Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ. ՀՏԶՀ

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Սյունիքի մարզում այսօր մեկնարկում է երեք խոշոր բնակավայրերի մի շարք թաղամասերի գազաֆիկացման լայնածավալ ծրագիր:

ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով նախատեսվում է կապույտ վառելիքը հասցնել Մեղրի միավորված համայնքի, ինչպես նաև Լեհվազ և Ագարակ բնակավայրերի այն հատվածներ, որոնք գազաֆիկացված չեն:

Մեղրի քաղաքում կառավարության ներդրումը կազմում է շուրջ 72.5 միլիոն դրամ, Լեհվազ բնակավայրում` շուրջ 56 միլիոն դրամ և Ագարակ բնակավայրում` 128.9 միլիոն դրամ: Ընդհանուր ներդրումը կազմում է շուրջ 260 միլիոն դրամ:

Այսպիսով` ծրագրի հաջող ավարտից հետո բնական գազով կապահովվի շուրջ 500 տնտեսություն, ևս 1500 տնտեսության համար էլ գազաֆիկացման գործընթացն ավելի կհեշտանա: Ծրագիրը կավարտվի 2021 թվականին»,- այս մասին հայտնում է ՀՏԶՀ-ի մամուլի ծառայությունը։