Պաշտամունքի քաղաքականություն. Ադրբեջանի նախագահի ընտանիքը` դպրոցական դասագրքերում

Պաշտամունքի քաղաքականություն. Ադրբեջանի նախագահի ընտանիքը` դպրոցական դասագրքերում
Պաշտամունքի քաղաքականություն. Ադրբեջանի նախագահի ընտանիքը` դպրոցական դասագրքերում

Ալիեւների ընտանիքի մասին անընդհատ հիշեցումները, ըստ նախասիրության, կարող են դիտվել կամ որպես լավ կրթության գրավական կամ անձի պաշտամունքի քաղաքականության լծակ կամ գրքի հրապարակման միջոց:  

Ցանկացած ադրբեջանական դասագրքում կարելի է տեսնել հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի լուսանկարը, որին, հաճախ հաջորդում է նրա որդու` ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի լուսանկարը:

Հեյդար Ալիեւի լուսանկարները, որպես կանոն, հետեւյալ մակագրություններն են կրում`«Ժամանակակից Ադրբեջանի հիմնադիրը» կամ «Ադրբեջանի մեծագույն առաջնորդը»:

Խորհրդային Ադրբեջանի Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) գեներալ, Կոմմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հեյդար Ալիեւը եղել է նորանկախ Ադրբեջանի նախագահը`կառավարելով երկիրը 1993-ից մինչեւ իր մահկանացուն կնքելը`2003 թ., որից հետո երկրի նախագահի պաշտոնը ստանձնեց նրա որդին`Իլհամ Ալիեւը:

Նախագահական ընտանիքի շուրջ ձեւավորված անձի պաշտամունքի ավանդույթը ներթափանցել է դպրոցական դասագրքեր եւ այնպիսի մտահոգիչ մակարդակի է հասել, որ շատերն այս ամենը դիտարկում են որպես խորհրդային տարիներից հայտնի երիտասարդ սերնդի հոգեբանության վրա ներազդելու քաղաքականության անմիջական շարունակություն:

Զանազան տարիքային խմբերի համար նախատեսված դպրոցական դասագրքերում կարելի է հանդիպել հանգուցյալ Ալիեւի մասնակցությամբ պատմություններ եւ անգամ նրան վերագրվող ասացվածքներ:

Ադրբեջաներեն լեզվի առաջին դասարանի դասագրքում աշակերտներին մատուցվում է փոքրիկ տղայի եւ նրա տատիկի զրույցը, որտեղ վերջինս բացատրում է, որ «Հեյդար» նշանակում է «հզոր», եւ որ այդ անունը ժամանակին պատկանել է մեծագույն առաջնորդի, որին հուր-հավիտյան հիշելու են:

Երրորդ դասարանի դասագրքում Ալիեւը հայտնվում է «Իմաստուն առաջնորդը» պատմվածքում, որի հերոսը`Լեռնային Ղարաբաղից փախստական երեխան հավատացնում է նախագահին, որ նրան բոլորը վստահում են: Չորրորդ դասարանի աշակերտներին արդեն իսկ մատուցվում են Հեյդար Ալիեւի խոսքերը. «Առաջնորդ լինելու եւ կրթելու համար պետք է բարոյական իրավունք ունենալ»:

Զաքատելայի շրջանի գյուղական ավագ դպրոցում Ադրբեջաներեն լեզու եւ գրականության դասավանդող Թամելլա Գուրբանովան պարսավելի ոչինչ չի տեսնում այս ամենի մեջ:

«Երիտասարդ սերունդը պետք է ճանաչի Հեյդար Ալիեւին: Նա հսկայական ներդրում է ունեցել այս ազգի կայացման հարցում: Ալիեւն Ադրբեջանի համար ամեն ինչ է: Դպրոցականներն արդեն գիտեն այդ մասին, սակայն դասագրքերում նրա մասին տեղեկատվություն ներառելը պարտադիր է», – ասում է նա:

Ադրբեջաներեն լեզվի դասագրքերի հեղինակներից Դիլրուբա Ջաֆարովան նույն տեսակետին է հարում.

