ԿԽՄԿ-ն մշտական կապի մեջ է գերիների հարազատների հետ, և տեսակցության դեպքում տեղեկությունները փոխանցվում են նրանց․ Զառա Ամատունի

Ադրբեջանում գտնող հայ ռազմագերիների վերադարձման շուրջ աշխատանքները, անկախ ամեն ինչից, շարունակվում են։ Այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղի հանրային հաղորդակցման պատասխանատու Զառա Ամատունին։ 

«Անունների հաստատումների դեպքում տեղի են ունենում այցելություններ, տեսակցություններ։ Այդ գործընթացը Կարմիր խաչում միշտ տեղի է ունենում։ Իսկ ինչ վերաբերում է վերադարձնելուն, ապա դա ընթացքի հարց է և համակողմանի լուծում է պահանջում»,- ներկայացնում է Զառա Ամատունին։

Խոսելով երկու երկրների իշխանությունների կողմից գործընթացին հնարավոր խոչընդոտների մասին՝ Ամատունին նկատում է, որ գործընթացի շուրջ մանրամասներ հրապարակել չի կարող և հավելում․ 

«Ընդհանրապես, եթե որևէ խնդիր է ի հայտ գալիս, դրանք քննարկվում են երկխոսության շրջանակում գործընթացում ներգրավված կողմի հետ։ Այդ պարագայում մենք նման խոսակցություններն ու տեղեկությունները պահում ենք այդ երկխոսության շրջանակում, որովհետև աշխատանքի բնույթն ու ձևաչափն են այդպիսին։ Այդ ձևաչափը նաև թույլ է տալիս առաջացած խնդիրները քննարկել, հարթել, բայց դրանց հանրայնություն չենք տալիս»։

Մեր դիտարկմանը, թե հրապարակվում են տեղեկություններ, որ ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցիչը արձագանքում է․ 

«Հասկանալի է ձեր նկատառումը, բայց մենք՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, չենք մեկնաբանում նման տեղեկությունները։ Մենք առաջացած խնդիրը քննարկում ենք անմիջապես կողմերի հետ և դրանք չենք հանրայնացնում»։

Անդրադառնալով գերիների վերադարձման գործընթացի դանդաղեցման շուրջ Հայաստանում առկա մտահոգություններին, ծնողների բողոքի ակցիաներին՝ ԿԽՄԿ ներկայացուցիչն ասաց, որ ԿԽՄԿ-ն մշտական կապի մեջ է Ադրբեջանում եղած գերիների հարազատների հետ։ 

«Մենք մեր տեսակցությունների մասին անմիջապես տեղյակ ենք պահում հարազատներին, այս առումով, մեզ հետ կապ ունեցող մարդիկ հանգիստ են․ երբ մեր գործընկերները հանդիպում են գերության մեջ գտնվող անձի հետ, մենք որևէ տվյալ չենք պահում, նրանից տեղեկությունն անմիջապես փոխանցվում է այստեղ գտնվող հարազատին։ 

Բնականաբար, մարդիկ, որոնք իրենց հարազատի ճակատագրի մասին չգիտեն, բավական ծանր դրության մեջ են, և նրանց իհարկե կարելի է հասկանալ»,- նշում է Զառա Ամատունին։

ԿԽՄԿ ներկայացուցիչը, սակայն, նշում է, որ չի կարող  որևէ տվյալ տրամադրել, թե Հայաստանից քանի գերի կա Ադրբեջանում՝ ընդգծելով, որ «որևէ տվյալ հանրայնացնելը հակասում է կազմակերպության որդեգրած քաղաքականությանը»։

Նշենք, որ դեկտեմբերի 14-ից, երբ տեղի ունեցավ հայ գերիների առաջին վերադարձը, մինչ այժմ մեր երկիր վերադարձված գերիների թիվը 54 է։ Մինչդեռ հայկական կողմում կան տվյալներ, որ գերեվարվածների թիվը մոտ չորս անգամ ավելի է։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am