Տարեցտարի աճում է Իտալիայի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը, նաև իտալական ներդրումների ծավալը ՀՀ-ում.Արարատ Միրզոյան

Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ hայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է տարեցտարի աճող երկկողմ առևտրաշրջանառությունը, ինչպես նաև իտալական ներդրումների ծավալը Հայաստանում։ Արարատ Միրզոյանը վճռականություն է հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունները քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու հարցում:

Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն, շնորհավորանքներ հղելով ՀՀ ԱԳ նախարարին, իր հերթին նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր զարգանում և ամրապնդվում են հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և քաղաքական երկխոսությունը, որի վառ վկայությունն են բարձրաստիճան փոխայցելությունները։

Լուիջի Դի Մայոն hավելել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև նպաստավոր հարաբերությունները ձևավորում են կայուն առևտրատնտեսական և մշակութային կապեր, որոնք համալրվում են տարբեր ոլորտներում  առկա համագործակցությամբ։