«Որքա՞ն կարելի է կողոպտել մի բուռ երկիրը եւ դեռ թույլ չտալ, որ կողքինը ապրի». Մարի Ռոզ Աբուսեֆյան

«Որքա՞ն կարելի է կողոպտել մի բուռ երկիրը եւ դեռ թույլ չտալ, որ կողքինը ապրի». Մարի Ռոզ Աբուսեֆյան
«Որքա՞ն կարելի է կողոպտել մի բուռ երկիրը եւ դեռ թույլ չտալ, որ կողքինը ապրի». Մարի Ռոզ Աբուսեֆյան

Ամերիկահայ դերասանուհի, բեմադրիչ , բանաստեղծ եւ հեղինակավոր հրապարակագիր Մարի Ռոզ Աբուսեֆյանի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Այսօր աշխարհի հայության հայացքը կրկին ուղղված է իրենց հայրենի հողին, բոլորիս մտահոգությունը կրկին մեր երկրում իր իրավունքների համար ոտքի կանգնած ժողովուրդի արդար պահանջի իրականացման խաղաղ հաղթանակն է:
Թեեւ մեր հայրենի երկրի իշխողների համար աշխարհով մեկ ցրված հայության պահանջն ու ձայնը միշտ արհամարհվել է ավելի քան իր երկրում ապրող ժողովրդի պահանջը, բայց մեր կառավարությունը թող իմանա, որ մենք` երկրից դուրս ապրող հայերս էլ, մեր ժողովրդի հետ ենք, մեր ձայնն էլ միացնում ենք վերջապես իր լռությունը պատռած մեր հայրենի ժողովրդի ձայնին:

Այսօր ողջ հայությունն է ըմբոստացել հայրենի երկիրը եւ ժողովրդին աստիճանաբար ոչնչացնողների դեմ: Սա ոչ թե մեկ անձի, այլ մի ամբողջ ղեկավարման ձեւի եւ միջոցի դեմ ըմբոստացում է: Ղեկավարման, որի սխալ ու հիվանդագին սկիզբը դրվեց մեր անկախացման օրը եւ որը դեռ շարունակվում է:

Մեր անկախությունից հետո երկրի իշխանությունը ստանձնողներին թվաց, որ հիմնովին ոչնչացրել, անդամալուծել է ժողովրդի համբերության ջիղը եւ նրան հավետ կարող է ընչազուրկ ու ստրուկ պահել:

Նրանք ոչ միայն սխալվել էին ժողովրդի համբերության տարողության իրենց հաշվարկներում, այլ բոլորովին աչքաթող էին արել մեր ժողովրդի իմաստուն համբերության խորությունը, կրկին անգամ հաստատելով, որ առանց ճանաչելու իրենց ժողովրդին, երեք նախագահներն էլ, տեր էին դարձել մի երկրի, որի հանդեպ հասարակ հարգանք ու պարտականություն չէին տածում եւ չարաչար էին վարվում մեր բազմիցս տանջված ժողովրդի հետ:

Մեր երկրի ղեկավարները եւ կառավարության ողջ կազմը այնքան էին տարված իրենք իրենցով, իրենց կողոպուտով, որ չէին նկատում ոչ միայն ժողովրդի օրե օր աճող չքավորությունը, այլ նրա բացահայտ արհամարհանքը իրենց` իշխողների հանդեպ: Բնականաբար այդ արհամարհանքի ողջ պատճառը ի վերջո տեսանելի պիտի դարձներ իրեն հալածողներին, նույն ինքը, լռած ու համակերպված ձեւացող, իր հողի վրա ոտնատակ գնացող ժողովուրդը: Եւ եկավ փետրվարյան այդ օրը, երբ ժողովրդի քսան տարվա կուտակված տառապանքը ձայն դարձրեց մեր հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար, այժմ նախագահության թեկնածու Րաֆֆի Հովհաննեսյանը, որը քսան տարուց ի վեր ականատեսն ու վկան է իր ժողովրդի ու երկրի կողոպտվող վիճակին:

