«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը
– Պարոն Արշակյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տարածել է հայտարարություն, որում նորից խոսում է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ շատ կարևոր է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, փորձել հարթել չհասկացվածության և սառնության պահերը։
Ինչո՞ւ է Ծառուկյանը շարունակ խոսում Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Արդյոք ունի՞ Ռուսաստանի աջակցությունը, թե՞ փորձում է այս տարբերակով աջակցություն ստանալ։
– Նախևառաջ մենք պետք է ընդգծենք, հստակեցնենք մեզ համար՝ իսկ ուրիշ ո՞ւմ հետ Ծառուկյանը կարող է խոսել, այսինքն՝ ուրիշ ո՞ր երկրում նա կարող է ընդունվել, ճանաչվել և նրանց շահերը ներկայացնել Հայաստանում։
ԵՄ-ո՞ւմ՝ նա այնտեղ ի՞նչ գործ ունի, ԵՄ-ում այդպիսի մարդիկ բոլորովին այլ տեղում են հայտնվում և բոլորովին այլ կարգավիճակում։ ԱՄՆ-ո՞ւմ, զարգացած որևէ այլ երկրում ո՞վ նրա ձեռքը կսեղմի, ո՞վ թույլ կտա մտնել ընդունարան։
Եվ հասկանալի է, որ միակ տեղը, որի մասին կարող է խոսել և ասել, որ գործընկերներ ունեմ, կամ Բելառուսն է, կամ Վելիկոռուսը՝ ՌԴ-ն, որտեղ ունի գործընկերներ, այնտեղ քրեաօլիգարխիկ համակարգ է, նրանք այնտեղ գործընկերներ են, իրար հետ աշխատում են, պարկով փողեր փոխանցում իրար։
Ինչ վերաբերում է աջակցություն ունենալուն, նա հիմա հայտ է ներկայացնում, որովհետև եթե աջակցություն ունենար, այդ տոնով դրա մասին չէր խոսի, ընդհանրապես ինքը չէր խոսի, կգործեր, որովհետև նրա խոսքը գործ է։
– Իսկ նրա խոսքը ե՞րբ է գործ եղել։
– Դա իր բանաձևն է, նա եթե խոսում է, նշանակում է՝ չի կարողանում գործել, հիմա նա ղազագիր է ուղղում իր ռուսաց գործընկերներին։ Նա ուղղակի օգնություն է խնդրում, այլապես ինչպե՞ս կարող է Ռուսաստանի շահերը պաշտպանել Հայաստանում, ինքը պաշտպանության կարիք է զգում։
– Ծառուկյանն իր հայտարարության մեջ նաև նշում է. «Ո՞ր ներդրողը կգա Հայաստան։ Ով եկավ՝ արհամարհեցիք, նեղացան գնացին։ Մյուսը՝ տեսնելով քրեական գործերը, բանկային գաղտնիքի թուլացման օրենքը, գույքահարկի բարձրացումը, ինչո՞ւ պիտի գա Հայաստան ներդրում անի, ռիսկի տակ դնի իր կապիտալը։ Կգնա ուրիշ երկիր։ Ռուսաստանի խոշոր կապիտալը՝ հայ լինի թե այլազգի, ո՞նց կգա Հայաստան, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են։ Էդ հերիք չի, հիմա էլ Նավալնի եք Հ1-ով խաղացնում։ Դրանից հետո ո՞վ կգա։ Իշխանության նոր պաշտոնյաները լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ներդրումների բացակայություն»։ Ինչո՞ւ է նա խոսում լարվածության մասին։
– Եթե հիշում եք՝ նա Մարուքյանին «կլասիկ» էր ասում , իսկ ինքը կլասիկ գավառամիտ է, չգիտի, որ Ռուսաստանն ինքը պատժամիջոցների պատճառով զրկված է գաղափարներից, տեխնոլոգիաներից և փողից։
Կլասիկ գավառամիտը տեղյակ չէ, որ Ռուսաստանը կքում է պատժամիջոցների տակ։ Ինչպես նաև Հայաստանում ներքին գործերին խառնվելու պատճառով ՌԴ-ն պատժվում է, նա չի կարող Հայաստանում ներդրումներ կատարել, չի կարող յուրայիններին աջակցել, քանի որ նրանք իրավապահ մարմինների տեսադաշտում են, մի մասն էլ բանտում է։
Այնպես որ, թող ինքը նայի տեսնի, թե Ռուսաստանը ինչ վիճակում է հիմա։ Ռուսաստանը ի վիճակի չէ Հայաստանում ներդրում կատարելու։ Եվ ընդհանրապես, ներդրում՝ չի նշանակում պարկով փող բերել և բամբակի և տրիկոտաժի ցեխ դնել։ Սա սովետական ցեխավիկի երազանք և հոգեբանություն է։
– Ծառուկյանը, նրան միացած ուժերը կարո՞ղ են հաջողել ընդդիմադիր բևեռ ձևավորելու հարցում։
– Նրանք իրար միանալով իրենց թուլացրին, մենք դա պետք է արձանագրենք։ Դա քաղաքական ինքնավնասարարության ակտ էր։ Նրանք թույլ էին, ավելի թուլացան և որքան իրարից շուտ հեռանան, այնքան լավ։ Խեղդվողները իրենց հետ տանում են փրկարարին, նրանք խեղդվողներ են, կսուզվեն, եթե իրարից չբաժանվեն։
– Ռուսաստանը հիմա կփորձի՞ միջամտել ներքաղաքական կյանքին։
– Հենց այս մակարդակով էլ Ռուսաստանը միջամտում է, նա հիմա գործընկեր է փնտրում, քանի որ չի կարողանում նվաստացնել, հաղթել, անցել է գործընկերության, համագործակցության։
Նրան հիմա համագործակցող գործընկեր է պետք։ Ռուսաստանի իշխանությունը Հայաստանում փորձում է գտնել գործընկեր, ոչ թե վասալ։ Վասալները հիասթափեցրել են Ռուսաստանին, քանի որ վասալիզմը կործանվել է, և ինչպես կարգն է Ռուսաստանը լքել է նրանց ու Ծառուկյանին նույնպես կլքի, Ծառուկյանը կհայտնվի լքված սիրուհու կարգավիճակում։
Մանե Հարությունյան
MediaLab.am