքեք:

– Ես մի քիչ տարակուսանքի մեջ եմ, որ Գագիկ Ծառուկյանն ասում է՝ մեզնից վախեցեք: Իրեն միշտ թվացել է, որ բոլորն իրենից վախեցել են: Մենք որևէ վախ չունենք ո՛չ իրենից, ո՛չ էլ որևէ մի այլ քաղաքական ուժից: 

Ինչ վերաբերում է ժողովրդին, ժողովրդից մենք ոչ թե վախենում ենք, այլ հարգում ենք, լսում ենք, ականջալուր ենք լինում և առաջնորդվում ենք ժողովրդի՝ մեր նկատմամբ դրված պահանջներով որպես իշխանություն:

– Ընդհանրապես, ո՞ր ոլորտներն են, որտեղ դուք ինքներդ արձանագրում եք ձախողում: Չե՞ք կարծում, որ եթե խնդիրները վեր չհանեք, ժողովրդական ցասում կարող է լինել:

– Եթե ոմանց թվում է, որ Հայաստանում ճգնաժամ է, իսկ աշխարհում ամեն ինչ լավ է, ուրեմն իրենք հերթական անգամ սխալ հաշվարկներ են անում, հերթական անգամ կտրված են որևէ իրականությունից: 

Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ նույնպես տնտեսական դժվարություններ կան, բայց շատ ու շատ երկրների համեմատ Հայաստանում ավելի մեղմ է անցնում ճգնաժամը, կարելի է ասել՝ ճգնաժամը մոտենում է իր ավարտին, եթե արդեն չի ավարտվել: 

– Այսինքն՝ սով չի՞ լինելու, ինչպես հայտարարում էր Գագիկ Ծառուկյանը:

– Դե, պարոն Ծառուկյանը դեռ հունիսին հայտարարել է, որ երեք ամսից Հայաստանում սով է լինելու: Փաստորեն սեպտեմբերին պետք է արձանագրվեր այդ սովը: 

Սպասում ենք, տեսնենք, թե այդ սովը ո՛նց է արտահայտվում: Երբ նոր էր սկսվում ճգնաժամը, մարդկանց մոտ խուճապ առաջացնելու իրենց մի քանի շաբաթ տևած գործողությունները, թե սուպերմարկետներում էս չի մնացել, էն չի մնացել, ուտելիքները վերջացել են, ինքն ընդհանրապես չգիտեր, թե պահեստներում ինչքան կար: 

Եթե հետաքրքրվեր, կիմանար, որ պահեստներում մի քանի ամսվա պահուստ կար: Հիմա ավելի շատ կա, և որևէ նման բան չէր կարող և չի կարող լինել: Իրենք այդ խուճապն առաջացնում էին միայն իրենց ասածը հաստատելու համար, բայց նույնիսկ այդ դեպքում չեղավ այն, ինչն իրենք սպասում էին, ինչպես միշտ: 

– Ծառուկյանն ասում է, որ այսօր պետք է ծրագիր, պետք են ներդրումներ, իսկ դրա համար պետք է ավելի լավ պայմաններ առաջարկվեն ներդրողներին, որ մարդիկ գան, էստեղ փող դնեն: Նաև արձանագրել է, որ հնարավոր չէ բարեգործությամբ երկիր պահել:

– Ես ուրախ եմ, որ ինքը գիտի այդ մասին, ու առաջարկում եմ հետևել այն ծրագրերին ու գործողություններին, որոնք իրականացնում է Հայաստանի կառավարությունը: 

– ԲՀԿ-ն խոստանում է բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպել: Դա ձեզ համար մտահոգիչ չէ՞:

– Մենք շատ անհամբեր սպասում ենք ԲՀԿ-ի բազմահազարանոց հանրահավքներին: Իրենք ասում էին, որ մենք արտակարգ դրությունը հայտարարել ենք նրա համար, որ հանրահավաքներ չլինեն:

Հիմա հանրահավաքներ անելու սահմանափակումը վերացել է, և սպասում ենք, տեսնենք՝ ինչ են անում:

Մանե Հարությունյան

MediaLab.am