Գյումրիում վերակառուցվում է վթարային վիճակում գտնվող «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի շենքը

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով սկսվել են  «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ: 

Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզը ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումը իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով: Տաք ջրամատակարարման համար կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ։

Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար դրամ, մյուս մասը համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներն են: