«Հայ կինն ամենալավն է, որովհետև ամենադիմացկուն է». Կին քաղաքական գործիչներն ու մարտի 8-ը

«Հայ կինն ամենալավն է, որովհետև ամենադիմացկուն է». Կին քաղաքական գործիչներն ու մարտի 8-ը
«Հայ կինն ամենալավն է, որովհետև ամենադիմացկուն է». Կին քաղաքական գործիչներն ու մարտի 8-ը

Կին քաղաքական գործիչներն էլ մյուս կանանց պես սիրում են տոն օրերին ուշադրության կենտրոնում լինել և իհարկե ստանալ շատ ծաղիկներ:
«Մեդիալաբը» ներկայացնում է կին քաղաքական գործիչներից մի քանիսի տոնական բարեմաղթանքները:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասում է, որ մարտի 8-ին սիրում է նվեր ստանալ շատ ծաղիկներ:

«Տոնը ես նշում եմ ընկերական և ընտանեկան շրջապատում: Այսօր առավոտյան ամենառաջին նվերն ամուսնուս շնորհավորանքն է եղել, իսկ հետո արդեն տարբեր շնորհավորանքներ եմ ստացել»,- «Մեդիալաբին» ասում է Հերմինե Նաղդալյանը:

Նա նշեց, որ շնորհակալ է բոլոր ընկերներից ու գործընկերներից, ովքեր այսօր զանգել ու շնորհավորել են իրեն, ծաղիկներ են ուղարկել: ԱԺ կին փոխնախագահը կարծում է, որ հայ կինն այսօր ամեն ինչ ունի:

«Իրեն պետք է պարզապես մի քիչ բարեբախտություն և ապահով Հայաստան»,- նշեց նա:

Իսկ տղամարդիկ, Հերմինե Նաղդալյանի խոսքով, պետք է իրենց կանանց հետ միասին ամեն ինչ անեն՝ այդ ապահով Հայաստանը ստեղծելու համար:

Ազգային ժողովի պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայ կանանց առաջին հերթին առողջություն է մաղթում:

«Թող ունենան հաջողություններ իրենց ընտանիքում, սեր, երջանկություն, անամպ երկինք, թող որ խաղաղությունը թևածի թե երկնքում, թե իրենց ընտանիքում»,- «Մեդիալաբի» միրջոցով իր բարեմաղթանքները փոխանցեց Հեղինե Բիշարյանը:

Նա նշեց, որ մարտի 8-ին սովորաբար ծաղիկներ են նվիրում իրեն:

«Բայց ես շատ կարևորում եմ վերաբերմունքը, երբ մարդիկ նույնիսկ հեռախոսով զանգահարում և շնորհավորում են: Սիրում եմ նաև ծաղիկներ ստանալ»,- ասաց նա:

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Մեդիալաբի» հետ զրույցի պահին ամուսնու ու որդու հետ տանը նշում էր մարտի 8-ը:

«Իմ տան տղամարդիկ շնորհավորում են ինձ, ծաղիկներ են նվիրել: Դեռ գիշերը՝ ժամը 12-ին, երբ սկսվեց մարտի 8-ը, իմ երեխաները՝ աղջիկներս ու փեսաներս ծաղիկներ են ուղարկել ինձ»,- ասաց նա:

Մարգարիտ Եսայանը նշեց, որ այսօր աշխատել է, գրեթե չի հանգստացել, մամուլի ասուլիսներ է տվել, աշխատանքային հանդիպումներ է ունեցել:

«Այս օրը ինձ համար, իհարկե, տոնական էր, բայց ոչ աշխատանքային չէր: Ես վազքի մեջ եմ եղել, ինչպես մյուս օրերին»,- ասաց նա:

Շնորհավորելով կանանց ու աղջիկներին՝ Մարգարիտ Եսայանը նշեց, որ հայ կնոջն այսօր շատ բան է պակասում:

«Հայ կնոջը պակասում է նորմալ վարձատրվող աշխատանքը, պակասում է իրենց ամուսինների արժանապատիվ տղամարդկային կեցվածքը, հայ կնոջը պակասում է շատ բան: Եվ ես մաղթում եմ, որ հայ կանայք ուղղակի հավատան, որ իրենք վաղն ավելի լավ կյանքով են ապրելու և ավելի քիչ բանի կարիք են ունենալու, քան ունեն այսօր»,- «Մեդիալաբին» ասում է Մարգարիտ Եսայանը:

Նրա խոսքով՝ մի բան կա, որը միայն հայ կնոջն է հատուկ, դա այն է, որ նույնիսկ ցանկացած դժվարության ու նեղության մեջ հայ կինը պահպանում է իր կանացիությունը, իր օջախը:

Ըստ պատգամավորի՝ հայ կինն այնքան ուժեղ է, որ կարողանում է նույնիսկ նեղության ու դժվարության մեջ պահպանել լավատեսությունը:

«Հայ կինն ամենալավ կինն է աշխարհի, որովհետև ամենադիմացկուն կինն է»,- կարծում է Մարգաիրտ Եսայանը:

© Medialab.am