Ժողովուրդն զգաց, որ այդպես թեւաթափ նստելով` կորցնում է ոչ միայն իր արժանապատվությունը որպես մարդ, կորցնում իր իրավունքները որպես երկրի քաղաքացի, այլ կորցնում է իր զավակներին, իր ընտանիքը, իր տունը, իր պապենական հողը, իր ավանդույթները, այդ ամենը ինքնակամորեն հանձնում է պատահական երջանկությամբ գահին հայտնված եւ նրա շուրջը թավալ եկող իշխողների մի հսկա բանակին:

Մեր կառավարությունը երբեւէ մտածե՞լ է, որ առանց ղարաբաղյան շարժման նրանք այսօր ժողովրդին իշխելու իրավունքի տեր չէին լինի: Սովորական, պարզ թիվ կլինեին, հավանաբար` ավելի օգտակար մարդ երկրի համար:

Մտածե՞լ են արդյոք, որ այսօր իրենց դեմ են ելել ոչ միայն տարեցներ, այլ բոլոր նրանք, ովքեր դեռ երեխա, իրենց ծնողների ուսին նստած, 1988 թ. այն ժամանակ դեռ Թատերական կոչվող հրապարակում, մաքրամաքուր ապագայի հույսով, ապշած հետեւում էին հրապարակում բարձրացող բռունցքներին` իրենց մանկական փոքրիկ բռունցքներն էլ միացնելով անկախության ձգտող հոգիներին:

Մեր առաջին նախագահը չխնայեց նույնիսկ այդ փոքրիկ բռունցքների մեջ սեղմված երազներին եւ արագորեն ջարդ ու փշուր արեց այդ փոքրիկ ու մատղաշ մատների մեջ սեղմված հավատը, լույսը եւ մութի, սովի, սառնամանիքի մեջ պահեց նրանց, մի ամբողջ երկիր: Արդարացի հաշվարկ եղե՞լ է, թե քանի երեխաներ, տարեցներ ու միջին տարիքի մարդ կորցրինք այդ տարիներին: Քանի տասնյակներ կուլ գնացին կառավարության մաքրագործումին: Սակայն ժողովուրդը լռելյայն տոկաց բոլոր նվաստացումները` մտածելով, որ պատերազմ ու շրջափակում է, դեռ մինչեւ իսկ օգնեց Սումկայիթի, Պաքվի ջարդերից ու Ղարաբաղից մազապուրծ փրկված իր հայրենակիցներին` իր չունեցածը կիսելով նրանց հետ: Ժողովուրդն այդ ժամանակ հետեւեց իր ներքին իմաստությանը եւ ամեն տեսակի զրկանք գերադասեց երկրի կորստից: Չէ՞ որ հարցը իր երկրի ճակատագրին էր վերաբերվում:

Հետագայում արդարացի եւ անարդարացի ճանապարհով իշխանությանը տիրացածները շարունակեցին ու էլ ավելի զարգացրին մեր անկախության սկզբից որդեգրած` հօգուտ իշխողների սահմանադրությունը. արհամարհել ժողովրդի իրավունքներն ու գոյությունը, դառնալ միահեծան ու ապրել ապագա սերունդների հաշվին:

Այստեղ տեղին է մեր նախագահներին հիշեցնել Նափոլեոնի խոսքերը. «Զինվորին ծեծել` նշանակում է պատվազրկել նրան, իսկ առանց պատվի զինվորը զինվոր չե»: Ես այն ընդհանրացնում եմ ժողովուրդ հասկացողությամբ, քանի որ ժողովուրդն է իր երկրի զինվորը: Իրապես, ինչպե՞ս կարելի էր պատվազրկել անկախացման այդ դժնդակ ճանապարհը անցած մեր ժողովրդին:

Ինչպե՞ս կարելի էր ծնողների ուսերից իրենց երկրի անկախացմանը ականատես ու մասնակից եղող սերնդի երեխաներին, որոնք մեծացան այդ մութ ու ցուրտ տարիներին, ուսում առան իրենց անկախացած երկրում, թողնել անգործ, արհամարհել նրանց մտային հարստությունը, աչք փակել մեծ թվով նրանց արտագաղթին, աչք փակել նույնիսկ այդ նույն սերնդի այլասերմանը, երկրում եւ երկրից դուրս:

Ինչպե՞ս կարողացան ժողովրդի հոգուց քերել ազգային ավանդույթները, ազգային խորը հոգեկան կապերը պատմության, նրա ստեղծած բոլոր հարստությունների հետ, ընթերցասեր ու մշակույթով ապրող մի ողջ սերունդ դարձրին օտարի թափթփուքին գերի: Ինչպե՞ս կարողացան մտավորականությանը դուրս մղել երկրի կառուցումից:

Ինչպե՞ս կարողացան հանգիստ քնել, երբ իրենց ղեկավարած երկիրը դատարկվում է, երբ ընտանիքները իրենց երեխաներին ամենապարզ կեցություն հայթայթելու հնարավորություն չգտնելով` բաժան-բաժան են լինում, տրորվում, ոտնատակ գնում աշխարհի տարբեր ճյուղավորումներում: ել չեմ խոսում չնչին դրամ վաստակելու համար թշնամի թուրքերի գիրկը նետվող օրե օր աճող մեր երիտասարդների թվի մասին:

Միայն կարելի է ապշել, թե ի՞նչ աստիճան բարոյազրկված ու անտարբեր պիտի լինեն ղեկավարները, որ այս 22 տարում անտեսեն երկրում ծայր առած ու ժամ առ ժամ ժողովրդին դեպի քայքայում տանող այս վիճակը:

Լա՛վ, եթե ղեկավարը Երեւանի իր զրահապատ դիրքից, իր «աստվածային» բարձունքից չէր նկատում տանջվող ժողովրդի աղքատացող վիճակը, միթե՞ տարբեր շրջանների մարզպետները չէին զեկուցում իրենց համագյուղացիների ծայր աստիճան ոչ թե աղքատ, այլ թշվառ վիճակը: Այդ ինչպե՞ս է, որ մենք, մի քանի օրով այցելուներս, անմիջապես նկատում ենք այն հսկայական վիհը` հաստատված չքավորների ու հարստությունից տրաքվող մենատերերի մեջ:

Ուրեմն այս վիճակի համար միայն նախագահին չի կարելի է մեղադրել: Մեղադրական աթոռին պիտի նստեն բոլոր իշխանություն ու պաշտոն ունեցողները, մի ամբողջ համակարգ:

Որքա՞ն կարելի է կողոպտել մի բուռ երկիրը եւ դեռ թույլ չտալ, որ կողքինը ապրի:

Որքա՞ն կարելի էր շահագործել ժողովրդի համբերությունը:

Մեր ժողովուրդը միշտ ունեցել է մի գերխնդիր` ապրել ազատ իր սեփական հողում, ընտանիք կազմել, զավակներ մեծացնել, սրբորեն պահպանել ավանդույթն ու լեզուն, մշակել ու հարստացնել իր հողը:

Ո՛չ խաները, ո՛չ սուլթանները, ցարերն ու համայնավարները չեն կարողացել կոտրել նրանց մեջ այս ամրակուռ ջիղը: Կոտորվելով, լլկվելով ապրել, պահել են իրենց հողն ու ընտանիքը: Բայց ահա, առանց սուլթանների ու ցարերի, ժողովուրդը դարերով պահած իր գերխնդիրը թաղած` անկախացած իր կառավարության անկշտում ախորժակում փախչում է իր երկրից, մասնատում իր ընտանիքը, ոտնատակ տալիս ավանդույթ ու լեզու:

