Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատողները՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում․ FIP.am

Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ փոխկապակցված տարբեր անձինք ակտիվորեն ներգրաված են ընտրական պրոցեսում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ հեղափոխական դաշնակցության ու «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից ձևավորված «Հայաստան» դաշինքի ցուցակում չորրորդը կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանն է։ 

Հակոբյանը, ըստ իր ներկայացրած կենսագրության, հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ։ Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը, ըստ հանքարդյունաբերող ընկերության իրական սեփականատերերի ռեեստրի, 2.5 տոկոս բաժնեմաս ունի պղնձամոլիբդենայինում։ Հակոբյանն այս բաժնեմասը տնօրինում է անուղղակի՝ «Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ-ի միջոցով։ Այս ընկերության որոշ աշխատակիցներ ևս ընդգրկված են «Հայաստան» դաշինքի ցուցակում։

Դաշինքի 58-րդ համարը Էդուարդ Մսրլյանն է։ Նա ևս աշխատում է կոմբինատում։ Սյունիքի մարզպետարանի 2017-ի հաստիքացուցակից պարզ է դառնում, որ Մսրլյանը Վահե Հակոբյանի՝ մարզպետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում եղել է նրա օգնականը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած իր փաստաթղթերում Մսրլյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևանում՝ Զավարյան փողոցում և Կոմիտաս պողոտայում։ Պղնձամոլիբդենային կոմբինատից Մսրլյանի տարեկան աշխատավարձը կազմել է 11.5 միլիոն դրամ, իսկ դրամական միջոցները՝ 5.3 միլիոն դրամ և 1500 եվրո։ 

«Մաքուր երկաթի գործարանում» որպես իրավաբան է աշխատում և «Հայաստան» դաշինքի ցուցակում է ընդգրկված Միքայել Ներսիսյանը։ Վերջինս ցուցակի 127-րդ համարն է։ Ներսիսյանն առանձնատուն է հայտարարագրել Լոռու մարզի Պրիվոլնոյե համայնքում, նաև ունի 5 հողամաս՝ Պրիվոլնոյե և Արմավիրի մարզի Արտամետ համայնքներում։ Աշխատավարձը «Մաքուր երկաթի գործարանում» 7.2 միլիոն դրամ է։ Ներսիսյանը հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա՝ Porsche Cayenne և Nissan Tiida։ 

«Մաքուր երկաթի գործարանի» կայուն զարգացման գծով տնօրեն Միքայել Համբարձումյանը «Հայաստան» դաշինքի 149-րդ համարն է։ Համբարձումյանը բնակարան ունի Երևանի Փափազյան փողոցում, որպես շարժական գույք հայտարարագրել է Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենա։ Համբարձումյանի եկամուտների 13.7 միլիոն դրամը գոյացել է «Մաքուր երկաթի գործարանի» աշխատավարձից, 1.5 միլիոն դրամը՝ «Հասարակական ձայն» բնապահպանական հասարակական կազմակերպությունում ծառայությունների մատուցումից։ 

Դաշինքի 96-րդ համարը Լիանա Գասպարյանն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վերահսկողական ծառայության մասնագետ։ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Գասպարյանը Իսակովի պողոտայում գտնվող բնակարանի միանձնյա սեփականատեր է և համատեղ սեփականատեր՝ Երևանի Ծարավ Աղբյուրում գտնվող բնակարանում։ Գասպարյանի եկամուտները կազմել են 12.7 միլիոն դրամ։ 

Դաշինքի 90-րդ համարն է Աննա Եղիազարյանը՝ պղնձամոլիբդենայինի գլխավոր տնօրենի տեղակալի օգնականը։ Եղիազարյանը միանձնյա սեփականությամբ բնակարան ունի Երևանի Վերին Անտառային փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկում։ Տարեկան աշխատավարձը կոմբինատից կազմում է 12.4 միլիոն դրամ։ Աննա Եղիազարյանի դրամական միջոցները կազմում են 12.2 միլիոն դրամ, 23,000 դոլար և 14,300 եվրո։ 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 7-ին այցելել էր Սյունիքի մարզ ու խորհրդակցություն անցկացրել իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրենի տեղակալի հետ։ «Ես նախաձեռնեցի նախադեպը չունեցող համագործակցություն, հրավիրել էի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցչին։ Մարզի բնակչության մի ստվար զանգված կապված է կոմբինատի հետ, աշխատում է կամ ընտանիքի անդամն է աշխատում այնտեղ։ Նախորդ փորձերը հաշվի առնելով՝ նախորդ փորձը սրանք առիթներ են մարդկանց որոշակի դիրքորոշում պարտադրելու՝ աշխատանքից ազատելու կամ շահագրգռելու՝ աշխատավարձ բարձրացնելու կամ դիրքը բարձրացնելու»,- հայտարարեց Դավթյանը՝ հավելելով, որ կոմբինատի օտարերկրացի տնօրենի տեղակալից հավաստիացում է ստացել, որ կոմբինատը ձեռնարկել ու ձեռնարկելու է համապատասխան միջոցներ, որ որևէ աշխատակցի կողմից ու որևէ լծակ չօգտագործվի ընտրությունների ժամանակ։ 

Փաստերի ստուգման հարթակ