Սպասարկման ոլորտի ներկայացուցիչների անհանգստությունները հիմնավոր են. շրջանառության հարկի շեմի բարձրացումը կբերի ծառայությունների թանկացման

Սպասարկման ոլորտի ներկայացուցիչների անհանգստությունները հիմնավոր են. շրջանառության հարկի շեմի բարձրացումը կբերի ծառայությունների թանկացման
Սպասարկման ոլորտի ներկայացուցիչների անհանգստությունները հիմնավոր են. շրջանառության հարկի շեմի բարձրացումը կբերի ծառայությունների թանկացման

Հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող օբյեկտների ղեկավարները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լիահույս են, որ սպասարկման օբյեկտների համար այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկի շեմի բարձրացումը չեղյալ կարվի: Հայաստանի ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանը «Մեդիալաբին» ասաց, որ կառավարությունում կարծես թե տրամադրված են հետ գնալ 6 տոկոսանց շեմին և դրա գործունեության ժամկետը երկարացնել 3-5 տարով: 

Ըստ նրա՝ մեկ շաբաթ կամ 10 օր անց նորից են հանդիպելու կառավարությունում՝ քննարկելու, առաջարկություններ ներկայացնելու:

«Պետք է տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների նախարարությունների և ՊԵԿ-ի հետ միասնական որոշման գանք, նորից գնանք վարչապետի մոտ ու ամբողջացնենք հարցը»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Բարսեղյանը:

Իսկ մինչ համաձայնության կգան, այս տարվա հունվարի 1-ից սպասարկման օբյեկտների համար ուժի մեջ է մտել շրջանառության հարկի 8 տոկոս դրույքաչափը: 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի օբյեկտները արտոնագրային վճարի դաշտից տեղափոխվել էին շրջանառության հարկի դաշտ՝ վճարելով 6 տոկոս շրջանառության հարկ: Այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկի շեմը բարձրացել է՝ կազմելով 8 տոկոս: Ըստ Հարկային օրենսգրքի՝ 2020 թվականին արդեն սպասարկման ոլորտի օբյեկտների համար շրջանառության հարկը կդառնա 10 տոկոս:

Ոլորտի ներկայացուցիչներն ամիսներ շարունակ բողոքում են հարկման այս քաղաքականության դեմ՝ նշելով, որ շրջանառության հարկի շեմի բարձրացումը անխուսափելիորեն կբերի ծառայությունների թանկացման, ինչի հետևանքով կնվազի Հայաստանի տուրիստական գրավչությունը, վնաս կկրի գյուղատնտեսության ոլորտը:

«Կառավարության թևերից մի քանիսն արդեն վստահ են, որ մեր անհանգստությունները հիմնավոր են, որ շեմը չպետք է մնա 8 տոկոս: Կարող ենք ասել, որ կառավարության կողմից աջակցություն ունենք: Իսկ վարչապետի տրամադրվածությունն ավելի կառուցողական է, նա ուզում է, որ մենք գտնենք այն տարբերակը, որը և՛ ձեռնտու կլինի տնտեսավարողների համար, և՛ չի վնասի պետությանը: Հետևաբար, դադար է եղել, որ գանք միասնական եզրակացության»,- ասաց Աշոտ Բարսեղյանը:

Գործարարների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր, որ կառավարությունը գործարար աշխարհին առաջարկել է հետևյալ բանաձևը՝ հարստացեք և հարստացրեք: «Այս բանաձևը մեզ համար շատ կարևոր է մեկ պայմանով, եթե մեր գործարար հանրության մեջ չկա մի հատված, որն այս բանաձևի երկրորդ մասը ջնջում է և կենտրոնանում է առաջին մասի վրա: Շատ հաճախ հնչում են շեշտադրումներ՝ բա ինչո՞ւ ճանպարհը լավը չէ, ինչո՞ւ թոշակները բարձր չեն: Եվ ոչ ոք հարց չի տալիս՝ ինչպե՞ս պետք է լավ լինի և ում միջոցով պետք է լավ լինի: Դա կարող է լավ լինել պետական բյուջեի մուտքերի աճի և այդ մուտք եղած գումարների արդյունավետ ծախսման և կոռուպցիայի բացառման միջոցով: Հիմա մենք այս կոմպոնենտների վրա հավասարաչափ պետք է աշխատենք»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Դիլիջանում գործող «Կճուճ», «Թավա» և «Լոշ» ռեստորանների սեփականատեր Վարդա Ավետիսյանը նույնպես ասում է, որ վարչապետի հետ հանդիպումից դրական ազդակներ է ստացել:

«Տպավորությունս շատ դրական էր, կար այն տրամադրվածությունը, որ պետությունը հասկանում է, թե ինչքան մեծ նշանակություն ունեն սպասարկման ոլորտի օբյեկտները հատկապես տուրիզմի զարգացման գործում: Եվ վարչապեը հստակ մեզ բացատրեց, որ իրենք ամեն կերպ ուզում են, որ մենք եկամուտներ ունենանք, վճարենք հարկեր և զարգացնենք ոլորտը»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Վարդա Ավետիսյանի խոսքով՝ քննարկումների ժամանակ օրինակներով փորձել են հասկանալ, թե 2018 թվականի կեսից սպասարկման օբյեկտների համար ներդրված նոր մոդելը՝ շրջանառության հարկի 6 տոկոսանոց շեմն ինչպե՛ս է անդրադարձել ոլորտի տնտեսավարողների վրա: Կան մեծ կազմակերպություններ, որոնց համար այդ հարկային բեռը տանելի է, եթե ֆիքսված մնա:

«Մարզերի օրինակն էր մի քիչ տարբերվում, որ նույնիսկ շրջանառության հարկի ֆիքսված դրույթը բացասաբար է ազդում ոլորտի վրա: Ես բերեցի 6 տոկոս շրջանառության հարկի հաշվարկները, դեռ 8 տոկոսի մասին չենք խոսում: Ես ցույց տվեցի, թե նախորդ վեց ամիսների ընթացքում շրջանառության հարկը ինչպես է ազդել սեզոնային բիզնեսի վրա, այն բիզնեսի, որը եկամուտ ունի տարվա միայն կեսին:

Շատ ջախջախիչ էին իմ փաստարկները: Ֆինանսների նախարարության կողմից կարծիք էր հնչում, որ եթե շրջանառության հարկով եք հարկվում, դա ավելի լավ պետք է լինի ձեզ համար, քանի որ այլևս արտոնագրային վճար չեք տալիս: Ես այնտեղ թվերով ցույց տվեցի, որ հաստատագրված վճարը ավելի ձեռնտու է մեզ»,- մանրամասնեց Վարդա Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ իր բիզնեսները հաջողված են, իսկ նոր մոդելը ավելի փոքր ու քիչ հաջողված բիզնեսների դեպքում ավելի բացասական հետևանքներ կունենա, եթե, իհարկե, տնտեսավարողը բարեխիղճ հարկ վճարող է:

«Այնտեղ խոստում եղավ, որ մարզերին առանձնահատուկ մոտեցում կցուցաբերվի: Իրենք էլ դեռ չգիտեն, թե ինչ են առաջարկելու, բայց խոստացան, որ մարզերի համար այլ մոդել կներդրվի»,- նշում է նա:

Վարդա Ավետիսյանի խոսքով՝ Երևանում գործող սպասարկման օբյեկտների ներկայացուցիչները համաձայն են, որ շրջանառության հարկի 6 տոկոսանոց շեմը շարունակի գործել, բարձրացում չլինի:

Նրա խոսքով՝ այն սպասարկման օբյեկտները, որոնք գյուղմթերք են ձեռք բերում ու չեն կարողանում փաստաթղթավորել իրենց շրջանառությունը, խնդիր են ունենում: «Անձամբ ես իմ ռեստորանների համար օգտագործում եմ միայն անտառային մթերք: Ես բավական շատ անտառային մթերք եմ պաշարում, ուղղակի չեմ կարողանում այդ ամբողջը փաստաթղթավորել, քանի որ գյուղացիներից եմ ձեռք բերում: Այսինքն՝ շրջանառության հարկի նվազեցումն էլ մեր հարցին լուծում չի տալիս»,- ասաց նա:

Անդրադառնալով սպասարկման ոլորտի գների բարձրացմանը, Վարդա Ավետիսյանն ասում է, որ ոլորտի տնտեսավարողները թանկացում չեն ուզում, և թանկացում դեռևս չկա:

Այն օբյեկտները, որոնք աշխատում են տուրիստական գործակալությունների հետ, նախօրոք մեկ տարվա համար գնացուցակ են տալիս նրանց, տարվա կեսից, եթե անգամ ուզեն էլ, չեն կարող թանկացումներ անել:

«Մենք նաև քննարկեցինք հարցը, որ եթե ես ուզում եմ բարեխիղճ աշխատել, պետք է բարձրացնեմ գները, որ կարողանամ ավելացնել հարկերը: Այդ դեպքում ստացվում է, որ ոլորտում անարդարություն է լինում: Այն փոքր օբյեկտները, որոնք բարեխիղճ չեն աշխատում, գինը ցածր են պահում, բարեխիղճ աշխատողները մրցակցությունից դուրս են գալիս»,- ասում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am