Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի խոշոր վթարից տուժած 14 անձից 6-ը շարունակում է բուժումը. հարուցվել է վարույթ

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձանցից 6-ը շարունակում է բուժում ստանալ․ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հուլիսի 25-ին, ժամը 14․50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ հատվածում, «Նոյ Լենդ» հանգստյան գոտու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար երեք ավտոմեքենաների մասնակցությամբ։ Իրար են բախվել Երևան քաղաքի բնակչի կողմից վարած «Lexus GX» մակնիշի, Սևան քաղաքի բնակչի կողմից վարած «Գազ-32213» մակնիշի և Վարդենիս քաղաքի բնակչի կողմից վարած՝ «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները։ Վերջին երկու ավտոմեքենաներն իրականացնում էին ուղևորափոխադրումներ։

Վթարի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներով «Սևան» և «Գավառ» բժշկական կենտրոններ են տեղափոխվել «Լեքսուս»-ի և «Գազել»-ի վարորդները, ինչպես նաև ուղևորափոխադրումներ իրականացնող «GAZ-32213» և «Mersedes» մակնիշի ավտոմեքենաների 14 ուղևորները։ Վնասվածքներ ստացած անձանցից 10-ն արդեն դուրս են գրվել բուժհաստատություններից, 6-ը շարունակում են ստանալ ստացիոնար բուժում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակներում կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ։

Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ դեպքի հանգամանքները, վթարի առաջացման պատճառները, դրան նպաստած պայմանները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։