«Նիկոլ Փաշինյանի ելույթն Աստանայում չեմ կարող ավարտուն քաղաքական դիրքորոշում համարել շատ կարևոր պատճառներով». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարո՛ն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթն Աստանայում ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ կարևոր շեշտադրումներ կային։ Ոմանց կարծիքով՝ Փաշինյանի ելույթը համակարգված ու հստակ շեշտադրումներով բացառիկ ելույթ էր, համակարծի՞ք եք։

– Չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակում դա կարելի է համարել բացառիկ ելույթ։ Առհասարակ, Հայաստանի ղեկավարության համար ավանդույթ է քննադատել Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունները, ու այդ առումով որևէ նոր դրսևորում չի եղել։ Այն, ինչ ներկայացրեց Փաշինյանը, ճշմարտություն է, որը ողջ աշխարհը գիտի, ու չներկայացնել հնարավոր չէր։

Այստեղ առաջ է գալիս տրամաբանական հարց՝ ի՞նչ է այդ ելույթին հաջորդելու, այսինքն՝ Հայաստանը բարձրաձայնեց, որ Ադրբեջանը խախտում է ԱՊՀ կանոնադրությունը և ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը, հետևաբար Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություններ կարվե՞ն, թե՞ ոչ։ Այս մասով անորոշություն է, որովհետև այն փաստը, որ Ադրբեջանը ագրեսոր է ԱՊՀ պետությունների կամ ՀԱՊԿ պետությունների շրջանակներում, ի՞նչ պետք է որոշվի, այս հարցերն անպատասխան մնացին, այսինքն՝ Հայաստանի դիրքորոշումը ո՞րն է։

Տեղեկությունը, որը ներկայացվեց, հասկանալի է ու, ըստ էության, ողջ աշխարհի կողմից ճանաչվել է հավաստի, բայց ո՞րն է այդ առումով Հայաստանի դիրքորոշումը, սա պարզ չէ։

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հստակ դիրքորոշում։

– Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բայց հասկանալի է, որ Հայաստանն անհետևանք է թողել Ադրբեջանի գործողությունները։ Եթե հղում է արվում ու բարձրացվում ԱՊՀ ստեղծման համաձայնագրի հարցը, ապա, ըստ այդ համաձայնագրի, Ադրբեջանը պարտավոր է վերականգնել ԼՂԻՄ-ը, պարտավոր է ԼՂ-ի իշխանությունների հետ բանակցություններ վարել, պարտավոր է ապահովել հայերի էթնոմշակութային շրջանի անվտանգությունը, զարգացումը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։

Այսինքն՝ խոսել այդ համաձայնագրի մասին՝ մատնանշելով հանգամանքը, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ այդ համաձայնագրի մեջ որոշում էր կայացվել, որ խորհրդային հանրապետությունները միմյանց սահմանները ճանաչում են որպես միջազգային սահմաններ, պետք է նաև խոսել դրան հակակշռող մյուս փաստերով, որ այն պետությունները, որոնց տարածքում էթնոմշակութային ռեգիոններ գոյություն ունեին, պարտավոր էին դրանք վերցնել իրենց պաշտպանության տակ։

Տրամաբանական հարց՝ 30 տարվա ընթացքում Ադրբեջանը ե՞րբ է փորձել իր պարտավորությունները ԼՂ-ի նկատմամբ կատարել։ Այդ համաձայնագրից, ըստ էության, բխում է, որ Ադրբեջանը պարտավոր է գործադրել բոլոր միջոցները, որպեսզի Արցախում տեղի ունենա հանրաքվե, որն էլ կորոշի Արցախի կարգավիճակը։

Այս ամենը նկատի ունենալով՝ ես չեմ կարող Նիկոլ Փաշինյանի ելույթը ավարտուն քաղաքական դիրքորոշում համարել, այն ավարտուն կլիներ, եթե Հայաստանը պահանջեր դադարեցնել Ադրբեջանի անդամությունը ԱՊՀ-ում, քանի որ Ադրբեջանը իր պարտավորություններն ակնհայտորեն չի կատարում։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը դա չի անում, փոխարենը լսում ենք անվերջ բողոքներ կյանքից, ճակատագրից, ՀԱՊԿ-ից ու Ադրբեջանից, այն պայմաններում, երբ արդեն ակնհայտ է, որ սրանք օդում ասվող խոսքեր են, որոնք ԱՊՀ շրջանակում ոչ մեկին չեն հետաքրքրում, առավելևս, այդ բոլոր խոսակցությունները սահմանների մասին երկիմաստ են Ուկրաինայում տեղի ունեցող ագրեսիայի պայմաններում, որովհետև տեսանք, որ Ռուսաստանը նույնիսկ մեկ վայրկյան չտատանվեց և ոտնահարեց ԱՊՀ համաձայնագրով անքակտելի ճանաչված սահմանները։

Փաշինյանի ելույթից երկրորդ դիրքորոշումը, որը պետք է բխեր, այն է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կատարում ԱՊՀ ստեղծման համաձայնագրի պայմանները և չեն կարող լինել այդ կազմակերպության անդամ։ Տեսնում ենք, որ նման ավարտուն դիրքորոշում Նիկոլ Փաշինյանը չունի, փոխարենը բողոքեց, իսկ բողոքը, տեսանք, որ ընկալվեց դրական հանրային տիրույթում։ Ադրբեջանին մեղադրելով, դրանից եզրակացություններ չանելով և իրավական պահանջներ չներկայացնելով՝ Հայաստանը, ըստ էության, նման խոսույթով ընդամենը հնչեցնում է փաստերը։

Պարո՛ն Ղուկասյան, այդ մեղադրանքները հնչեցնելով, ադրբեջանական վայրագություններն արձանագրելով հանդերձ, որքանո՞վ է տրամաբանական, որ Հայաստանը շարունակում է խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, գումարած այն, որ ադրբեջանական կողմը հերքում է հայկական կողմի այն հայտարարությունները, թե այդ կոնտեքստում խոսել են ՍտեփանակերտԲաքու ուղիղ շփման մեխանիզմներ մշակելու մասին, ավելին՝ Ադրբեջանը բարձրաձայնել է անկլավների վերադարձի մասին։

– Ձեր հարցադրումն արդեն արձանագրում է, թե որքանով է անլուրջ Հայաստանի իշխանությունների վիճակը։ Հասկանալի է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել ու կայուն խաղաղություն ձեռք բերվել այն դեպքում, եթե Ադրբեջանը համաձայնի, որ Արցախում անցկացվի հանրաքվե, որի արդյունքն իրավաբանորեն պարտադիր կլինի բոլորի համար, և որի հարցադրումը չի կարող սահմանափակված լինել։ Առանց այս պայմանի խաղաղության պայմանագիր կնքվել չի կարող, Հայաստանի ճշգրիտ դիրքորոշումը պետք է սա լինի։

Այն, որ այսօր քաղաքական տիրույթում անցել են բոլոր կարմիր գծերը, ու հասարակական-քաղաքական գործիչները խոսում են, որ շանտաժի ազդեցության տակ ու դրա սպառնալիքի պայմաններում պետք է ինչ-որ միակողմանի զիջումների գնալ Ադրբեջանի օգտին, որպեսզի խուսափենք ոչնչացումից, անթույլատրելի է։

Եթե Հայաստանի իշխանությունները, ինչպես դուք ասացիք, տեսնելով այս ամենը՝ չեն ներկայացնում այն դիրքորոշումը Ադրբեջանին ու ողջ աշխարհին, որը պետք է ներկայացնեն, նշանակում է աջակցում են թշնամուն ու էսկալացիային։

Ադրբեջանի ղեկավարն Աստանայում դժգոհել է Ֆրանսիայի նախագահից՝ նշելով, որ վերջինս չի կատարում իր խոստումները Ադրբեջանի մասով, ու հավելել, որ կվերանայեն Ֆրանսիայի միջնորդության հարցը հակամարտության կարգավորման հարցում։ Ալիևի այս հայտարարության նպատակը ո՞րն է։

– Ակնհայտ է, որ Էմանուել Մակրոնի հայտարարությունը բացահայտեց իրողությունը թե՛ ռուս-ադրբեջանական, թե՛ ռուս-հայկական հարաբերություններում, թե՛ Ռուսաստանի ռազմավարական նպատակները։ Իլհամ Ալիևը առերեսվելու է այն իրողություններին, որոնք առկա են միջազգային մակարդակում, ու իր համար հարցը ոչ այնքան Արցախի խնդիրն է, որքան սեփական իշխանությունը պահելու հարցը։

Ադրբեջանն այսօր աստիճանաբար ճանաչվում է ագրեսոր պետություն, որպես ՌԴ-ի քաղաքականությունն իրականացնող գործիք, ու այդ քաղաքականության դեմ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունը անպայման հակադրելու են իրենց քայլերը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am