ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ՝ մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ

«Ամերիկայի Ձայն» – Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է ծրագրում Ռուսաստանի դեմ՝ Կիևի արվարձաններում խաղաղ բնակիչների սպանդի մասին հաղորդումներից հետո։ Եվրախորհուրդը դրա մեջ մեղադրում է Մոսկվային: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկեց ամբողջությամբ դադարեցնել ԵՄ երկրների՝ ածուխի և նավթի գնումները Ռուսաստանից։

Եվրախորհուրդը, որը ԵՄ բարձրագույն քաղաքական մարմինն է, հայտարարություն է տարածել, որ Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքներում իրականացված ջարդերը հավերժ կմնան Եվրոպայի պատմության մեջ։ Տեքստում ընդգծվում է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում իր վերահսկողության տակ գտնվող տարածքում կատարված հանցագործությունների համար։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԵՄ երկրների ներկայացուցիչները կքննարկեն ապրիլի 6-ին։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին կոչ է արել ԵՄ առաջնորդների լրացուցիչ արտակարգ գագաթնաժողով անցկացնել։ Նրա խոսքով՝ Գերմանիան շարունակում է մնալ նոր պատժամիջոցների գլխավոր հակառակորդը, մինչդեռ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախօրեին հայտարարել էր Բուչայում տեղի ունեցած սպանդի հետ կապված Ռուսաստանի դեմ սահմանափակումները խստացնելու անհրաժեշտության մասին։

Մոսկվան կտրականապես հերքում է սպանդի մասին մեղադրանքները և դրանց մասին հաղորդումները որակում կեղծված։ Կիրակի օրը Մոսկվան հայտարարեց, որ ծրագրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու իրավիճակը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մեծ Բրիտանիան չի համաձայնել հանդիպմանը, սակայն Ռուսաստանը կպնդի, որ հանդիպումը կայանա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: