Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարըն Դոնֆրիդի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, գրում է Factor.am-ը։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման բանակցությունների ներկա վիճակի շուրջ։ Դոնֆրիդը Ադրբեջանի կողմից 10 հայ զինծառայող գերիների փոխանցումը Հայաստանին, ինչպես նաև Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը բնութագրել է որպես հարաբերությունների կարգավորման դրական ուղերձ»,- ասվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։