Ադրբեջանը խախտում է հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մի շարք հիմնարար իրավունքները. ԲԴԽ անդամներ

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը և Դավիթ Խաչատուրյանն այսօր ընդունել են Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովային:

Հանդիպման ընթացքում ԲԴԽ անդամները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով խախտվում են հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մի շարք հիմնարար իրավունքներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված` կյանքի իրավունքը, 3-րդ հոդվածով սահմանված՝ խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը, և ընդգծել են, որ այս փաստը Եվրոպայի խորհրդի գործըներների կողմից պետք է արժանանա խիստ և հասցեական արձագանքի։

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են դատաիրավական ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և պայմանավորվածություն են ձեռք բերել համանման հանդիպումները շարունակական դարձնելու և առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: