Շոյգուն զեկուցել է Մարիուպոլը գրավելու մասին, Պուտինն էլ հրահանգել է չեղարկել Ազովստալի գրոհը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ՌԴ նախագահ Վլ. Պուտինին զեկուցել է Մարիուպոլում ծավալված ռազմական գործողությունների մասին և տեղեկացրել, որ նավահանգստային այդ քաղաքն ամբողջությամբ գտնվում է ռուսական զինված ուժերի վերահսկողության ներքո:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ըստ Շոյգույի, այդ գործողությունների արդյունքում 4000 ազգայնական ոչնչացվել է, 1478-ը հանձնվել են, ավելի քան 2000 ազգայնական էլ արգելափակված են Ազովստալ գործարարնում:

«Ռուսական բանակը և Դոնեցկի ոստիկանական ուժերը բոլոր միջոցները գործի են դրել պահպանելու խաղաղ բնակիչների կյանքը: Ամեն օր բացվել են մարդասիրական միջանցքներ: Եվ չնայած ուկրաինացի գրոհայինների հակազդող քայլերին, հաջողվել է էվակուացնել 142 711 քաղաքացու: Ամբողջ Մարիուպոլը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության ներքո: Ազովստալ գործարանը խնամքով արգելափակված է», -Պուտինին զեկուցել է Շոյգուն:

Շոյգույի զեկույցը լսելուց հետո Պուտինը հրահանգել է Ազովստալ գործարանի գրոհը չեղարկել: «Ազովստալի տարածքում ենթադրվող գրոհը կարծում եմ՝ նպատակահարմար չէ: Հրահանգում եմ չեղարկել: Սա հատկապես այն դեպքն է, երբ պետք է մտածենք մեր զինվորների ու սպաների կյանքերի պահպանման մասին: Պետք է արգելափակել արտադրական զոնան, որպեսզի մի ճանճ նույնիսկ չանցնի այդտեղով: Առաջարկեք վայր դնեն զենքը: Ռուսական կողմը կերաշխավորի նրանց կյանքը», -հայտարարել է Պուտինը:

Նա նաև հրանահնգել է պարգևատրել Մարիուպոլի ռազմական գործողությունների համար կռված զինվորականներին: «Նրանք բոլորը հերոսներ են», -ասել է նա:

Նկատենք՝ երեկ Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին հայտարարել էր, որ Ազովստալ գործարանի տարածքում թաքնված են շուրջ 1000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ծերեր, երեխաներ: