«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը
– Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ Դատախազությունը ևս Նիկոլ Փաշինյանի՝ «սատկացնելու», «չոքացնելու», «կզացնելու» արտահայտությունները քրեորեն պատժելի չի համարում, ինչպես և արել էր օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
– Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանում երկար ժամանակ է, իշխանությունները վճռել են, որ Նիկոլ Փաշինյանը օրենքից դուրս է. այն, ինչ արգելված է օրենքով ու չի թույլատրվում որևէ մեկին, նրան թույլատրելի է, Դատախազությունն այսօր հաստատեց դա: Ընդ որում, սա վերաբերում է միայն Նիկոլ Փաշինյանին, մնացած բոլորին չի թույլատրվում անել այն, ինչ օրենքն է արգելում:
Սա մեր այսօրվա տխուր իրականությունն է, բայց նորություն չէ, որովհետև միայն նախընտրական փուլում չէ, որ նա օրենքից դուրս է ու օրենքից վեր է դասվում ու պահանջում է, որ ենթակաները դա ընդունեն, վավերացնեն ու արձանագրեն, ենթականերից մեկն էլ Դատախազությունն է, արդեն երևի վերջին երկու-երեք տարին նա այդ ճանապարհին է ու հիմա հասել է բարձունքների:
– Միայն Նիկոլ Փաշինյանի՞ն է թույլատրվում օրենքից դուրս գործել, թե՞ նաև մյուս իշխանականներն են օրենքից դուրս, ինչպես ասացիք:
– Դե դրանք ընդհանուր մի թիմ են, իրենք իրար դիտարկում են որպես մեկ ընդհանրություն, ու իրենց կուսակցությունը ավելի շատ հիշեցնում է զինվորական կառույց, այլ ոչ թե կուսակցություն, որտեղ հրամանատարը քննարկումից դուրս է, և հրամանատարին նմանակելը խրախուսելի է: Այս պատճառով էլ նրանք նմանակում են, շատերի մոտ այդ նմանակումը ծիծաղելի է լինում, բայց նմանակում են:
– Պարո՛ն Հարությունյան, ասացիք, որ արդեն մի քանի տարի է, ինչ երկրում այս վիճակն է, դա պետության համար ի՞նչ ռիսկեր է պարունակում, որո՞նք են վտանգները:
– Սա վտանգավոր է այն առումով, որ սովորություն դառնալով, մարդը, որը կհայտնվի վարչապետի կարգավիճակում, իրեն օրենքից վեր դասելով, իրեն ամեն ինչ թույլատրելի համարելով, հետագայոմ կարող է անցնել անթաքույց բռնությունների, հաշվեհարդարների, իսկ նմանատիպ գործողությունները կխարխլեն մեր պետության հիմքերը:
– Նախկին իշխանությունների ժամանակ է՞լ էր այս վիճակը երկրում, թե՞ այլ էր:
– Նրանց մոտ պատկերը մի քիչ ուրիշ էր. նրանք, իհարկե, այս կարգի բառապաշար չէին օգտագործում, բայց դրա փոխարեն ունեին քրեական տարրերից բաղկացած հրոսակախմբեր:
Քոչարյանի ժամանակ, հիշո՞ւմ եք, հաշվեհարդարներ էին տեսնում, լրագրողների, քաղաքական գործիչների նկատմամբ բռնություններ էին գործադրում: Հիշեք, թե Քոչարյանի ժամանակ Աշոտ Մանուչարյանին ինչպես ջախջախեցին ուղղակի Կենտրոնի դալաններից մեկում այդ նույն հրոսակախմբերը, որ կազմավորվել էին Քոչարյանի ժամանակ:
Հարձակումները լրագրողների վրա, բոլորի անունները ես հիմա հիշում եմ, որովհետև բոլորի դեպքերով էլ զբաղվել եմ: Կային օլիգարխներին կից քրեական տարրեր, մարտի 1-ի գնդակահարության ժամանակ օլիգարխներին կից քրեական տարրերի մասնակցությունը, որ վավերացվեց, այդ տեսանյութերում կան, որ նրանց արտահագուստ ու զենք էին բաժանում, որպեսզի իրենք բռնություն գործադրեն կամ կրակեն ցուցարարների վրա:
Այդ ամենը մենք տեսել ենք, բայց ինքն անձամբ՝ առաջին իշխանավորը, միշտ փորձել է ձերբազատվել դրանից, ցույց տալ, որ ինքը մեղավոր չէ, տեղյակ չէ դրանից: Մինչև այսօր և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը կարող են ասել ու ասում են, եթե հարկ լինի՝ կարող են պնդել, որ իրենք տեղյակ չեն, չեն տեսել, բայց փաշինյանենց դեպքում հենց ինքն է, իր դեմքով է:
– Այ դա ինչո՞վ եք բացատրում:
-Երևի թե բնավորությամբ. ինքը իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը, ինքը գնում է առջևից, արդեն ասացի, որ իրենցը զինվորական կառույց է հիշեցնում, ինքը՝ որպես հրամանատար, գնում է առջևից, մնացածները հետևից վազում են: Այդ կառույցում որևէ մեկը չի կարող համաձայն չլինել, չհամաձայնվողներին «ոչնչացնում» են, SMS-ներ են ուղարկում և վերջ:
– Պարո՛ն Հարությունյան, ասացիք, որ ըստ էության այդքան էլ մեծ չէ տարբերությունը նախկին ու ներկա իշխանությունների միջև, համենայնդեպս այս առումով: Ինչո՞ւ:
– Առաջին դեմքերի դեպքում, իհարկե, կա տարբերություն, բայց համակարգային առումով վերաբերմունքը ընդդիմախոսների նկատմամբ, այո՛, շարունակում է մնալ նույնը, որովհետև և՛ Փաշինյանը, և՛ մյուսները նույն դպրոցի աշակերտներն են, նույն դպրոցն ավարտածներն են՝ անկախ իրենց տարիքային տարբերությունից ու ամեն ինչից: Այս երեք վերջին գործիչները իշխանավարումը պատկերացնում են այսպես՝ եթե ես եմ առաջին դեմքը, ուրեմն ես եմ որոշում ինչ անել ու ասել, ես օրենքից դուրս եմ:
– Իսկ այս խոսույթի տարածումը, այդ կերպ ատելության մթնոլորտի խորացումը ի՞նչ վտանգներ է պարունակում:
– Նախընտրական փուլում, իհարկե, ավելի է սրվում այդ ամենը: Ես դեռ շատ վաղուց` 2018-ից էլ առաջ, իմ հոդվածներում, հարցազրույցներում ասել եմ, որ իշխանություններն ընդդիմադիրներին դիտարկում են որպես ոչնչացման ենթակա խմբավորումներ, անձինք և այլն: Նույնը վերաբերում է նաև այս իշխանություններին, որոնք շարունակում են նույն ոգով ու ոճով, բայց այս ամենի վերջնահաշիվը փակելու է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ այս ամբողջը ծանրացել, ծանրանում ու ծանրանալու է Հայաստանի վրա:
Նախկինում գործած մեծագույն սխալների արձագանքը մենք այսօր տեսնում ենք, մենք արդեն ստացել ենք դրանց հետևանքները պատերազմի, պարտության տեսքով: Հիմա, սրանց գործողությունների հետևանքները նույնպես մենք ենք ստանալու, իրենք չեն ստանալու, վերջին հաշվով հաշիվը փակելու է Հայաստանի Հանրապետությունը:
– Հաշիվն ի՞նչ տեսքով է լինելու:
– Դա կանխատեսել չեմ կարող, բայց որ ծանր է լինելու, կասկածից դուրս է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















