«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ընկերներիս և հարազատներիս խնդրանքով կատարում եմ այս գրառումը՝ նաև իրենցից ներողություն խնդրելով, որ ստիպված են իմ գործունեության պատճառով ունենալ տխուր պահեր։ Երեկ երեկոյան որոշ խմբերի կողմից սկսվեց առաջին նկարի փոքրացված տարբերակի՝ միայն Ադրբեջանի դրոշով, տարածումը ֆեյսբուքում՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե իբր նկարվել եմ Ադրբեջանի դրոշի հետ։ Այս գրառումով Ձեզ կներկայացնեմ իրական պատմությունը։
2018թ․ դեկտեմբերի 10-ին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից արժանացել եմ Քաղաքացիական հասարակության մրցանակին։
Արևելյան գործընկերությունը նախաձեռնություն է, որը ստեղծվել է Եվրոպական Միության կողմից հարևան 6 արևելյան երկրների՝ Հայաստանի, Ուկրաինայի․ Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Մոլդովայի հետ հարաբերություննները խորացնելու և կայացնելու համար։ Նշեմ, որ առաջադրված են եղել 5 թեկնածուներ վերոնշյալ տարբեր երկրներից, և ինձ համար մեծ պատիվ է եղել այս մրցանակը բերել Հայաստան։ Այստեղից արդեն նաև պարզ է դառնում, թե որ երկրների դրոշները պետք է լինեին հարթակում։
Նշեմ նաև, որ ԵՄ տարբեր անդամ երկրների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների առաջ մեծ պատիվ է եղել ներկայացնել Թավշյա հեղափոխության ընթացքը և Հայաստանում տեղի ունեցող կարևոր փոփոխությունները։ Ելույթիս ժամանակ նաև նշել եմ, որ այս մրցանակը միայն իմը չէ, և այն կիսում եմ բոլոր հայ երիտասադների հետ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հեղափոխության իրականացման մեջ։
Ինչ վերաբերվում է ինձ արդեն 3 տարուց ավել թիրախավորած, իմ մասին սուտ տեղեկություններ ու կեղծ լուրեր տարածող մարդկանց, ասեմ, որ ,այո՛, ձեզ մոտ ստացվում է նեղություն պատճառել, դուք կարողանում եք աղտոտել մթնոլորտ, ազդել իմ կյանքի ընթացքի վրա՝ հասցնելով անվերադարձ կորուստներ, բայց դուք շարունակում եք մնալ ճղճիմ, ստոր ու անպիտան։ Ցավում եմ, որ ձեր մի կյանքը ապրում եք առանց որևէ բան ստեղծելու ու ինչ-որ լավ բան անելու»։