Ըստ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի՝ 2009-2010թթ. սկիզբ առած քաղաքացիական նախաձեռնությունները խնդիր ունեն քաղաքացիական շարժում ձևավորելու, որն էլ իր հերթին կստեղծի կլանայինից քաղաքացիական իշխանության անցնելու նպաստավոր դաշտ:
Մշակութային մարդաբանը՝ վերլուծելով հաջողություն արձանագրած երկու՝ Մաշտոցի պուրակի և 100-ի շարժումը, իր հետազոտությունում հանգել է եզրակացության, որ Հայաստանում առկա է երկու՝ քաղաքացիական և կլանային տիպի իշխանություներ, և վերջինի հետ public policy տիպի հարաբերություններ ունենալը շատ դժվար է:
Միջազգային հանրային կառավարման մագիստրոս Օլյա Ազատյանը նշում է, որ հանրային քաղաքականությունը փուլավորված է ու ունի հստակ կառուցվածք. խնդրի սահմանում, տարբերակների քննարկում, որոշումների կայացում, իրականացում և գնահատում:
«Սակայն օրինակ, երբ մեր նախարարությունները սահմանում են այս կամ այն խնդիրը, բոլորովին պարզ չէ, թե ըստ ինչ առաջնահերթությունների են դրանք սահմանվում,- ասում է նա,- բացի այդ խնդիրները կոնկրետ չեն ձևակերպում, ասում են, որ լղոզված ենք թողնում, որ հետո խաղալու տեղ լինի»:
Ազատյանը նշում է, որ նույնիսկ ընտրված խնդրի տարբերակների քննարկումներ և հանրային իրազեկում գրեթե չեն լինում. «այս հարցում փորձում են համեմատաբար ակտիվ լինել ՀԿ-ները, որոնցում իշխանական սեկտորից մասնակցությունը շատ քիչ է, և իշխանական մասից նրանք ընկալվում են որպես թշնամի»:
Սակայն ՀԿ-ն ինքը՝ որպես հանրային խնդիրներ ձևակերպող և պետության կողմից անուշադրության կամ քիչ ուշադրության արժանանացող ոլորտները ներկայացնող մարմին, ըստ հոգեբանության գիտությունների թեկնածու Սոնա Մանուսյանի՝ քաղաքացիական հասարակությունում «խաղացողի» իմիջի ձևավորման խնդիր ունի, քանի որ քաղհասարակության մոտ չկա այն դիրքորոշումը, որ ՀԿ-ները կարևոր դերակատարում ունեն քաղհասարակություն կառուցելու գործում:
«Այնպես չէ, որ մարդիկ օդից են թերահավատ ՀԿ-ների նկատմամբ,- ասում է նա,- որոշ ՀԿ-երի գործելաոճը ոչ լիարժեք է համապատասխանում ժողովրդավարությանը, որը հանրության մեջ աղոտ ընկալում է առաջացնում նրանց նկատմամբ և հիշվում է բացասականը, իսկ ՀԿ-ները ջանք էլ չեն թափում վստահելի լինելու»:
Մանուսյանն ասում է, որ ՀԿ-ն և հասարակությունը սոցիալ-հոգեբանորեն իրարից դոմինանտորեն հեռացված են, մարդկանց համար ՀԿ-ն անհասկանալի է, և վերջինս ձևեր պետք է մտածի, որով կարող է ավելի լսելի դառնալ:
«Իրենց կատարած նույնիսկ կարևոր գործերը չեն հանրայնացվում ու չեն օգտագործվում լայն ինքնաներկայացման համար,- ասում է Մանուսյանը,- ԶԼՄ-ների հետ խնդիրը շատ լուրջ է, ու ՀԿ-ները նշել են, որ չեն ցանկանում աշխատել ԶԼՄ-ների հետ»:
Ազատյանը նշում է սեպտեմբերի 3-ին ընդունված քաղաքական որոշումը, որին՝ ըստ նրա պետք է հաջորդեին հանրային քննարկումների շարք ու տարբերակների որոնում, փոխարենը եղել են շատ փակ քննարկումներ, որոնցում հանրությունը մուտք չի ունեցել:
