Ապրում ենք իրականության մեջ, երբ բոլոր հարցերը որոշում է Փաշինյանը, բայց գործող Սահմանադրությունը լրիվ այլ բան է սահմանում. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, Հայաստանում այսօր նշվում է Սահմանադրության օրը։ Հայաստանի Հանրապետությունն իր անկախ գոյության ընթացքում որքանո՞վ է եղել սահմանադրական պետություն ու որքանո՞վ է գործել Սահմանադրության ոգուն ու տառին համաձայն։

– Շատ կարևոր հարցի մասին եք բարձրաձայնում, ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ Հայաստանի անկախության ողջ պատմության ընթացքում մեր երկիրն այդպես էլ չդարձավ սահմանադրական երկիր, չհաստատվեց սահմանադրական գերակայությունը, մեր երկրում սահմանադրական գաղափարաբանությունը չդարձավ հասարակական հարաբերությունների կարգավորման շարժիչ ուժը։ Ցավոք սրտի, ամեն իշխանություն իր պատկերացումներին ու քիմքին հաճո ընկալում դրսևորեց թե՛ Սահմանադրության հանդեպ, թե՛ Սահմանադրության ընդունման գործընթացում։

Ի վերջո, մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ նախորդ տարիների ընթացքում՝ սահմանադրական փոփոխությունների հատվածում, ըստ էության, Սահմանադրությունը չդարձավ մեր երկրի զարգացման ուղենիշը, որովհետև, խորապես համոզված եմ, որ Սահմանադրությունը այն կարևորագույն փաստաթուղթն է, որի վրա հենված են պետությունը, հասարակությունը, այս առումով, մենք լրջագույն խնդիր ունենք։ Ցավոք սրտի, հուլիսի 5-ն էլ՝ որպես Սահմանադրության օր, չի ընկալվում մեր հասարակական ենթագիտակցության մեջ՝ որպես տոն, հասարակությունը ճիշտ չի գնահատում այս օրվա արժեքը։

 – Իսկ տարբեր ժամանակների ՀՀ իշխանություններն ի՞նչ քայլեր են արել, որ այս օրվա ընկալումը հասարակության կողմից ճիշտ լինի։

– Չեն արել, ընդհակառակը՝ չեն առաջնորդվել սահմանադրական իրավակարգավորումներով, չեն առաջնորդվել ՀՀ Սահմանադրության առաջին ու երկրորդ անփոփոխելի հոդվածներով, որոնք չափից դուրս կարևոր են։ Առաջին հոդվածն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ երկրորդ հոդվածը, ըստ էության, հանրագումարի է բերում մեր պետականության, ժողովրդի, պետականաշինության  նկատմամբ մեր հավաքական արժեքային համակարգը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների ու հանրաքվեների միջոցով։

Ցավոք սրտի, մենք այդպիսի ավանդույթներ չենք արմատավորել մեր ժողովրդի հանրային վարքագծում, մեզ ծանոթ չէ անշրջելի ժողովրդավարական ինստիտուտների միջոցով իշխանափոխության գործընթաց։ 2018-ին ու 2021-ին մեր երկրում տեղի են ունեցել գործընթացներ, բայց եկեք ընդունենք, որ գործող իշխանությունը դեռևս օրինական ընտրությունների միջոցով չի պարտվել ու էստաֆետը չի հանձնել իրեն հաղթած քաղաքական ուժին, այսինքն՝ մենք դասական առումով դեռևս չենք համտեսել իրական ժողովրդավարության համը։

2018-ի ապրիլյան իրադարձությունները բոլորովին այլ էին․ Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրեցին նախորդ իշխանության ներկայացուցիչները, այսինքն՝ փաստացի ընդդիմությունը չառաջադրեց ու վարչապետ չընտրեց Նիկոլ Փաշինյանին, իսկ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Փաշինյանն արդեն իշխանություն էր։

Այստեղ է, որ Սահմանադրությունը չի գործում, խորապես համոզված եմ, որ մեր Սահմանադրությունը ֆեյք Սահմանադրություն է, որովհետև Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը պատուհաս է մեզ համար։ Այս Սահմանադրությամբ չեն կարգավորվում պետական ինստիտուտների բնականոն գործառույթները, որովհետև դուք չեք կարող ինձ հավաստիացնել, որ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր հաշվետու է օրենսդիր իշխանությանը, այսինքն՝ գործ ունենք, ֆորմալ առումով, խեղված սահմանադրաիրավական ընկալումների հետ։  Գործադիր իշխանությունը պետք է հաշվետու լինի օրենսդիր իշխանությանը, իսկ մենք դա չունենք այսօր, ինչը նշանակում է, որ ձևավորված է կեղծ կառավարման համակարգ։

