Արծվիկ Մինասյան. Չփորձեք ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ

Արծվիկ Մինասյան. Չփորձեք ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ
Արծվիկ Մինասյան. Չփորձեք ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ

Երեւանում «DIY» ակումբի պայթյունի իրականացնողները գրավի դիմաց ազատ են արձակվել եվ ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան (Ծոմակ) հայտարարում է, որ ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից:
Ի պատասխան այս ամենի` Արծվիկ Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ որպես ԱԺ պատգամավոր նա բազմիցս նշել է, որ Հայաստանում կալանավորումը` որպես խափանաման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պարկտիկա:
«Այս անձնական համոզումս ժամանակին հիմք է հանդիսացել, որ անձնական երաշխավորությունը կամ գրավը որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու նախաձեռնությամբ հանդես գամ, թե օրեսդրական առաջարկների ձեվով, եւ թե մասնավոր դեպքերում»,- ասում է նա հաղորդագրության մեջ:

Դրական համարելով դատարանի կողմից այլընտրանքային խափանաման միջոց կիրառելու որոշումը` նա հույս է հայտնում, որ Հայաստանի իրավական համակարգը, ինչպես մինչ դատական վարույթի, այնպես էլ դատական քննության ընթացքում ի զորու կլինի երեվույթին տալ իրավական ճշմարիտ գնահատական:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել էին Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Արմինե Օգանեզովային պատկանող «DIY փաբը»:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ օրը, ժամը 05.05-ի սահմաններոմ, եղբայրներ՝ 20-ամյա Արամե եւ 19-ամյա Համբիկ Մ.-երը, նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի պատուհանի ապակին եւ նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:

Մայիսի 9-ին, ժամը 13.00-ին Արամե եւ Համբիկ Մ.-երը Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվել բաժին:

«Մենք իրենց ճանաչում ենք, որովհետեւ իրենք մի քանի անգամ մեր հետ կոնֆլիկտի մեջ են մտել, այսինքն` ակումբի առաջ թքում էին գետնին, հետ էին տալիս, դրանք այն մարդիկ են, ովքեր իրենցից բացի` ոչ մեկին չեն ընդունում, կարելի է ասել չուզողներ, թշնամի, ֆաշիստական ինչ-որ բաներ ունեն իրենց մեջ, մի քանի անգամ տարբեր տեղեր մտել են, խփել են, ջարդել-փշրել»,- ասել էր ակումբի տնօրեն Ծոմակը` հավելելով, որ պայթյունը եղել է ատելության եւ նախանձի հողի վրա:

Նա նշում է, որ ակումբ չեն հաճախում միայն նույնասեռականներ, ամեն տեսակ մարդ էլ մտնում է:

Ակումբը բնակելի շենքի նկուղային հարկում է, որը գազաֆիկացված է: «Պատկերացրեք ինչ հետեվանքներ կարող էր առաջացնել այս ահաբեկչությունը»,- հավելում է Ծոմակը:

«Կանանց ռեսուրս» կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը կատարվածը դատապարտում է որպես հանցագործություն, թե պետական մասշտաբով, թե հասարակության վերաբերմունքով:

«Սա նշանակում է, ինչ ուզում եք արեք, մեկ է անպատիժ եք մնալու»,- նշեց Ահարոնյանը,-«Ինչ է նույնասեռականները չպետք է ապրեն»:

Գրող Վիոլետ Գրիգորյանն էլ դատապարտելով կատարվածը նշեց. «Այդ դեպքում թող գնան Փարաջանովի տուն-թանգարանն էլ պայթեցնեն, որովհետեվ Փարաջանովը նույնպես եղել է նույնասեռական»,- ասաց նա` հավելելով, որ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ապահովել բնականոն կյանք:

Իր հերթին, Մինասյանը քիչ առաջ տարածած հայտարարության մեջ նշել է, որ «դատապարտում եմ ակումբի սեփականատերերի եւ նրանց աջակիցների կողմից երեւույթի անհարկի քաղաքականացումը եւ հատկապես` ՀՅԴ անվան շահարկումը»:

«Եթե ակումբի գործունեության մեջ շահագրգիռ անձինք փորձում են այդպիսի գործելակերպով ճանաչում ձեռք բերել եւ իրենց վրա հրավիրել հանրության ուշադրությունը, ապա խորհուրդ կտամ զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից, առավել եւս, երբ իրենց արդեն հաջողվել է ճանաչում ձեռք բերել իրենց ավելի «հարազատ միջավայրում»»,-ասել է նա` կոչ անելով «չփորձել ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ»:

© Medialab.am