Երևանի տարբեր վայրերում թմրամիջոցի փաթեթներ տեղադրող քույրերը ձերբակալվել են.ոստիկանություն

Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Ազատության պողոտայում ձերբակալել են 22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել է 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն են կատարել Ազատության պողոտայի տարբեր հատվածներում՝ հայտնաբերելով 20 փաթեթ՝ շուրջ 50 գրամ քաշով թմրամիջոց։ Ըստ 22-ամյա ձերբակալվածի՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար։

Քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։