ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը եղել է միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար. Վարչապետ

Ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է: Այդ մասին քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց.

«Հիմա կարող է հարց ծագել՝ իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանութունը, ինչը անընդունելի է մեզ համար»:

Վարչապետը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ՝ դրանք պետք է վերաբացվեն «առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի ու համապատասխան մաքսային հսկողության»:

«Երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն, ինչպես նախկինում ասել եմ», -նշեց վարչապետը: Նա ընդգծեց, որ այդ մասին արձանագրվել է ՀՀ փոխվարչապետերի եռակողմ ձևաչափով հանդիպումների ժամանակ, ինչպես նաև վերջին շրջանում այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է նաև ՌԴ-ն, ինչն էլ հիմք է եղել, որ Ադրբեջանը կայացնի երեկվա որոշումը:

Հիշեցնենք՝ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ այս կեսգիշերից մաքակետ է տեղադրելու Գորիս-Կապան ճանապարհին:

«Այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է սառնասրտություն և ամուր նյարդեր: Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին: Մենք գնում ենք այդ ճանապարհով», -հավելեց Նիկոլ Փաշինյանը: