«Այս իշխանությունը փորձում է օրինական ճանապարհով ստանալ այն ամենը, ինչ նախկինները անօրինական ճանապարհով էին ստանում»․ Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը

– Պարոն Միսկարյան, չնայած այս բարդ իրավիճակին, որում հայտնվել է Հայաստանը, հիմա էլ վարչապետի աշխատակազմը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը։ Որքանո՞վ է տրամաբանական այս իրավիճակում նման նախաձեռնությամբ հանդես գալ: Այս իշխանությունը գնալով ավելի՞ է նմանվում նախկիններին:

– Խնդիրն այն է, որ նրանք արժեքային առումով երբևէ չեն էլ տարբերվել նախկիններից, ու դրա հետևանքն է նաև, որ համակարգային փոփոխություններ չեղան: Տրամաբանական է այն, ինչը հիմա նրանք անում են: Ես դա իրենց վարած ընդհանուր քաղաքականության մեջ եմ տեսնում, իրենք փորձում են օրինական ճանապարհով ստանալ այն ամենը, ինչ նախկինները անօրինական ճանապարհով էին ստանում, այսինքն՝ պետական միջոցներն օգտագործել անձնական բարեկեցությունն ապահովելու համար:

Այս մարդիկ կտրված են այն իրականությունից, որի մեջ գտնվում է Հայաստանը: Դա գուցե լավ էլ հասկանում են, ուղղակի ելք չեն տեսնում և փորձում են ուղղակի առիթն օգտագործել գոնե սեփական բարեկեցությունն ապահովելու համար:

– Այս պարանը որքան կարող է ձգվել, հասարակության համբերության բաժակը ե՞րբ կլցվի:

– Հասարակությունը պետք է հասկանա, որ կառավարման մեջ առանց հանրային մասնակցության ցանկացած կառավարող ուժ, որը եկավ ու ստացավ լծակներ, մոտավորապես լինելու է այնպիսին, ինչպիսին եղել են նախկիններն ու ներկաները:

Մարդիկ պետք է հասկանան, որ ինչ-որ մեկին ձայն տալով, որը գեղեցիկ աչքեր ունի կամ լավ է խոսում, և տուն գնալով, պետությունը չի կայանալու: Հանրությունը պետք է հասկանա, որ իր մասնակցությունը պետական կառավարմանը, որոշումների կայացմանը, հանրային վերահսկողությանը պարտադիր է, եթե մենք ուզում ենք պետություն ունենալ: Հակառակ դեպքում մենք կկորցնենք այն, ինչ ունենք, էլի մի 100 տարով:

– Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, որն իշխանությունը մարզպետների ու համայնքապետների մակարդակով է կազմակերպում: Ընդհանուր առմամբ, այս անգամ համայնքներում այսպիսի ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված, արդյոք իշխանությունը փորձում է համայնքներում ամրապնդե՞լ իր դիրքերը:

– Պետք է հասկանալ, որ այն, ինչ հիմա կատարվում է որպես ընտրություն, տրամաբանական շարունակությունն է նրա, ինչ կատարվեց, այսինքն՝ ռեսուրսների պայքար է, հանրային դաշտում ազդեցությունն ուժեղացնելով, վարչական լծակների օգտագործմամբ ու նաև հեղինակություններին օգտագործելով սեփական իշխանության ամրապնդում է տեղի ունենալու:

Ցավալին այն չէ, որ իշխանությունները որդեգրել են այդ ճանապարհը, ցավալին այն է, որ նրանք հավատում են, որ դա է երկիրն առաջ տանելու իրական հնարավոր ուղին:

Իշխանության համար պայքարը, որը պետք է լինի քաղաքական ուժերի միջև Հայաստանը զարգացնելու համար, ամենավերջին բանն է, որ պետք է լինի: Ծրագրեր, գաղափարներ, արժեքներ, հասարակական սեկտորի ակտիվ ներգրավում հանրային կառավարման գործին, կառավարման ապակենտրոնացում, արդար դատական համակարգ, բանակի վերափոխում՝ այս բոլոր ռեֆորմները պետք է լինեն հանրային պահանջի արդյունքում, որովհետև այս կառավարությունը, ինչպես տեսնում ենք վերջին 3 տարվա ընթացքում, եթե նույնիսկ ցանկություն էլ ունի ինչ-որ փոփոխություն անելու, ապա միևնույն է, դրա մասնագիտական ունակությունը չունի:

Մանե Հարությունյան

MediaLab.am