 – Պարո՛ն Նորիկյան, գործող իշխանության կողմից ամենահաճախ խախտվող սահմանադրական նորմը կամ նորմերը որո՞նք են։

– Մեկ դրույթ չէի առանձնացնի․ մարդու իրավունքներին վերաբերող ամբողջ գլխի հետ կապված խնդիրներ կան միանշանակ, դատական համակարգի հետ կապված՝ ևս, ամենակարևորը՝ սահմանադրականության գաղափարախոսությունն է խեղված։

Այսօրվա հանրային ենթագիտակցության մեջ Նիկոլ Փաշինյանը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, դիտարկվում է որպես պետության ղեկավար, բայց գործող Սահմանադրությամբ երկրի վարչապետը լավագույն ցանկության դեպքում էլ չի կարող համարվել պետության թիվ մեկ ղեկավար, քանի որ գործող Սահմանադրությամբ՝ պետության գլուխը Հանրապետության նախագահն է, գործադիր իշխանության ղեկավարը հաշվետու  է երկրի օրենսդիր իշխանությանը։

Մենք հիմա ապրում ենք այլ իրականության մեջ, երբ բոլոր հարցերը որոշում է Նիկոլ Փաշինյանը, բայց գործող Սահմանադրությունը լրիվ այլ բան է սահմանում։ Ստեղծվել է իրավիճակ, երբ գործող վարչապետը, ընդ որում՝ անկախ անձից, իր ձեռքին է կենտրոնացրել երկրի կառավարման բոլոր լծակները, ինչը գործող Սահմանադրությունը չի ենթադրում։

– Այսինքն՝ հիմա ապրում ենք հակասահմանադրական օրենքներո՞վ։

– Այո՛, կեղծ սահմանադրական կարգ է հաստատված Հայաստանում, որի դրույթները թեև ձևականորեն պահպանվում են, բայց բուն բովանդակությամբ՝ ոչ։ Այս խորհրդարանում կգտնե՞ք մեկին, որը ցանկացած պահի անվստահություն կհայտնի վարչապետին ու կասի՝ պարո՛ն վարչապետ, դուք լավ չեք աշխատում, գնացե՛ք ձեր տուն, մեծամասնությունն առաջադրում է վարչապետի այլ թեկնածուի։ Կամ՝ պետության գլուխ հանդիսացող նախագահը, իր սահմանադրական կարգավիճակից ելնելով, արբիտրի դերակատարություն ունենա։ Նա հայտնվել է խաղից դուրս վիճակում ու որևէ դերակատարություն, նույնիսկ արարողակարգային տեսանկյունից, չունի, ինչը ևս մեկ անգամ հավաստում է, որ գործ ունենք կեղծ սահմանադրական կարգերի հետ։

Այո՛, Սահմանադրությամբ ամրագրված է դատական իշխանության անկախությունը, ԲԴԽ-ի բացառիկ սահմանադրական առաքելությունը, առանձին գլխով ամրագրված են դատախազության գործառույթները, բայց գլխավոր դատախազը հրապարակայնորեն հայտարարում է, որ զեկուցում է երկրի վարչապետին, այն դեպքում, երբ ոչ միայն դրա իրավունքը չունի, այլ նաև որևէ ենթակայություն չունի երկրի վարչապետի նկատմամբ, ճիշտ հակառակը՝ գլխավոր դատախազն այն սուբյեկտն է, որ ցանկացած պահի կարող  է քրեական հետապնդում հարուցել երկրի վարչապետի, նախագահի ու ցանկացած անձի նկատմամբ։

Այս իրավիճակում մենք ինչպե՞ս կարող ենք արձանագրել, որ ապրում ենք սահմանադրական գաղափարաբանության միջավայրում: Ես պնդում եմ, որ սա կեղծ Սահմանադրություն է, որը փաթաթվեց մեր վզին նախկին իշխանությունների կողմից, իսկ գործողն էլ փայլուն կերպով իրացնում է այն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am