Օմբուդսմենի գործունեությունը սերվիս է. նոր ՄԻՊ հայտարարությունը զարմացրել է իրավապաշտպանին

Օմբուդսմենի գործունեությունը սերվիս է. նոր ՄԻՊ հայտարարությունը զարմացրել է իրավապաշտպանին
Օմբուդսմենի գործունեությունը սերվիս է. նոր ՄԻՊ հայտարարությունը զարմացրել է իրավապաշտպանին

Օմբուդսմենի պաշտոնում Արմեն Հարությունյանին փոխարինած Կարեն Անդրեասյանի մարտի երկուսին ԱԺ-ում արած այն հայտարարությունը, թե Օմբուդսմենի գործունեությունը եւս սերվիս է տարակուսանք է առաջացրել:
Մարտի 2-ին խորհրդարանում տեղի ունեցած փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Անդրեասյանը ընտրվել է Հայաստանի օմբուդսմեն` ձայների 83 կողմ եւ 13 դեմ հարաբերակցությամբ: ՄԻ պաշտպանի ընտրություններին մասնակցել է 97 պատգամավոր: Ընտրություններին չի մասնակցել Դաշնակցություն խմբակցությունը:
Արդեն որպես Հայաստանի նոր օմբուդսմեն, Անդրեասյանը հայտարարել է, թե իր համար « Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ծառայություն է, սերվիս է, որը պետք է մատուցել անվճար հիմունքներով  համաքաղաքացիներին եւ ցանկացած մարդու»:

«Ես պատկերացնում եմ, որ այդ գրասենյակի ծառայությունները պետք է լինեն որակով, բարեհամբույր, ջերմ, բացի այդ շահագրգռված, որ մեզ դիմումները շատանան, ինչպես ամեն ծառայության մեջ»,- ասել է Անդրեասյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, տարակուսում է նոր Օմբուդսմենի հայտարարությունից` նշելով, որ «սերվիս կարելի է ասել վարսավիրների, դերձակների, փաստաբանների գործունեության մասին, ովքեր ծառայություն են մատուցում», մինչդեռ, իրավապաշտպանը հիշեցնում է` Օմբուդսմենի գործունեության ոլորտն ավելի լայն է:

«Նախ նոր Օմբուդսմենը պետք է կարդա «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը, որով էլ հենց սահմանվում է Օմբուդսմենի գրասենյակի գործունեությունը, այն, թե ինչ խնդիրներ պետք է լուծի Օմբուդսմենը: Օմբուդսմենի գրասենյակի գործունեությունը ենթադրում է ոչ միայն սպասարկում, այլեւ`կոնկրետ հարցերի, խնդիրների բարձրացում իշխանությունների առաջ: Դա իր գործունեության հիմնական դաշտն է` պարզաբանումներ, տեղեկատվություններ, պահանջներ, զեկույցներ, իրավախախտումների արձագանքում: Ինքը Օմբուդսմենի գործունեության շրջանակները նեղացնելով ուզում է ասի, որ իշխանությունների առաջ խնդիրներ եւ պահանջներ չի՞ ներկայացնելու»,- ասում է Արթուր Սաքունցը:

© Medialab.am