Հայաստանի 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է. սպասվում է 3.2 տոկոս աճ

Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծում վերանայվել է տնտեսական աճի կանխատեսումը՝ նախապես կանխատեսված 4.8 տոկոսի փոխարեն նախանշելով 3.2 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Մենք վերանայել ենք տնտեսական աճի կանխատեսումը: Այն կանխատեսվում է 3.2 տոկոսի չափ»,-ասաց նախարարը:

Ջանջուղազյանը նշեց նաև ՝ այնպես չէ, որ այդ 3.2 տոկոսը ամենահեշտ սպասվող կամ որևէ ջանք չպահանջող տնտեսական արդյունքն է, այն ենթադրում է քրտնաջան աշխատանք: Վերանայվել է նաև ՀՆԱ-ի անվանական մեծությունը: Դա իր ազդեցությունն է ունեցել նաև բյուջեի ցուցանիշների վրա՝ եկամուտների, մասնավորապես հարկային եկամուտների վրա, բյուջեի պակասուրդի վրա:

«Մենք 2021-ին վերաբերվում ենք հարկաբյուջետային կանոնների տեսակետից որպես բացառիկ այն իմաստով, որ հայտնի չէ, թե երբ է մեկնարկելու տնտեսության վերականգնումը և ինչքան է տևելու: Հետևաբար հարկաբյուջետային քաղաքականությունը նախագծվել է այն տրամաբանությամբ, ինչը պահանջում են հարկաբյուջետային կանոնները: Այսինքն ՝մենք ունենալու ենք ավելի մեծ պակասուրդ՝ 5.3 տոկոս՝ համախառն ներքին արդյունքի, քան կունենայինք այլ հավասար պայմաններում»,-ասաց նախարարը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։