Բրիտանիան, ըստ էության, տապալել է ՄԱԿ-ի՝ Արցախի վերաբերյալ բանաձևը, որովհետև թուրք-ադրբեջանական կապերը բացառիկ են. Միջազգայնագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Օրերս Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը սենսացիոն հայտարարություն արեց՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Արցախի վերաբերյալ փաստաթղթի ընդունումը տապալել է ԱԽ մշտական 5 անդամ պետություններից մեկը՝ չնշելով երկրի անունը: Շատերը նշում են, որ խոսքը Մեծ Բրիտանիայի մասին է: Ինչպե՞ս եք գնահատում սա: 

– Նախ սկսենք նրանից, որ ԱԳ փոխնախարարի հայտարարությունից հետո միայն իմացանք, որ խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական հինգ անդամներից մեկի մասին է: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան և Չինաստանը: 

Այստեղ եթե գնանք բացառման սկզբունքով, նաև շրջանառվեց տեղեկություն, որ վետոն դրել է հենց Մեծ Բրիտանիան: Ես կարծում եմ, որ հնարավոր է Մեծ Բրիտանիան լիներ այդ վետո կիրառողը, որովհետև թուրք-ադրբեջանական կապերը Մեծ Բրիտանիայի հետ բացառիկ են: 

Ադրբեջանն ու Բրիտանիան թե՛ նավթի ոլորտում համագործակցության, թե՛ էներգետիկ ոլորտում համագործակցության լուրջ և բարձր մակարդակի կապեր ունեն: Չնայած ԱԳ փոխնախարարը երկրի անունը չնշեց, բայց, ըստ էության, բացառման մեթոդով, կարելի է գալ կանգնել Մեծ Բրիտանիայի վրա: 

– Եթե այդ վետոն չկիրառվեր, և բանաձևն ընդունվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, դրանից հետո ի՞նչ կարող էինք ակնկալել:

– Եթե չեմ սխալվում, տեքստում նախատեսվում էր ուղղակի օգնություն Լեռնային Ղարաբաղին: Սա, բնականաբար, Ադրբեջանին դուր չէր գալիս, և Բրիտանիան, ըստ էության, տապալել է այդ բանաձևը: 

– Ի՞նչ սպասել հետո, այլևս պետք է բացառե՞լ նման բանաձև: 

– Ես չեմ կարծում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլևս նիստեր չի գումարելու Արցախի հարցով, որովհետև նման հայտարարություն Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում արդեն իսկ արել է: Չի բացառվում, որ նմանատիպ բանաձև լինի մի փոքր այլ ձևակերպումներով: Իհարկե այս պահին դժվար է ասել, թե ե՛րբ նման բանաձև կլինի, որովհետև ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա մարտի դաշտում: Ընդհանրապես մեր դիվանագիտությունը պետք է աշխատի այն փաստացի իրավիճակով, որը մարտի դաշտում ֆիքսեն մեր զինվորականները: Ինչպիսի վիճակ այսօր ֆիքսեն մեր զինվորականները Լեռնային Ղարաբաղում, դրանից ելնելով էլ մեր դիվանագետները պետք է հետագայում բանակցություններ վարեն: 

– Ընդհանրապես, Հայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ ՀՀ նախագահը բավական երկար Բրիտանիայում է անցկացրել: Այստեղ մենք ունե՞նք դիվանագիտական բաց:

– Ես կարծում եմ, որ, այո՛, բաց կա: Մենք, ընդհանրապես, արդյունավետ չենք աշխատել Մեծ Բրիտանիայի հետ, և Բրիտանիայի համար էլ Հայաստանը երբեք առաջնահերթություն չի եղել: Այստեղ ոչ միայն մեր մեղքն է, այլև բրիտանական կողմի վերաբերմունքն է Հայաստանի նկատմամբ այն առումով, որ Բրիտանիայի համար Հայաստանը առաջնահերթություն ունեցող երկրների ցուցակում երբեք էլ չի եղել:

– Տեսակետ կա, որ պատերազմը դիվանագիտության շարունակությունն է, եթե լավ դիվանագիտություն ես վարել, ապա պատերազմում էլ լավ պտուղներ ես քաղում: Այդ առումով ի՞նչ ցույց տվեց պատերազմը:

– Ընդհանուր առմամբ երկուսն էլ ֆրոնտ են, և՛ ռազմաճակատն է ֆրոնտ, և՛ դիվանագիտությունը: Դիվանագիտությունն այնքան է աշխատում, մինչև գործը հասնում է ռազմական գործողություններին: 

Դա չի նշանակում, որ նրանք չեն կարող միաժամանակ աշխատել, բայց, համենայնդեպս, ակնհայտ է, որ դիվանագիտությունը կանգնում է այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են սկսվում: 

Հիմա գոնե այդպիսի իրավիճակ է: Հիմա դիվանագիտական աշխատանքներ են տարվում հրադադարի հաստատման համար, ինչը տեղի չի ունենում, այսինքն՝ սա այն է, ինչի մասին ասում եմ, երբ դիվանագիտությունը փորձում է աշխատել, բայց ռազմական գործողություններն այդ աշխատանքին, բնականաբար, խոչընդոտում են: 

– Այսինքն` դիվանագիտության ասպարեզում հիմա «ստոպ» վիճա՞կ է: 

– Չէի ասի, թե «ստոպ» վիճակ է, լուրջ աշխատանք է տարվում, բայց նույն մարտական գործողությունների դադարեցման համար դիվանագիտությունը չի հասնում այն արդյունքներին, որոնք ակնկալվում էին: 

Խոսքը միայն Հայաստանի դիվանագիտության մասին չէ, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը՝ բոլորն էլ դիվանագիտական ջանքեր են գործադրում հրադադարի հաստատման համար, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության, նույնիսկ ձեռք բերված պայմանավորվածությունները չի պահպանում: 

Մանե Հարությունյան

MediaLab.am