«Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել՝ ինչ ճակատագրական սխալներ է գործել մինչև պատերազմը. նա տապալել է արժանապատիվ խաղաղության օրակարգը». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, երեկ ու այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արված ելույթների հիմնական ասելիքը ո՞րն էր։

– Ակնհայտ էր, ու ես մի քանի անգամ ձեզ տված հարցազրույցներում ասել եմ, որ ի վերջո խաղաղության կամ պատերազմի երկընտրանքը սրվելու է, ու իշխանությունը ուզի-չուզի որոշակիացնելու է իր դիրքորոշումը։

Երեկ ու այսօր իշխանությունն ազդարարեց, որ Արցախի անկախության ճանաչման հարցն այլևս օրակարգում չէ, առաջին պլան է գալիս անվտանգության խնդիրը, իսկ սա, համենայնդեպս ինձ համար, կանխատեսելի էր, որովհետև այսօր անիրատեսական օրակարգի որդեգրումը բերելու էր անխուսափելի նոր էսկալացիայի կամ պատերազմի, ինչը հղի էր լինելու ավելի ծանր հետևանքներով։

Բայց իշխանության ասելիքն ակնհայտորեն թերի է․ այո՛, ես կողմ եմ խաղաղության օրակարգին, բայց այդ գործընթացը ոչ թե պետք է լինի միակողմանի նախաձեռնություններով, այսինքն՝ տեղյակ լինենք միայն Ադրբեջանի ցանկություններից, այլ պաշտոնական Երևանից ևս պետք է տեսնենք նախաձեռնողական քաղաքականություն, որ հասկանանք նաև մեր օրակարգը։

Կողմերից միայն մեկի նախաձեռնություններով տեղի են ունենում միակողմանի զիջումներ, ոչ թե խաղաղության գործընթաց։ Մենք գիտենք ադրբեջանական հինգ կետից բաղկացած առաջարկության մասին, բայց չգիտենք Հայաստանի պահանջները որո՛նք են։

– Արցախի Հանրապետությունը համակարծիք չէ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը։ Նշաձողի իջեցումն ի՞նչ է ենթադրում, և հայկական երկու պետությունների տարակարծությունն այս հարցի վերաբերյալ ինչի՞ կհանգեցնի։

– Այդ հայտարարությունը նշանակում է, որ կարգավիճակի հարցում չենք կարող հետամուտ լինել Արցախի անկախության ճանաչմանը, միանշանակ սա նկատի ունի, մանավանդ որ, դա փոխլրացվում է այն մյուս արտահայտությամբ, որ կարգավիճակը միջոց է, այլ ոչ թե նպատակ։

Նիկոլ Փաշինյանի ելույթներից տպավորություն ստացանք, որ նույնիսկ Հայաստանն օրակարգ չունի և, ըստ էության, խաղաղության գործընթացում որոշիչ դերակատարություն չունի, էլ ուր մնաց ինչ-որ մեկին հետաքրքրի Արցախի կարծիքը։

Փաշինյանի «փայլուն» քաղաքականության հետևանքով Արցախն ընդհանրապես զրկվել է սուբյեկտայնությունից, իսկ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվել է։ Իհարկե, Արցախի իշխանության, մեր հայրենակիցների մտահոգությունները լեգիտիմ եմ համարում, ու նրանց պնդումները արդար են, բայց քաղաքական տեսանկյունից, եկեք ռեալ լինենք ու ճիշտ հասկանանք, միջազգային հանրությունը, միջնորդներն առանձնապես հետաքրքրված չեն, թե ինչ են մտածում Ստեփանակերտում։

Այլ հարց է, որ պաշտոնական Երևանը պետք է ձգտի, անկախ հանգամանքից, թե ինչպիսի կարգավիճակ կամրագրվի Արցախի համար, որ երաշխավորված լինեն Արցախի ժողովրդի անվտանգությունն ու Արցախի հայկականությունը. սա այն կարմիր գիծն է, որից Երևանը նահանջելու իրավունք չունի։

– «Հայաստանը ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք…»՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից է մեջբերումը։ Այսօրվա իրավիճակում այս քաղաքականությամբ գործող իշխանությանը կհաջողվի՞ այս իրավունքը վերադարձնել, պարո՛ն Սուրենյանց։

– Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել՝ ի՛նչ ճակատագրական սխալներ է արել մինչև պատերազմը։ Ես միշտ ասել եմ, որ նրան մեղադրում եմ ոչ թե պատերազմում կրած պարտության համար, այլ որ մինչև պատերազմը տապալեց արժանապատիվ խաղաղության օրակարգը։ Չգիտեմ՝ ում վրա էր մուննաթ գալիս, որովհետև նաև իր քաղաքականության հետևանքով է Հայաստանը զրկվել քաղաքական խոսք ասելու հնարավորությունից։

Չգիտեմ՝ Փաշինյանն իր իշխանության պահպանո՞ւմն է հրամայական համարում, թե՞ իսկապես հետամուտ է խաղաղության օրակարգին: Եթե իսկապես հետևություններ է արել, ապա պարտավոր է խաղաղության օրակարգի շուրջ ձևավորել հասարակական-քաղաքական կոնսոլիդացիա, փոխել իշխանության որակը, որովհետև այս որակի իշխանությամբ մենք նման բարդ խնդիր լուծել չենք կարող։

Բնականաբար, օբյեկտիվ է Փաշինյանի այն թեզը, որ խաղաղության այլընտրանք չի տեսնում, բայց որպեսզի համոզված լինենք, որ նա իսկապես գնում է այդ օրակարգի սպասարկմանը, պետք է տեսնենք իշխանության որակի փոփոխություն ու բովանդակային հայտարարություններ, ինչն առայժմ ես չեմ տեսնում։

– Ստեղծված իրավիճակում խորհրդարանական ընդդիմության գործելակերպը հասկանալի՞ է ձեզ համար։

– Իհարկե ո՛չ։ Նրանք իրենց դրել են լուսանցքում՝ քաղաքական բովանդակության առումով նկատի ունեմ։ Պսևդոհայրենասիրական կարգախոսներով, դրոշներ տնկելով կամ այրելով, մասնակցային դեմոկրատիան մերժելով, անհասկանալի բոյկոտներով ոչ միայն հնարավոր չէ օրակարգ ձևակերպել, այլև ընդհանրապես զրոյանում է այլընտրանքային բովանդակություն ձևավորելու բոլոր նախադրյալները։ 30 տարվա ընթացքում երբեք չենք ունեցել նման ապաշնորհ իշխանություն և նման անբովանդակ խորհրդարանական ընդդիմություն։

– Պարո՛ն Սուրենյանց, եթե շատ հակիրճ ներկայացնեք՝ ի՞նչ իրավիճակում են հայտնվել այժմ Արցախն ու Հայաստանը ու ի՞նչ խնդիր պետք է լուծեն։

– Հայաստանը գտնվում է ինքնիշխանության դեֆոլտի, Արցախը՝ սուբյեկտությունը կորցնելու շեմին, հետևաբար, առավելագույն դիվանագիտական ջանքեր է պետք գործադրել, որպեսզի մեր պետականության գահավիժումը կասեցվի։ Խաղաղության գործընթացն այդպիսի շանս է, բայց այդ գործընթացը նման ապաշնորհ իշխանությամբ շատ բարդ է լինելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am