Պետական մարմինների աշխատողները՝ ռիսկի տակ․ նոր օրինագծով, եթե հանրային ծառայողը չպատվաստվի, կազատվի աշխատանքից

Հայաստանի արդարադատության նախարարությունը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ է կատարել, որով սահմանվում է՝ պատվաստում չանցած հանրային ծառայողները կարող են աշխատանքից ազատվել նաև պատվաստված չլինելու հիմքով:

Առաջարկվող փոփոխություններով հանրային ծառայողը աշխատանքի ներկայանալիս պարտավոր է պատվաստված լինելու մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնել։ Իսկ եթե չի ներկայացնում, ապա դա օրենքի հեղինակները համարում են առանձնահատուկ հիմք, ու նրան չի թույլատրվում գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, և նաև չի տրամադրվում աշխատավարձ՝ մինչև սահմանված պահանջը կատարելը: 

Ընդ որում, եթե հանրային ծառայողը 30 օր անընդմեջ չի ներկայանում, ապա ազատվում աշխատանքից։ «Այս մասով նախատեսված հիմքի ի հայտ գալու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է համապատասխանաբար հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտ», -նշվում է օրինագծում:

Ի դեպ, այս պատժիչ դրույթը, որի թիրախում հայտնվում են պետական տարբեր մարմինների միջին և ստորին օղակների շուրջ 250 հազար աշխատողներ, չի տարածվում տարբեր պաշտոնյաների վրա, ինչպիսին են՝ ՀՀ նախագահը, Ազգային ժողովի պատգամավորը, վարչապետը, համայնքի ղեկավարը և համայնքի ավագանու անդամը, Մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորը, Վիճակագրության պետական խորհրդի անդամը, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորը, գլխավոր դատախազը։ 

Փաստաթուղթը, որն արդեն հասցրել է մեծ դժգոհություն առաջացնել հանրային տարբեր շրջանակներում, իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում (e-draft.am) հրապարակել է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Այս նախարարությունից «Մեդիալաբի» հարցմանն ի պատասխան հրաժարվեցին ներկայացնել դիրքորոշում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ «Առայժմ հանրային քննարկում է ընթանում, դեռ վաղ ենք համարում խոսել նախագծի մասին»,- փոխանցեցին նախարարության լրատվական ծառայությունից։

Նախագծի «Հիմնավորումներ» բաժնում ներկայացվում է, որ նման քայլին որոշում կայացնողները գնում են՝ կորոնավիրուսի տարածման տեմպի արագ ընթացքը հաշվի առնելով:

Իրավաբան Նարեկ Ներսիսյանը, սակայն, իրավական առումով խնդրահարույց է համարում այս նախագծի ընդունումը։ «Ընդհանուր առողջության հետ կապված իրավունքները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, իսկ դրա կատարումը դրված է գործատուի վրա։ Բայց այս առաջակվող փոփոխություններով պարտականությունների ուղիղ կատարողը դառնում է հանրային ծառայողը․ եթե չի ներկայացնում պատվաստման մասին համապատասխան տեղեկանք, հեռացվում է աշխատանքից», – «Մեդիալաբին» ասում է իրավաբանը։ 

Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ձևակերպումներից է՝ պետության անմիջական պարտավորությունն է հիմնավորել, որ պարտադիր պատվաստման ներդրումն ուղղված է հանրային առողջության պահպանմանը, և դրա շրջանակում ձեռնարկվող միջոցառումները համաչափ են։ 

«Պարտադիր պատվաստումների ներդրմամբ պայմանավորված իրավունքների սահմանափակումների վերաբերյալ միջազգային նորմերը (ՄԻԵԿ/Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) պահանջում են, որ դրանք հիմնված լինեն օրինականության, համաչափության և անհրաժեշտության սկզբունքների վրա», -ասում է Ներսիսյանը։

Այդուհանդերձ, ըստ իրավաբանի, ստացվում է՝ հանրային ծառայությունները թույլ օղակ են, որոնց կարելի է թիրախավորել՝ օրենքով նման բան պարտադրելով․ «Իսկ ո՞վ ասաց, որ մասնավոր սեկտորում աշխատողները իրենցից ավելի մեծ վտանգ չեն ներկայացնի, երբ վարակվեն։ Կամ ո՞վ ասաց, որ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ պատգամավորները կամ մյուս սահմանվող բացառությունները պակաս վտանգավոր կլինեն վարակված լինելու դեպքում, քան հանրային ծառայողը»։

Ըստ իրավաբանի՝ այս նախագծի հեղինակները շատ լավ են հասկանում, որ հանրային ծառայողները հասարակության խոցելի խումբն է և հնազանդվելու են՝ իրենց ֆինանսական, սոցիալական կայունությունը չսասանելու համար։ 

«Ամենացավոտն այն է այս պարագայում, որ ոչ մեկը չի ընդվզելու և գլուխները կախ պատվաստվելու են։ Սա է հոգեբանական ճնշվածություն առաջացնում»,- նշում է իրավաբանը։

Նկատենք՝ այս օրենսդրական նախաձեռնությունը հոկտեմբերի 1-ից Հայաստանի առողջապահության նախարարի նոր որոշման շարունակությունն է։ Հիշեցնենք՝ ըստ այդ որոշման՝ ուսումնադաստիարակչական հաստատությունների, կազմակերպությունների աշխատողները կամ պետք է պատվաստված լինեն, կամ 15 օրը մեկ ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։

«Ես կարծում եմ՝ այս որոշումը վարչական դատարան դիմողների թիվը կշատացնի», -նշում է իրավաբանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am