2025-ը կլինի Ուկրաինայի հաղթանակի և Ռուսաստանի ագրեսիայի ավարտի տարի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը 2025 թվականին կանի ամեն ինչ՝ վերջ տալու Ռուսաստանի գրեթե երեք տարի տևող ագրեսիային։ «Թող 2025-ը լինի մեր տարին»,- ասել է Զելենսկին՝ ամանորյա ուղերձում։ «Մենք գիտենք, որ խաղաղությունը մեզ որպես նվեր չի տրվի, բայց մենք կանե՛նք ամեն ինչ՝ կանգնեցնելու Ռուսաստանին և ավարտելու պատերազմը», – հավելել է նա։

Զելենսկին նշել է, որ ոչ ոք խաղաղություն չի նվիրելու Ուկրաինային, բայց համոզված է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Կիևին։ Նա վերհիշել է իր զրույցները ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի այլ աջակիցների հետ։ «Ես վստահ եմ, որ նոր ամերիկյան նախագահը կցանկանա և կկարողանա բերել խաղաղություն և դադարեցնել Պուտինի ագրեսիան»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։

Ռուսաստանի առաջխաղացումը Ուկրաինայում

2024 թվականին Ռուսաստանը գրավել է 4,000 քառակուսի կիլոմետր տարածք, որը 2023-ի համեմատ յոթ անգամ ավել է։ Այս տվյալները հրապարակել է բրիտանական «Գարդիանը»՝ հղում անելով Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտին։ Ըստ տվյալների՝ հոկտեմբերին և նոյեմբերին Ռուսաստանը գրավել է 610 և 725 քառակուսի կիլոմետր տարածք՝ ամենամեծ ձեռքբերումները մարտից հետո։