«Էսօր ողջ երեխեք կան, որ կռիվ են տալիս, թաքնված են անտառներում, տների խորքերում, մենք կարող ենք մտնել, փնտրենք». Անհայտ կորած զինվորի ծնողը սպասում է եռակողմ հանդիպմանը

Արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայող Նարեկ Գևորգյանից 3 ամիս է՝ լուր չկա։

Հայրը՝ Ռոման Գևորգյանը, և անհայտ կորած մյուս զինվորների ծնողները քուն ու դադար չունեն, ամեն տեղ փնտրում են տղաներին, բայց դեռևս որևէ տեղեկություն չունեն նրանց մասին։

«Իմ տղան անհետ կորած ա, ես էսօր ոչ մի բան չգիտեմ, բայց եթե ոչ մի տեղ չկա, հիմա ես մենակ էդտեղ եմ նայում, որ գերի ա: Բայց ամենավատթարագույնը նայում ենք, ամեն տեղ նայում ենք։ Մի տարի ինը ամսվա ծառայող էր, հունվարի 30-ին պիտի գար տուն, էսօր երրորդ ամիսը լրացավ, որ չկա»,- ասում է հայրը։

Տղան՝ Նարեկ Գևորգյանը, Վայքի զորամասում է ծառայել։ Հոկտեմբերի 5-ին է կապի դուրս եկել ծնողների հետ: 

«Զանգել ասում էր, որ իրենց տանում են Ղարաբաղ։ Դրանից հետո կապ չի եղել։ Գիտենք, որ մինչև ամսի 7-ը կռիվ ա տվել, վերջին կռիվը եղել ա էդ ժամանակ, դրանից հետո կապ չի եղել»,- ասում է հայրը։

Ռոման Գևորգյանը և անհայտ կորած զինծառայողների հարազատները հունվարի 5-ին կրկին հավաքվել էին Կառավարության շենքի առաջ՝ պահանջով, որ որևէ լուր տրամադրեն իրենց որդիների մասին։

Գևորգյանը «Մեդիալաբին» ասում է, որ հույսն Աստված է, բայց իրենք էլ իրենց քայլերն են անում, որ տղաներին օր առաջ հայտնաբերեն:

«Հույսս Աստված է, բայց մենք էլ մեր գործողությունն ենք անում, ամբողջ օրը իրենց ենք փնտրում, ամեն օր բոլորս իրար հետ ենք ծնողներով, որ օրը իրար հետ չենք լինում, իրար հետ 24 ժամ հեռախոսով կապի մեջ ենք»,- նշում է նա։

Կառավարության առջև ցույցից հետո հեռախոսազրույց են ունեցել վարչապետ Փաշինյանի հետ։ Գևորգյանի խոսքով՝ առաջիկա օրերին եռակողմ հանդիպման ժամանակ վարչապետը պետք է ներկայացնի խնդիրը։

«Հեռախոսով խոսացել ենք, ամսի 11-ին եռակողմ հանդիպման ժամանակ պետք է ներկայացնի, գերիների հետ կապված անուն, ազգանուն, թիվ, տվյալ և այլն կասեն, նաև ասեն, որտեղ որ թուրքերը մեր երեխեքին Ջաբրայիլի տարածքում թաղել են, կոնկրետ տեղերն ասեն, հանենք։ Սաղ տարածքներում՝ Ֆիզուլի, Հադրութ։ Ծնողներն էլ, ԱԻՆ-ը մտնեն մինչև խորքերը։

Էսօր ողջ երեխեք կան, որ կռիվ են տալիս, թաքնված են անտառներում, տների խորքերում, մտնենք, որոնողական աշխատանքներ անենք։ Մենք մտնենք տները, պադվալները, ման գանք, գտնենք»,- ասում է նա։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհայտ կորած և զոհված համարվող հայ զինծառայողների իրական թիվը ՀՀ պաշտպանության նախարարությունից չեն հայտնում՝ համարելով այն պետական ու ծառայողական գաղտնիք։ 

Որևէ տվյալ, թե Հայաստանից քանի գերի կա Ադրբեջանում, ևս չի տրամադրվում, ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին ընդգծում է, թե «որևէ տվյալ հանրայնացնելը հակասում է կազմակերպության որդեգրած քաղաքականությանը»։

Առողջապահության նախարարությունը միայն տեղեկացնում է, որ հունվարի 1-ի դրությամբ զոհված զինծառայողի 3330 մարմին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել։ Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 436 մարմին։

Ռոման Գևորգյանը հույս է հայտնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո անհայտ կորած տղաներին փնտրելու և գտնելու հնարավորություն կստեղծվի։ Իսկ այժմ սպասում են հանդիպմանը։

Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ կապված հարցեր:

Այս հանդիպման մասին որևէ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։

«Հիմա սպասենք եռակողմ հանդիպմանը, գնա, ներկայացնի, պատասխանները կիմանանք»,- ասում է Ռոման Գևորգյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am