«Ինչ վերաբերվում է գնահատման փուլին՝ դա ամբողջությամբ բացակայում է, և չկան արտաքին աուդիտներ, որոնք կչափեն ծրագրերի ազդեցությունը. մեր նախարարությունների կայքերում բայերն օգտագործվում են «ապառնի ժամանակով» և բացակայում է «անցյալ ժամանակը»,- ասում է նա,- իսկ փորձի փոխանակման համար արտերկներ ուղևորվող աշխատակիցներից հիմնականում գնում են նրանք, որոնք տվյալ ոլորտի հետ առնչություն չունեն, փոխարենը սերտ առնչություն ունեն նախարարի հետ և գնում են շոփինգների»:
Այդուհանդերձ, հանրային քաղաքականության այսպիսի կեցվածք դրսևորող կլանային տիպի իշխանության հետ հնարավոր է երկխոսություն ծավալել, որը հաջողությամբ իրականացրել են որոշ քաղնախաձեռնություններ:
Թադևոսյանը նշում է, որ քաղացիական նախաձեռնությունների մի քանի ձեռքբերումներից մեկը հանրային դիսկուրսում մնալով հանդերձ՝ իշխանությունների հետ երկխոսելու պրակտիկան է:
«Նախկինում ոստիկանը շատ հանգիստ քաղաքացուն կարող էր ասել, որ այսինչ տեղում մի կանգնիր, և քաղաքացին նրան աներկբա հնազանդվում էր, հիմա դա փոխվեց ու համանման իրավիճակում քաղաքացին հարցնում է, թե ինչ օրենքի հիման վրա նա չի կարող կանգնել այդինչ տեղում»,- մեկնաբանում է նա:
Մեկ այլ ձեռքբերում է հանրային տարածք ստեղծելու և այնտեղից իշխանության հետ երկխոսելու պրակտիկան: Թադևոսյանը հիշեցնում է Երևանի փոխոստիկանպետ Վալերի Օսպիյանի և 100-ի շարժման անդամների հետ հանդիպումը, որոնք պարբերաբար հանդիպումներ էին կազմակերպում Մաշտոցի պուրակում:
«Նրանց շփումը շատ ռեգլամենտավորված էր և հստակ սահմանված ժամկետ կար խոսք ասելու համար: Երբ Օսիպյանը եկավ, թվաց, որ նա անվերջ պիտի խոսի որպես իշխանություն, սակայն իրեն ասացին, որ խոսքի համար ունի կոնկրետ սահմանված ժամանակ՝ ինչպես բոլորը, և նա միանգամից ընդունեց այդ պայմանը, որովհետև այլ կերպ նա չէր կարող դիրքավորվել քաղհասարակության ձևավորած դաշտում»,- ասում է նա:
Այդուհանդերձ, Թադևոսյանի կարծիքով՝ քաղաքացիական նախաձեռնությունները փակուղու առաջ են կանգնած և գոյություն ունի ստրատեգիական լայն խնդիր ձևակերպելու պահանջ, որը գտնվում է մեթոդաբանության հարթությունում:
«Ես այն կարծիքին եմ, որ կա լուծումների դեֆիցիտ ու պետք է նոր տիպի խնդիրներ դնել,- ասում է նա,- հիմա օրինակ պետական ինստիտուցիաները լծված են խաբելու «Դեմ!եմ» շարժմանը, որ թվում էր, թե հաջողել է»:
Մշակութային մարդաբանն ասում է, որ խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ իշխանության տիպի փոփոխությունը, որը շատ նախաձեռնություններ չեն էլ հասկանում, և խմբերը, որոնք զբաղված են լոկալ խնդիրներով, մեթոդաբանորեն չեն մոտենում դրանց, մինչդեռ ունեցած ձեռքբերումների հիման վրա պետք է գնան դեպի իշխանության սուբյեկտի փոփոխության, որը հասարակության մոդեռնացման կարևորագույն էլեմետներից է:
Այսպիսի մոտեցման համար Թադևոսյանը նշում է մի քանի գործոնների պակասություն. անդամների ռեսուրսների սահմանափակում՝ քանականան և որակական տեսակետից, նոր գիտելիքի պակաս, որի առկայությամբ դեպքում նրանք ռեֆլեքսիա կանեն ու ստրատեգիական խնդիրներ կդնեն իրենց առաջ:
«Բացի այդ վիրտուալ տարածքները, որ օգտագործում են միայն կազմակերպելու համար, կարելի է օգտագործել նաև այդ խնդիրները լուծելու համար»,- ասում է նա:
Աննա Մուրադյան
© Medialab.am