«Նա առաջնորդ էր: Ակնհայտ է, որ նա մեծ դեր է ունեցել ներկայիս Ադրբեջանի բարօրության հարցում: Նրան մշտապես որպես իմաստուն եւ դրական անձնավարություն են ներկայացրել»:

Անկախ ուսուցիչների միության նախագահ Մալահեթ Մուրշուդլուն, սակայն, միանգամայն այլ կարծիքին է: Նա ընդգծում է, որ Ալիեւների հասցեին հնչեցվող անընդհատ գովասանքները հիշեցնում են Լենինի եւ Ստալինի անձի պաշտամունքի քաղաքականության մեթոդները: Մուրշուդլուն նշում է, որ իր ղեկավարած միությունը դիմում է ներկայացրել Ադրբեջանի կրթության նախարարությանը եւ դպրոցական դասագրքերի մշակման համար պատասխանատու մարմիններին`իր  մտահոգությունները հայտնելով երեխաների համար մշակվող կրթական նյութեր ներթափանցող գաղափարախոսության կապակցությամբ:

«Գործող կառավարությունը ձգտում է իր արժեքների հիման վրա դաստիարակել նոր սերնդին, որպեսզի այն առանց ավելորդ հարցերի կատարի իր հրահանգները: Իշխանությունները կրթության միջոցով այս ամենին հասնելու երկարաժամկետ ծրագրեր ունեն», – ասում է նա:

«Երեխաների մտածողությունը մանկուց այս գաղափարախոսության շուրջ է ձեւավորվում: Մեր արժեքները մեկ անձի եւ մեկ ընտանիքի շուրջ են ձեւավորվում»:

Նախագահական ընտանիքի այլ անդամների անունները նույնպես կարելի է հանդիպել դպրոցական ուսուցողական նյութերում: Օրինակ, տասնմեկերորդ դասարանի դասագրքերում ներկայացվում է Հեյդար Ալիեւի հիմնադրամի գործունեությունը, որի ներկայիս նախագահն առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան է: Իսկ հինգերորդ դասարանի գրականության դասագրքերում տպագրված է գործող նախագահի դստեր`Լեյլա Ալիեւի գրած բանաստեղծությունը:

«Այստեղ պարսավելի ոչինչ չկա. նա շատ բան է արել Ադրբեջանի համար: Գրականության դասագրքերում կարելի է տպագրել սկսնակ բանաստեղծների հեղինակած ստեղծագործությունները»,  – ասում է ավագ դպրոցի ուսուցչուհի Գուրբանովան:

Մուրշուդլուն կարծում է, որ միջնակարգ կրթության ոլորտում գործող այս քաղաքականությունը իշխանությունների թելադրանքով է իրականացվում:

«Որպես պետական գերատեսչություն, Կրթության նախարարությունն անում է այն, ինչ հրահանգում են», – ասում է նա:

Կրթության նախարարության հրատարակչական բաժնի ղեկավար Ֆայիգ Շահբազլին, սակայն, ժխտում է Ալիեւների ընտանիքին ձոնող կրթական նյութերի տարածման քաղաքականության գոյությունը`պնդելով, որ դասագրքերն ընտրվում են բաց մրցույթի միջոցով:

«Եթե հեղինակը Հեյդար Ալիեւի երկրպագուն է, մենք ոչինչ չենք կարող անել: Որեւէ անօրինություն չեմ տեսնում նրան ներկայացնող տեքստերը դասագրքերում ներառելու մեջ: Իմ կարծիքով, սա միանգամայն ընդունելի է: Ես կողմ եմ դրան», – ասում է Շահբազլին: 

Ադրբեջաներեն լեզվի մի շարք դասագրքերի հեղինակ Ռաֆիկ Իսմայիլովը խոստովանում է, որ Հեյդար Ալիեւի խոսքերի մեջբերումները կարող են որոշիչ դեր ունենալ գրքի տպագրման հարցում:

«Ոչ ոք բացեիբաց չի պահանջել կամ խորհուրդ տվել, որպեսզի նրա մասին տեղեկություններ ներառեմ դասագրքերի մեջ, սակայն սա կարեւոր է դասագրքի հաստատման տեսանկյունից: Վստահ եմ, որ իմ դասագրքերը իսկապես լավն են: Իհարկե, ես ուզում եմ, որ գրքերը հաստատվեն հրատարակման համար»:

Շահլա Սուլթանովա

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից։ www.iwpr.net