Վերջին 5 տարում «Իրազեկ քաղաքացիների միավորման» վճարած հարկերը կազմել են մոտ 70 միլիոն դրամ

Հեղինակ MediaLab

Օրերս համացանցում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, թե իբր մի շարք հասարակական կազմակերպություններ (այդ թվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը») փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ազատվել են հարկերից: Ու թեպետ «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am կայքը փաստարկված ներկայացրեց տեղեկության կեղծ լինելը, այդուհանդերձ այն շարունակվեց տիրաժավորվել տարբեր անձանց (օրինակ՝ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի) կողմից:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» (ԻՔՄ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը չունի կոմերցիոն բնույթ՝ չի մատուցում ծառայություններ և չի վաճառում ապրանքներ: Հետևապես ԻՔՄ-ն, ըստ հարկային օրենսդրության, չի կարող ունենալ առևտրային գործունեությունից ծագող հարկային պարտավորություններ (քանի որ առևտրային գործունեություն չի իրականացնում):

2014 թ. հիմնադրման օրվանից ի վեր ԻՔՄ-ն նաև երբեք չի ներմուծել ապրանքներ, հետևապես նաև առնչություն չի ունեցել մաքսազերծման հետ կապված հարկերի և տուրքերի հետ: Հարկային օրենսդրության վերաբերյալ ոչ ամբողջական գիտելիքներ ունեցողների համար հարկ ենք համարում նշել, որ թե՛ Հայաստանում, և թե՛ շատ այլ երկրներում շահույթ չհետապնդող սուբյեկտի կողմից դրամաշնորհի կամ այլ նվիրաբերության ստացումը, ինքնին, դեռևս հարկման ենթակա գործարք չէ: Չկա հարկատեսակ, որով այն պետք է հարկվի:

Այլ կերպ ասած, «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» վերաբերելի են միայն եկամտային հարկը, պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը և Զինծառայողների ապահովության հիմնադրամի պարտադիր վճարները («1000 դրամները»): Հատուկ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ այս հարկերը միշտ վճարվել են ամբողջությամբ և ժամանակին:

Վերջին 5 տարում վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 70 միլիոն դրամ: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի գանձապետարան վճարված հարկերի, տուրքերի ու վճարների չափը՝ ըստ թվականների: Եվս 2 մլն դրամ 2019 թվականին Արցախի գանձապետարան է վճարել ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակը (որը սկսել է գործել 2019-ի հուլիսից):

Ավելին, ի տարբերություն քաղաքացիական հասարակության հասցեին մեղադրանքներ հնչեցնող որոշ անձանց և խմբերի, ԻՔՄ-ի ֆինանսական աղբյուրները բաց են (ամեն տարի հրապարակվում են), ԻՔՄ-ի բոլոր աշխատողները գրանցված են և վճարում են բոլոր հարկերը, ԻՔՄ-ի համար բոլոր ծառայություն մատուցողներն ու ապրանք առաքողները վճարվում են բացառապես հաշիվ-ապրանքագրերի հիման վրա, ինչի արդյունքում ևս չեն կարող խուսափել հարկային պարտավորություններից:

Եվս մեկ անգամ նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» երբեք և որևէ պաշտոնատար անձի որոշմամբ չի ազատվել գեթ մեկ դրամ հարկային պարտավորությունից և երբեք հարկային արտոնություն չի ստացել:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» կոչ է անում բոլորին չտիրաժավորել անթափանցիկ ֆինանսավորում ու կասկածելի հարկային բարեխղճություն ունեցող սուբյեկտների հեղինակած ապատեղեկատվությունները՝ քաղաքացիական հասարակության բարեխիղճ և թափանցիկ դերակատարների վերաբերյալ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»