Պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո անձը չի կարող պահվել անազատության մեջ. ՍԴ որոշումը

Սահմանադրական դատարանը այսօր հրապարակել է ԱԺ ընդդիմադիր պաատգամավորների դիմումի հիման վրա կայացված որոշումը: Հիշեցնենք՝ պատգամավորները Բարձր դատարան էին դիմել՝ պահանջելով Սահմանադրությանը հակասող ճանաչել ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը: Ընդդիմադիր պատգամավորները այսպիսով համոզված էին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ապօրինի են կալանավորվել:

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող չի ճանաչել նշված օրենքների դրույթները, բայց իր մեկնաբանությունն է ներկայացրել, որի համաձայն, պատգամավոր դառնալուց հետո պատգամավորը չի կարող պահվել անազատության մեջ:

Ներկայացնում են ՍԴ որոշման եզրափակիչ հատվածը.

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ՝ ա) քննիչի, դատախազի, դատարանի` վարույթի կասեցման հայեցողական լիազորությունից չի բխում քրեական հետապնդման անձեռնմխելիությամբ պատգամավորին տրվող պաշտպանության հաղթահարման հարցով Ազգային ժողովին դիմելու իրավասու մարմնի՝ գլխավոր դատախազի հայեցողական լիազորությունը,

բ) պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը հաղթահարված չլինելու պարագայում քրեական վարույթը չկասեցնելը որևէ կերպ չի նշանակում (ենթադրում) վարույթն իրականացնող մարմնի լիազորություն՝ կատարելու գործողություններ (կայացնելու որոշումներ), որոնք ուղղակիորեն ներազդում են պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանության վրա,

գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։

Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

 2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Այս որոշման կապակցությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հենց նոր հրապարակվեց ՍԴ որոշումը մեր դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Մեր գործընկերներներին ԽԱՅՏԱՌԱԿ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն»:

Նշենք, որ այժմ անազատության մեջ են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և Արմեն Չարչյանը: