Մենք նշել ենք, որ փաստաթուղթ կա, բայց դեռ քննարկումներ չենք սկսել, քանի որ քննարկումներ սկսելու համար շատ կարևոր է, որ ադրբեջանական զինուժը լքի ՀՀ տարածքը. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ այս օրերին համացանցում տարածվող հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի մասին իրենք մի քանի օր առաջ խոսել են, հանրությանը ներկայացրել են:

«Երեկ, երբ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ փաստաթուղթ են շրջանառել, մենք ասել ենք՝ այո, ստացել ենք այն, բայց այդ փաստաթուղթը քննարկելու համար կա կարևոր նախապայման՝ ադրբեջանական զինուժը պետք է լքի ՀՀ սուվերեն տարածքը», -հայտարարել է նա: 

Գրիգորյանը նշել է, որ դեռևս ԱԽ առաջին նիստում կարևոր ռազմավարական որոշում են կայացրել, այն է, որ իրենք պետք է բոլոր գործողությունները հնարավորինս հրապարակային կատարեն, ինչը իշխանությունն անում է: 

«Մենք նշել ենք, որ փաստաթուղթ կա, բայց մենք դեռ քննարկումներ չենք սկսել, քանի որ մինչև քննարկումներ սկսելը շատ կարևոր է, որ ադրբեջանական զինուժը լքի ՀՀ տարածքը, այդ իսկ պատճառով հանրության հետ հաղորդակցություն չի եղել: Միակ պատճառը դա է: Մենք հասկանում ենք, որ որոշ շրջանակների դուր չի գալիս նման հաջողությունը, նրանք ցայտնոտի մեջ են»,- շեշտել է Գրիգորյանը:  

Նա վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը. «Եթե չկարողանանք դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ, որ կարողանանք կարգավորել այս խնդիրը: Միանշանակ է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ սուվերեն տարածքը»:

Գրիգորյանը նաև կոչ է արել հանրությանը որոշակի համբերություն ցուցաբերել, որ կարողանան հանգիստ աշխատել ու կարգավորել խնդիրը:

«Միանշանակ է, որ խնդրի կարգավորման համար բոլորիս անհրաժեշտ է համբերություն, խոհեմություն և ողջախոհություն: Բոլորին հայտնի է ՀՀ դիրքորոշումը: Մենք հրապարակային հայտնել ենք մեր դիրքորոշումներն ու կարծում եմ՝ լայն հաշվով որևէ հարց չկա: Մեր հաջողությունների մի մասը հրապարակային աշխատանքի արդյունք է»,- ասլ է նա: