Կանգնեցնել զորակո՞չը, թե՞ ինքնասպանությունները

Մհեր Արշակյան

Բանակում զոհերի ցուցանիշները նոր «բարձունքներ» են գրոհում: Երեկ վերջին 15 օրում արձանագրվեց 8-րդ զոհը «անհասկանալի» հանգամանքներում: 8-րդ զոհը, որը հակառակորդի գնդակից չէր: Ով գիտի, թե ի՛նչ է կատարվում: Իսկ ո՞վ չգիտի: 

Բանակն այսօր թիվ է, այսինքն՝ զորակոչի ցուցանիշների պարտավորություն: Զինվորին չեն ընտրում: Ոչ ոք նրա ներսը չի նայում զորակոչելիս: Ոչ ոք չգիտի, թե ինչի՛ է ընդունակ նա: Ոչ ոք չի փորձում հասկանալ, թե ի՛նչ օգուտ կամ վնաս կարող է նա տալ երկրին: Բանակը թիվ է: Եվ վե՛րջ:

Բանակն ընդհատում է մարդու կենսագրությունը: Ոչ թե սպանում է, այլ`սառեցնում: Մարդը երկու տարով ավարտվում է բանակում: Թեպետ ընդունված է կարծել, որ կյանքը խտացված է բանակում:

Ո՛չ: Զինվորն ինքն է իր կյանքն ավարտված համարում: Ահա ինչու խնդիր չի տեսնում սառեցված լինելու և մեռած լինելու միջև: Նվաստացումը, անհուսությունը, վախը նրան թվում են ցմահ: 

Բանակը հոգեբաններ չունի, կամ ոչ մեկը լուրջ չի վերաբերվում հոգեբաններին: Իսկ հոգեբաններ պետք են ոչ միայն զինվորներին, այլև`սպաներին: Եկեղեցին հոգևորական ունի և հոգևորական է գործուղում բանակ, որ Աստծո «դուխով» լցնի զինվորին: Իսկ ի՞նչ է անում պետությունը:

15 օրվա մեջ «անհասկանալի հանգամանքներում» 8 զոհ ունենք, իսկ վարչապետը դեռ ոչինչ չի ասել: Դեռ մենք չգիտենք, թե էս ինչ հաշիվ է: Իսկ հաջորդ զորակոչը քթներիս տակ է:

Այսպիսի անկառավարելիությունը ոչ պատերազմական երկրում պիտի որ ենթադրեր կանգնեցնել զորակոչը, պիտի ենթադրեր, որ պետության առաջին դեմքը հանդես գա բարեփոխման այնպիսի ծրագրով, որ բանակ ուղարկելուց առաջ, դիցուք, հնչի զուռնա-դհոլը (թեպետ ես սա չեմ հասկանում): 

Վարչապետը վերջերս ցուցանիշ էր հրապարակել այն մասին, որ բանակում կրճատվել են մահերը:

Զարմանալի «թուղթուգիր» դարձավ էդ հրապարակումը բանակի վրա: Նշանակում է հիմնական անառողջ օրգանիզմը մնացել է բանակի վրա: Վերջին 8 մահերն արձանագրվել են այդ հրապարակումից հետո:

Այնտեղ վարչապետը խոսում է բանակում գրանցված մահերի «պատմական մինիմումի» մասին: Հիմա, երբ այդ «պատմական մինիմումի» հետքն էլ չի մնացել, վարչապետը լռում է: Ճիշտ կլինի, եթե վարչապետը խոսի:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 10. Januar 2020

Որովհետև զորակոչը չի դադարելու: Որովհետև հակառակորդին հետաքրքիր չեն հայ հասարակության`լավ օրվա սպասումները`ինչքան շատ զոհ՝ էնքան լավ:

Զինվորը չգիտի, թե իր անհուսությունն ու վախը ում են հետաքրքիր: Սպային պատմի՝ գուցե համարվի ղզիկ, ծառայակից տղերքի՞ն պատմի: Իսկ նրա՞նք ինչ կարող են անել: 

1975-85 թվականներին Գավառի մանկատանը մի տնօրեն կար, անպատիժ ծեծում էր ծնողազուրկ երեխաներին, ծեծում էր երկաթե գոտիներով: Երեխաները չգիտեին՝ ում բողոքել, որ էդ ծեծը չշարունակվի:

Մանկատունը փակ հաստատություն էր: Երեխաները շատ փոքր էին ինքնասպանության մասին «մտածելու» համար:

Արդյունքում`ի՞նչ: Հասարակություն էին մտնում՝ այդպես էլ չիմանալով, թե իրենցից ինչ են ներկայացնում: Իսկ թե ի՛նչն էր դառնում թե տղաների և թե աղջիկների հիմնական մասի հիմնական անելիքը, արդեն ասելու բան չէ:

Բայց նրանց անառողջությունը երաշխավորված էր: Ի դեպ, զարմանալի էր, բայց մի փոքր մասը, այնուամենայնիվ, ինքնասպան էր լինում մանկատնից հետո: Ի՞նչ էին հասկացել այդ մարդիկ՝ ես այդպես էլ չիմացա:

Հեղափոխությունից երկու տարի է անցել: Բանակն այլևս գործիք չէ իշխանության ձեռքին: Բանակը բառի բուն իմաստով անվտանգության երաշխավոր է: Դե հիմա անվտանգության երաշխավորի ներկայացուցչին`զինվորին, պատկերացրեք վախերի ու վտանգների մեջ, որոնք ինքը չի հաղթահարում: 

Մհեր Արշակյան

MediaLab.am