Այսօր ժողովուրդը օգտագործելով խեղաթյուրված քվեարկությունը` կրկին հրապարակում է, այս անգամ էլ` «Բարեւի հեղափոխություն» կարգախոսով:

Թեեւ մեր նախկին պատմական փորձառությունից դաս առած պիտի լինեինք, որ այդ «հեղափոխություն» անվանարկումը այնքան էլ բարեբեր չէ ոչ մեկի եւ հատկապես մեզ համար, վկան` մեր պատմությունը եւ նաեւ վերջին` Լեւոն Տեր Պետրոսյանի «երգի-պարի ողորմելի հեղափոխությունը», որն ավարտվեց մարտյան ողբերգությամբ:

Ճիշդ է, մենք ուրախանում, ողջունում ենք մեր ժողովրդի արթնացումը եւ միեւնույն ժամանակ չենք կարող չմտածել այդ արթնացման ծանր հետեւանքների մասին, որոնք մեր ժողովրդին ոչ թե կ՛ազատեն, այլ կմխրճեն մեկ այլ ավելի ծանր վիճակի մեջ:

Բոլորս ականատես ենք, որ ժողովուրդը հստակ պահանջներով` իր իրավունքների հարգմամբ, իր տնտեսական վիճակը թեթեւացնելու, համատարած գործազրկության վերացման ուղիներ մշակելու, օրենքները հստակեցնելու եւ խստորեն ու ճշդությամբ այն իրագործելու միջոցների գործադրման առաջարկ-լուծումով չի ելել ոտքի:

Մեզ հայտնի է, որ այս ամենը կուտակած իր ներսում` բռնկում է դարձել ու ոտքի հանել նրանց իրենց ընտրած թեկնածուին` Րաֆֆի Հովհաննեսյանին տված իրենց ձայնը պաշտպանելու համար:

Եթե ժողովուրդը չունի տնտեսական ազատություն, եթե երկիրը մասնատված է մի քանի տասնյակ հափշտակիչների մեջ, միակ ելքը այդ կողոպտիչներից ազատվելն է:

Բայց ամենից առաջ ժողովուրդը իր այս բոլոր պահանջներին գոհացում տվող արդեն պատրաստի մարդուժ պիտի ունենար: Դա հենց այնպես, միանգամից չի լուծվում: Դրա համար պետք է պատրաստվել, որոշակի լուծում ունենալ ոտից-գլուխ փոխելու մեր գործադիր, օրենսդիր եւ արդարադատության համակարգը: Պիտի քանդել, վերացնել մի հսկայական շղթայական կապ, իրար սոսնձված մի ամրություն: Չմոռանանք, որ պաշտոնն ու դիրքը չարաշահելը ախտ է, որով վարակված 22 տարի այդ մթնոլորտում ձեւավորված մի հոծ բազմություն է գոյացել, որն առողջ թեկնածուներ գտնելու գործն է դժվարացրել:

Այս ամենը ժողովուրդին փոխանցող, նրան նախապատրաստող աշխատանքը չի տարված: Միայն ժողովրդի զարթոնքի եւ ոգեւորության վրա հիմնվելը չի կարող երկրի ներսում արդեն քարացած դարձած իրավիճակները փոխել:

Մենք պատմությունից արդեն դաս առած պիտի լինեինք, որ հրապարակներում որոշում չի առնվում: Հրապարակներում հայտարարվում են որոշումները:

Որքան էլ այս շարժման հետ եմ, որքան էլ տարիներ շարունակ անվերջ իմ ներկայացումներից առաջ միշտ մեր ղեկավար համակարգի արատների մասին եմ խոսում, գրում եմ մեր երկրում տիրող անարդարությունների անընդունելի վիճակի մասին, յուրաքանչյուր անգամ տեսնում ժողովրդի աստիճանական պրկումը, դարձյալ այս օրերին ծայր առած բռնկումը ավելի մտահոգություն է առաջացնում իմ մեջ, քան` հուսադրում:

