Երեքը՝ մեկում. Երբ պատգամավորի օգնականը և՛ նույն այդ պատգամավորի ամուսինն է, և՛ անձնական վարորդը, և՛ Գյումրու անտառապետը

Լուսանկարում Պալյանն՝ ամուսնու հետ (Facebook)

Հասարակությունը սիրում է սենսացիաներ, և վերջին սենսացիան ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանի հարցազրույցն է, որում պատգամավորն իր ամուսնուն օգնական նշանակելը հիմնավորում է այն փաստով, որ վերջինս դրսում չսպասի, այլ ներս մտնի ԱԺ շենք և սպասի իր աշխատասենյակում: 

«Իմ ամուսինը Ազգային ժողովից գումար չի ստանում, իմ ամուսինը Ազգային ժողովում գրանցված է որպես հասարակական հիմունքներով օգնական, իմ օգնական, դա որևէ դրամ չի վարձատրվում, անգամ դա աշխատանքային ստաժ չի համարվում»,- news.am-ին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:

Իսկ թե ինչու է նա ամուսնուն հասարակական հիմունքներով օգնական նշանակել, պատգամավորը մանրամասնել է.

«Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր լինելով՝ հաճախ եմ լինում Շիրակի մարզում և Գյումրիում, և երբ տեղափոխվում եմ Երևան, իմ ամուսինն է ինձ բերում Ազգային ժողով։ Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա ուղղակի իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք և իմ աշխատասենյակում սպասել, մինչև ես աշխատանքս ավարտեմ, և վերադառնանք մարզ կամ մեր այլ գործի։ Դա էլ ոչ շատ հաճախ է լինում, ուղղակի դա է նպատակը»։

Հասարակությունն իհարկե հավուր պատշաճի Էմմա Պալյանի բմբուլները քամուն տվեց, բայց այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ նույն այդ պատգամավորը չգիտի, որ պատգամավորի օգնականը, անկախ նրանից՝ հասարակական հիմունքներո՞վ է, թե՞ ոչ, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի ունի հստակ պարտականություններ, որոնք են՝ պատգամավորի հանձնարարությամբ ԱԺ քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի նախապատրաստում, վերլուծություններ, հանձնաժողովների նիստերի ու խորհրդարանական լսումների մասնակցություն և այլն: 

1. Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով: Վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը սահմանվում է Աշխատակազմի հաստիքացուցակով, աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան պատգամավորի ներկայացմամբ: 

1.1. Իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական և կապի միջոցներից:

2. Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝ ա) նախապատրաստում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը. բ) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր. գ) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը. դ) վարում է գործավարությունը: 

3. Պատգամավորի հանձնարարությամբ նրա օգնականներից մեկը կարող է ներկա գտնվել հանձնաժողովների նիստերին և խորհրդարանական լսումներին:

Էմմա Պալյանը իսկապես ազնիվ է իր հարցազրույցում և չի հասկանում՝ ինչո՛ւ է հասարակությունը վրդովվում, որ իր ամուսինը ուղղակի մտնում է ԱԺ շենք, քանի որ նույնիսկ ինքը, լինելով պատգամավոր և նախկինում էլ՝ պատգամավորի օգնական, չի պատկերացնում, որ կան օրենքով սահմանված գործառույթներ: 

Էմմա Պալյանը հայտնի էր նրանով, որ ամիսներ առաջ Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին խորհուրդ էր տվել՝ հաճախ մոմ վառել և Աստծուց ներողություն խնդրել: 

Նման պատմությունները միակը չեն ՔՊ խմբակցությունում. հիշեցնենք, որ մամուլի տարբեր հրապարակումների համաձայն, ՔՊ-ական կարկառուն պատգամավորներից մեկը՝ Հասմիկ Հակոբյանը, լինելով պատգամավորի օգնական և ապա դառնալով պատգամավոր, իր հորը, քրոջ ամուսնուն նույնպես տեղավորել էր աշխատանքի ԱԺ-ում:

Հավելենք, որ պատգամավորի օգնական ամուսինը՝ Ալբերտ Մովսիսյանը, ըստ մամուլի հրապարակումների, բոլորովին վերջերս աշխատանքի է անցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ որպես անտառապետ:

Իսկ թե ինչպես է պետական հիմնարկում աշխատող Մովսիսյանը աշխատանքային օրերին և ժամերին կնոջը որպես հասարակական հիմունքներով գրանցված օգնական ուղեկցում և ժամերով սպասում նրան, բացակայում աշխատանքից, արդեն այլ մոմավառության թեմա է: 

Մարի Ներսեսյան

MediaLab.am