ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշտոնական այցի, հաջողված փոխգործակցության և Հայաստան-Չեխիա, Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների մասին:

«Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակության, ինչպես նաև իմ անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետություն մեր պաշտոնական այցի ընթացքում ջերմ ընդունելության համար: Մեր փոխադարձ քննարկումները շատ ոգեշնչող էին ինձ համար, և ես խորապես հավատում եմ, որ դա մեր ավելի սերտ համագործակցության միայն սկիզբն է:

Ի նշան մեր աջակցության Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ձեր հավակնություններին` խնդրում եմ ընդունել նամակին կից եվրոպական դրոշը:

Ընդունե՛ք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասվում է նամակում:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին Հայաստանի և Չեխիայի միջև դինամիկ զարգացող հարաբերությունների և արգասաբեր այցի համար Հայաստան:

«Հայաստանը բարձր է գնահատում Մարկետա Պեկարովա Ադամովայի այցը և Չեխիայի անվերապահ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստան-Չեխիա և Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման գործում: Հայաստանը պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերություններն այնքան, որքան դա թույլ կտա եվրոպական կողմը: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք արգասաբեր փոխգործակցության համար»,- ասել է խորհրդարանի նախագահը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի և այլ թեմաների շուրջ: