Հրազդանում օդի փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է. ցեմենտի գործարանը տուգանվել է. FIP.am

Բնապահպան ակտիվիստները օգոստոսի 31-ին ահազանգել էին, որ Հրազդանի ցեմենտի գործարանի գործունեության արդյունքում օդի աղտոտվածությունը բարձրացել է ոչ միայն այդ քաղաքում, այլև առողջարանային քաղաք Ծաղկաձորում:

Մասնավորապես, «Առողջ Հրազդան» և «Քաղաքացու ձայն» բնապահպանական նախաձեռնությունները հայտնել էին, որ  «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի գործունեության վնասակար հետևանքները զգում են ոչ միայն Հրազդանի բնակիչները, այլև հարակից բնակավայրերը՝ Մարմարիկի ձորը և Ծաղկաձորը։ 

«Դեռ մեկուկես տարի առաջ «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել էր «Հրազդան ցեմենտի» ղեկավարությանը և հավաստիացում էր ստացել, որ զտիչները կտեղադրվեն և իրավիճակը կբարելավվի։ Սակայն մինչ օրս խնդիրը չի լուծվել»,- նշում էին ակտիվիստները։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե արդյո՞ք վերջին շրջանում օդում փոշու կոնցենտրացիան Հրազդանում և Ծաղկաձորում աճել է:

Օդի աղտոտվածություն Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ փոշով աղտոտվածություն կարող է առաջանալ ինչպես արդյունաբերական գործընթացների, այնպես էլ տրանսպորտային միջոցների, ճանապարհային փոշու, շինարարության, գյուղատնտեսական և այլ գործողությունների հետևանքով։

Հայաստանում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) համարվում է 0.15 մգ/մ3:

Կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ Հրազդանում վերջին տարիներին օդում փոշու առավելագույն կոնցենտրացիան գրանցվել է 2017 և 2020 թվականներին: ՍԹԿ-ն գերազանցվել է երկու դեպքում էլ: 2017 թվականին օդում փոշու տարեկան միջին կոնցենտրացիան կազմել է 0.1805 մգ/մ3, իսկ 2020 թվականին՝ 0.1738 մգ/մ3:

Ի հակադրություն սրա՝ Ծաղկաձորում փոշու կոնցենտրացիան անհամեմատ ցածր է եղել և չի անցել ՍԹԿ-ն: Այն իր գագաթնակետին է հասել 2019 թվականին՝ կազմելով 0.0484 մգ/մ3: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 14 շարժական պասիվ նմուշառման դիտակետ:

2021 թվականի 8 ամիսների ընթացքում Հրազդանում օդի փոշոտվածությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն հունվար և հուլիս ամիսներին:

Գրաֆիկը՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի

Ըստ մոնիթորինգի կենտրոնի՝ Հրազդան քաղաքում փոշու՝ օգոստոս ամսվա միջին ամսական կոնցենտրացիաները ՍԹԿ-ն գերազանցել են 1.5 անգամ: Համեմատության համար նշենք, որ Երևան և Վանաձոր քաղաքներում աննշան գերազանցում է գրանցվել (համապատասխանաբար 0.1518 մգ/մ3 և 0.1561 մգ/մ3): 

Ծաղկաձոր քաղաքում Մոնիթորինգի կենտրոնի դիտակայանը և դիտակետերը չեն արձանագրել փոշու կոնցենտրացիայի թույլատրելի շեմի գերազանցում: 

FIP.am-ի հետ զրույցում «Առողջ Հրազդան» բնապահպանական նախաձեռնության անդամ Արսեն Արսենյանը հայտնեց, որ թեև Ծաղկաձորում և Մարմարիկի ձորում չափումները արձանագրված չեն եղել Մոնիթորինգի կենտրոնում, բայց այդ օրերին տեսանելի օդի աղտոտվածություն է եղել՝ ըստ քամու ուղղության:

Այսպիսով, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները ապացուցում են, որ ոչ միայն 2021 թվականի օգոստոս ամսին, այլև վերջին տարիներին Հրազդան քաղաքում մթնոլորտային օդի փոշու կոնցենտրացիան պարբերաբար գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Ինչ վերաբերում է Ծաղկաձորին, ապա չնայած բնակիչների վկայություններին, քաղաքում տեղադրված սարքերը չեն ֆիքսել ՍԹԿ-ի գերազանցում:

Ցեմենտի գործարանը տուգանվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից FIP.am-ին հայտնեցին, որ ստացված ահազանգի հիման վրա տեսչական մարմինը ցեմենտի գործարանում իրականացրել է վարչական վարույթ: Արդյունքում հայտնաբերված իրավախախտման համար ընկերության կողմից լիազորված անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Բացի այդ, ընկերությանը ներկայացվել է բնական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ:

Տեսչական մարմնից հայտնեցին նաև, որ այժմ ընկերությունն իրականացնում է փոշեորսման նոր արդիական սարքավորումների վերազինման աշխատանքներ՝ արտանետումների քանակը նվազեցնելու և տեխնիկական վթարները բացառելու համար:

Նշենք, որ Հրազդանի ցեմենտի գործարանը հիմնադրվել է 1970 թվականին:

Գործարանը գտնվում է Հրազդան քաղաքում, զբաղեցնում է 540 հազար քառակուսի մետր տարածք: Այն ունի երկու արտադրական գծեր, որոնց հզորությունը կազմում է 1․2 մլն տոննա ցեմենտ և 1 մլն տոննա կլինկեր մեկ տարվա ընթացքում:

Փոշու ազդեցությունը քաղաքացիների առողջության վրա

Մասնագետները պնդում են, որ օդի աղտոտվածությունը ծանր ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյան մեզ հետ զրույցում նշեց, որ օդի աղտոտվածությունը մարդու առողջության վրա կարող է ազդել ալերգեն հիվանդությունների տեսքով:

«Կախված օդի մեջ առկա մասնիկների տեսակից՝ կարող են առաջանալ նաև այլ հիվանդություններ, ընդհուպ մինչև քաղցկեղ, որովհետև որոշակի քիմիական նյութեր, որոնք մենք կարող ենք շնչել, և շնչառական ուղիների միջոցով ներթափանցել օրգանիզմ, կարող են լինել քաղցկեղածին»,- նշեց Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ ամեն ինչ կախված է օրգանիզմի վիճակից և ուղեկցող հիվանդություններից: «Ընդհանուր քաղաքի փոշին բարձր լինելու դեպքում պետք է հասկանալ՝ որքան ժամանակ է մարդն այդ օդը շնչել, արդյո՞ք առհասարակ այդ օդը շնչել է, թե՞ ոչ»,- ասաց Գրիգորյանը:

Այսպիսով, Հրազդան քաղաքում վերջին տարիներին մթնոլորտային օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա: Քաղաքում գործող ցեմենտի գործարանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կատարած ստուգումներից հետո ընկերությանը ներկայացվել է բնական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ:

Փաստերի ստուգման հարթակ