Այս օրը ի վերջո պիտի գար, դա զգալի էր, բայց ոչ մեկիս գաղտնիք չէ նաեւ, որ մեր տարածաշրջանը վտանգներով ու ահավոր դյուրաբեկ վիճակում է: Վկան Միջին Արեւելքի այսօրվա ողբերգական վիճակը: Իրանի հանդեպ Արեւմուտքի թշնամանք հրահրող արշավը:

Ոչ մեկիս գաղտնիք չէ, որ մենք հայտնվել ենք արեւմտյան եւ արեւելյան երկու հզոր պետությունների շահերի բախման կետում, նրանց պայքարի անմիջական կենտրոնում եւ գիտենք, թե ի՛նչ է սպասվում մեզ, եթե որեւէ սխալ քայլ անենք:

Բոլորովին զարմանալի չէ, որ թուրքերը եւ աշխարհը լուռ են մեր երկրում բարձրացող այս շարժման հանդեպ: Այդ ինչպե՞ս է, որ ամենափոքր երեւույթ անմիջապես դառնում էր մեր թշնամուն եւ աշխարհին հուզող հարց, բայց հիմա այս բացահայտ շարժման հանդեպ անտեսվող լռություն է: Հետեւությունը պարզ է` յուրաքանչյուրն սպասում է, թե ո՞ր թեւը կհաղթի:

Ուզում եմ այստեղ հիշեցնել Պենճըմին Ֆրանքլինի` երկրի խաղաղությունը իմաստավորող մի ձեւակերպում. «Կայսրությունը նման է կարկանդակի, հեշտորեն ուտվում է եզրերից»: Իսկ մեր եզրերը, այսինքն մեր սահմանները` Արցախի, Մեղրիի, Հայաստանի, ավելի քան երբեւէ վտանգված են այսօր:

Թուրքերն ու ազերիները անհամբեր սպասում են հարմար առիթի` իրենց երազածը ստանալու, եւ այս խառնակությունը հեշտորեն կարող է դռներ բանալ նրանց հույսերի համար:

Ոչ միայն ոգեւորված միանանք այս պոռթկումին, այլ միաժամանակ սթափ մտածենք` ի՞նչ ճանապարհով, ի՞նչ միջոցներով մեր ժողովրդին օգնենք իր պահանջներին ավելի հեշտորեն հասնելուն:

Մտածենք` ի՞նչ ճանապարհով օգնենք մեր ժողովրդի այս արթնացումը ճիշդ հիմքերի վրա դնել, որ կրքերի բռնկումով չառաջնորդվենք եւ հին սխալը չկրկնենք:

Ամենից առաջ, նույնիսկ կեցությունից էլ վեր պիտի մտածենք մեր երկրի եւ հատկապես Արցախի խաղաղության եւ մեր երկրի ամբողջականության մասին:

Հիշենք, որ թշնամին անհամբեր սպասում է մեր սայթաքումին, որ Արցախի հետ կապված իր հարցերը վերջնականապես լուծի:

Կասկածից վեր է, որ սրբագրելու ենք մեր գործած սխալները, 22 տարիներ լռությամբ հանդուրժելով տզրուկային քաղաքականությամբ ուռճացած մեր կառավարության համակարգին:

Կասկածից վեր է, որ մեզ անհրաժեշտ է պետական մի նոր համակարգ, երկրի ու ժողովրդի շահերն ու իրավունքները հարգող ու պաշտպանող, բայց դա արվելու է մտածված ու ծրագրված, առանց հույզերի ու փոթորկումների, առանց օտար ուժերի հրահրմամբ, միայն ու միայն մեր երկրի շահերից ելնելով, միայն ու միայն լուրջ ծրագրումով:

Ողջ հայությունը մեր ժողովրդի հետ է, բայց` զգոն լինելու հրամայականով…»

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԵՖՅԱՆ

Սան Ֆրանցիսկո

© Medialab.am