Մաշտոցի այգում արդեն քանի օր բողոքի ակցիա իրականացնող բնապահպաններն ու ակտիվիստները` քիչ առաջ վերադառնալով Երեւանի քաղաքապետարանի մոտ կազմակերպած բողոքի ակցիայից` կոտրել են այգու ոստիկանական ագելափակոցները եւ գրավել պուրակում տեղադրված կրպակների տարածքները:
Ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ը, Մաշտոցի պուրակում բնապահպաններին է միացել նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ակտիվիստներն այս պահին հայրենասիրական եւ Երեւանին նվիրված երգեր են կատարում եւ վանկարկում կրպակները պուրակից հեռացնելու կոչեր:
Բնապահպանները հայտարարել են նաեւ, որ նրանք այնքան ժամանակ չեն հեռանալու պուրակից, քանի դեռ քաղաքապետը Տարոն Մարգարյանը չի փոխել իր որոշումը եւ այն չի հրապարակել, որ էլիտար տաղավարները հեռացվում են տարածքից:
Հիշեցնենք, որ մինչ այդ բնապահպանները բողոքի ակցիա էին իրականացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում. ակտիվիստները վանկարկում էին «Տարոն, իջիր»:
Քաղաքապետն անձամբ չի հանդիպել ակտիվիստների հետ, նրանց Մարգարյանի անունից հանդիպել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, սակայն, ակտիվիստները պնդել են, որ ցանկանում են հանդիպել հենց Տարոն Մարգարյանի հետ:
Քաղաքապետարանի ակցիայից հետո ակտիվիստները վերադարձել են Մաշտոցի այգի, իսկ քիչ անց նրանք այնտեղ հանդես կգան մամլո ասուլիսով:
© Medialab.am