Լյուքսեմբուրգի համայնքը աջակցում է VIVA բարեգործական հիմնադրամին. 11․500 եվրո է հատկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Լյուքսեմբուրգի Բեթեմբուրգ համայնքը հայտարարել է նախաձեռնության իրականացման մասին, որի նպատակն է օգնել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Համայնքի յուրաքանչյուր բնակիչ նվիրաբերել է 1 եվրո, որի արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 11500 եվրո։

Տեղահանվածներին օգնություն տրամադրող VIVA բարեգործական հիմնադրամը նոյեմբերի 1-ին հայտարարել է արցախցի հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ օգնության 5 ծրագրերի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, նախաձեռնությունը կյանքի է կոչվել նաև Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի կատարած աշխատանքների շնորհիվ, ով դիմել է մի շարք համայնքների և մասնավոր կազմակերպությունների՝ ոչ միայն տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու կոչով, այլև՝ տարածաշրջանում կատարված հումանիտար աղետի մասին տեղեկացնելու նպատակով։ Նրա կոչին արձագանքել է Բեթեմբուրգի համայնքն՝ իր ծրագրով և քաղաքապետ Լորան Զեյմետը՝ իր ակտիվ մասնակցությամբ՝ քաղաքապետարանի անդամներ Գուստի Գրասի և Ռոբի Բիսերի հետ միասին։ Հավաքված գումարը փոխանցվել է VIVA բարեգործական հիմնադրամին։

Միջոցները կուղղվեն «Մայրություն և մանկություն» ծրագրի իրականացմանը, որն արդեն հիմնադրամի հովանավորությամբ, բժշկական և սոցիալական աջակցություն է ապահովում ԼՂ-ի 320 խնամակալության տակ գտնվող հղիների: 

Հիմնադրամի համահիմնադիր և ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը վստահեցնում է, որ նման նախաձեռնությունը կդառնա օրինակ, թե ինչպես յուրաքանչյուր մարդու կողմից արված փոքր ներդրումը կարող է էական, դրական փոփոխությունների բերել կարիքավորների կյանքում. «Նմանատիպ բարի քայլերը օրինակ են, որ օգնությունը Հայաստանին կրում է միջազգային արձագանք: Ի վերջո, հայտնի է, որ «մարդկանց պետք են մարդիկ!»։ Մենք հավատում ենք՝ մարդկանց հոգատարությունը վստահեցնում է, որ ընդհանուր ջանքերով մենք կարող ենք փոխել աշխարհը՝ ստեղծելով աշխարհ սահմաններից և քաղաքականությունից դուրս»,- ասել է նա: