«Հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանի փրկության հույսը կապել են «Հայաստան» դաշինքի հետ». Քրիտինե Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը

Տիկի՛ն Վարդանյան, ձեր խմբակցությունը կարծես սկսել է փողոցային պայքարը՝ իշխանությանը հեռացնելու նպատակով, գո՞հ եք մեկնարկից, հաջողվո՞ւմ է սպասելի թվաքանակով մարդկանց համախմբել:

– Հայաստանն այնպիսի վիճակում է, որ որևէ քաղաքական ուժ, որ մտահոգ է իր երկրի ապագայով ու ցանկանում է պետություն ունենալ, այս իրավիճակում ո՛չ սեփական, ո՛չ որևէ այլ գործողությունից գոհ լինել չի կարող, մեր երկրի վիճակը պարզապես դա թույլ չի տալիս:

Ինչ վերաբերում է խորհրդարանում «Հայաստան» խմբակցության գործողություններին ու «Հայաստան» դաշինքի գործողություններին խորհրդարանից դուրս, պետք է ասել, որ երկրում կա Հայաստանի շահերը չսպասարկող, դրան վնասող իշխանություն, իսկ այդ պարագայում հասարակության շրջանում պետք է ձևավորվի դիմադրություն, որը կկարողանա իշխանություն փոխել ու ստիպել, որ երկիրը վերադառնա իր շահերի սպասարկման հուն: Հիմա մենք այդ փուլում ենք՝ հանրային պահանջ և համապատասխան հասարակական մթնոլորտ ստեղծելու, որը պետք է բերի փոփոխությունների:

Եթե հարցն այն է, թե կա՞ արդյոք փոփոխություն, օրինակ՝ երկու ամիս առաջվա հետ համեմատած՝ այո՛, կա այդ փոփոխությունը: Մենք անընդհատ շեշտում ենք, որ սա մեկ դաշինքի, մեկ կուսակցության պայքար չէ: Ցավոք, Հայաստանում չկան այդպիսի անհատ, ուժ, որ կկարողանան այս չարիքը հաղթահարել, դրա համար պետք են իսկապես հանրային միասնություն և բաժանարար գծերի ջնջում, ու մենք հենց այդ փուլում ենք: Կարծում եմ, որ ավելի արդյունավետ էլ կարող ենք աշխատել, բայց ամեն դեպքում սաղմերն ու առաջին ծիլերը ես տեսնում եմ:

Այսինքն՝ հանրահավաքներն ու, ինչպես դուք եք բնորոշում՝ ընդվզման ակցիաները շարունակակա՞ն են լինելու:

– Այո՛, դրանք չեն կարող շարունակական չլինել, որովհետև հարյուր հազարավոր մարդիկ դժգոհ են ու մերժում են այս իշխանությանը, բայց հանրության մեծ մասը լուռ է, դիրքորոշում չի արտահայտում, ու դրանով իսկ պահպանվում է այսպիսի ստատուս քվոն: Մենք խնդիր ունենք մարդկանց բացատրելու այն ամբողջ աղետը, որն ունենալու ենք այս իշխանության պաշտոնավարման շարունակության պարագայում:

Պարզ ասած՝ այստեղ պետություն ունենալ-չունենալու հարց է, ու այստեղ է, որ բոլոր բաժանարար գծերը պետք է ջնջվեն: Բայց ես գիտակցում եմ նաև այն պարտականությունը, որը մենք՝ որպես ընդդիմություն, ունենք՝ մարդկանց բացատրել իրավիճակը ու թողնել, որ նրանք կողմնորոշվեն ու անեն իրենց քայլերը:

Կա տեսակետ, որ ձեր քաղաքական միավորմանը հիմնականում խանգարում է Ռոբերտ Քոչարյանի գործոնը, նրա ուղղակի կամ անուղղակի միջամտությունը, որպեսզի հանրությանը կարողանաք համախմբել:

– Այս օրերին ամենատարբեր քննադատություններ են հնչում, որոնց մի մասը ընդունելի ու հասկանալի է, որովհետև մենք գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, երբ կարող ենք երկիր կորցնել, ու մարդիկ դժվար են զսպում իրենց զգացմունքները:

Բայց մեզ համար հստակ է, որ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ ձայն են տվել հենց «Հայաստան» դաշինքին, Հայաստանի փրկության հույսը կապել են այս դաշինքի հետ, ու սա ընդդիմադիր դաշտի ամենամեծ ու վստահելի ուժն է, սա փաստ է:

Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ որոշ մարդիկ, ամենատարբեր պատճառներով, որևէ բան չեն անում ու սկսում են խնդիրներն այլոց մեջ փնտրել, իսկ այստեղ տեսանելի են նիկոլիզմի դրսևորումները՝ մեղավորներ փնտրել ամեն տեղ, բացի իրենց ներսից:

– Այսինքն՝ խնդիրը Ռոբերտ Քոչարյանի ա՞նձը չէ, այլ մարդկանց որոշակի խմբե՞րն են, որոնք, ըստ ձեզ, ինչ-ինչ պատճառներով չեն արտահայտում իրենց դժգոհությունը և չեն միանում ձեզ:

– Չէ՛, մարդիկ չեն, խնդիրը շատ ավելի պարզ է. փոփոխություններ անելու համար պետք են համապատասխան հանրային մթնոլորտ և տրամաբանական, արդյունավետ ծրագիր, որը, այո՛, պետք է առաջարկի ընդդիմությունը:

– Տիկի՛ն Վարդանյան, օրինակ՝ երեկվա բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գոհացնո՞ղ էր՝ հաշվի առնելով այն, թե ինչ իրադարձությունից հետո էր ձեր քաղաքական թիմը մարդկանց հրավիրել Հանրապետության հրապարակ:

– Գիտեք՝ Հայաստանում կա մի իշխանություն, որը արտերկրում, ներսում՝ գործընկերների հետ հարաբերվելիս, ասում է, որ ինքը ստացել է մանդատ՝ ամեն ինչ անելու, այդ թվում՝ նոր զիջումների գնալու, ու ինքը միակ ուժն է երկրում, այլ ուժ գոյություն չունի, ու ինքն է հանրային տրամադրությունների արտահայտողը:

Նախորդ օրերին տեղի ունեցած հանրահավաքները միտված էին ցույց տալու, որ Հայաստանում կան արժանապատվություն ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք իշխանություններին չեն տվել Հայաստանը նոր կորուստների տանելու, ինքնիշխանությունից զրկելու մանդատ:

Այս առումով՝ այո՛, մենք հրապարակում տեսանք այդ հազարավոր մարդկանց մի մասին, և ես վստահ եմ, որ վերը նշված արդյունավետ ծրագրի դեպքում նրանց թիվը բազմապատկվելու է: Մենք խնդիր ունենք արժանապատվություն ունեցող ու այս իշխանության գործողությունների հետ չհամակերպվող մարդկանց մոբիլիզացնելու:

– Նոր կորուստների, Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգի մասին եք ասում, բայց չե՞ք ընդունում, որ, այնուամենայնիվ, հանրության մեծ մասը սատարում է այս իշխանությանը, չի ընդվզում կայացվող որոշումների դեմ, ընդդիմության կողքին չի կանգնում:

– Հանրությունը բոլոր հնարավոր ձևերով իրականում ընդվզում է, եթե ոչ ընդվզում, ապա ի՞նչ կանվանեք վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները կարևոր տեղերում, ինչպե՞ս կանվանեք այն աջակցությունը, որ մարդիկ տվեցին իրենց համայնքը պաշտպանած քաղաքապետներին, ինչպե՞ս կանվանեք, երբ մարդն ազատվում է աշխատանքից՝ ընդդիմությանը աջակցելու համար, սակայն չեն շարունակում վախենալ ու հայտնում են իրենց կարծիքը, սատարել մեզ ու գալ հանրահավաքների:

Պարզապես մենք պետք է հասկանանք, որ մեկ տարի առաջ իսկապես Հայաստանում տեղի է ունեցել աղետ, ու բազմաթիվ մարդիկ կան, որոնք կորցրել են հավատը:

Սրանից երեք տարի առաջ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը իր լավ ապագայի հույսը կապել է մի ուժի հետ, որը նրան ամենաշատն է խաբել, ու այստեղ է ընդդիմության՝ մեր խնդիրը, որպեսզի կարողանանք մարդկանց նորից համոզել, վերադարձնել հավատը, ապացուցել, որ Հայաստանում դեռ կան ուժեր, որոնց կարող են վստահել:

– Կհաջողե՞ք մարդկանց հավատը վերականգնելու գործում:

– Պետք է հաջողենք, դրա համար պետք է ամեն ինչ անենք, որովհետև խաղասեղանին հայրենիքի ճակատագիրն է: Վստահ եմ, որ դա մեզ հաջողվելու է, բայց նշեմ, որ երբեք չեմ խանգարի որևէ այլ ուժի, որը կկարողանա դա անել, որովհետև կարևորը այս իրավիճակից ելքեր գտնելն է:

Ես տեսնում եմ այդ դիմադրության առաջին սաղմերը, հասարակության այն շերտին, որը դեռևս չի հանձնվել, չնայած այսքան հիասթափություններին, ուրեմն գործը բոլորինս է, ովքեր մտահոգված են Հայաստանի վաղվա օրով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am