Ահա եւ ամբողջ պատմությունը

Ահա եւ ամբողջ պատմությունը
Ահա եւ ամբողջ պատմությունը

Արգավանդի կամ Փարաքարի խաղատները փակվում են: Այդ մասին գրում է tert.am-ը, որի հետ զրույցում խաղատների աշխատակիցները նշում են, որ վարվել է ոլորտը մենաշնորհելու քաղաքականություն, ինչի համար էլ պարտադրել են խաղատներին 2014 թվականի հունվարի 1-ից հեռանալ Երեւանից եւ հաստատվել Սեւանում, Ջերմուկում կամ Ծաղկաձորում: Երեւանում մնում են միայն այն խաղատները, որոնք 100 միլիոն դոլար եւ ավելի ներդրում են:

Այդպիսի ընդամենը մեկ խաղատուն կա Երեւանում, որն ըստ մամուլի հրապարակումների պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի ճանապարհին գտնվող Շանգրի լա խաղատունը, որին կից էլ Ծառուկյանը բացել է ժամանցային Փարավոն համալիրը:

Մեկ տարի առաջ խաղատնային բիզնեսի ներկայացուցիչները հանդիպել էին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ քննարկել հարցը, բարձրացնելով նաեւ 100 միլիոնի բացառության խնդիրը, որն ըստ նրանց առաջացնում է անհավասար մրցակցություն: Կառավարության գործունեության առանցքային խնդիրը եւ հաջողության գրավականը մրցակցային տնտեսություն ձեւավորելը դիտարկող Տիգրան Սարգսյանը խոստացել էր քննարկել այդ հարցը, անհավասար պայմաններ չառաջացնելու համար: Բայց, փաստացի, դա Տիգրան Սարգսյանի հերթական խոստումը կամ հռչակումն է, որ մնում է անկատար եւ փաստացի ստեղծում իր հռչակած նպատակների տրամագծորեն հակառակ իրավիճակ:

Այժմ Երեւանին մերձ մնում է միայն Ծառուկյանին պատկանող խաղատունը, իսկ մյուսները պարտադրված են կամ 100 միլիոն դոլար ծախսել այստեղ մնալու համար, կամ տեղափոխվել երեք քաղաքներ:

Այստեղ ըստ էության գործ ունենք ներիշխանական յուրօրինակ կոմպրոմիսի հետ, երբ միմյանց խստորեն քննադատող վարչապետն ու ԲՀԿ-ն ամենայն հավանականությամբ որեւէ դիտողություն կամ պահանջ միմյանց հասցեին չեն ունենա, քանի որ Ծառուկյանի խաղատան համար ստեղծվում է իսկապես արտոնյալ վիճակ:

Իհարկե, տնտեսական քաղաքականության ասպարեզում այդօրինակ հնարքները կիրառելի են, երբ առանձնապես խոշոր ներդրումների համար ստեղծվում են արտոնություններ: Այդ իմաստով, Ծառուկյանի կամ որեւէ այլ խոշոր ներդրման համար արտոնություն կիրառելը միանգամայն տրամաբանական տնտեսական քայլ է, որի նպատակը ներդրումները խթանելն է:

Սակայն, այդպիսի դեպքերում սովորաբար հարկային, ոչ թե «տարածքային» արտոնություններ են լինում: Անհավասարությունն էլի անհավասարություն է, արտոնությունն էլի արտոնություն, սակայն կան տարբեր նրբերանգներ, որոնք այլ են տարածքային արտոնության դեպքում եւ մի փոքր այլ են հարկային արտոնության դեպքում:

Բանն այն է, որ հարկային արտոնության դեպքում խոշոր ներդրողի համար ստեղծվում է առավել շահութաբեր բիզնես, իսկ փոքրերը ստիպված են լինում գոհանալ փոքր եկամուտով կամ շահույթով: Բայց նրանց գործելու հնարավորությունը պահպանվում է: Իսկ առկա տարբերակով, փոքրերը զրկվում են Երեւանին կից գործունեություն ծավալելու հնարավորությունից, միեւնույն ժամանակ նրանք կանգնում են նոր քաղաքներում նոր գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ ոչ փոքր ներդրումներ կատարելու պարտադրանքի առաջ: Այսինքն, նրանց վրա դրվում են լրացուցիչ ֆինանսական եւ ժամանակային պարտավորություններ:

Զուգահեռ առաջանում է մեկ այլ խնդիր՝ խոշոր ներդրողները կարող են շատ ավելի արագ լուծել նոր քաղաքներում էլ խաղատներ կառուցելու հարցը, իսկ նրանցից որոշներն արդեն կառուցել են, եւ Երեւանին մերձ գործունեություն ծավալելու հնարավորությունից զրկված փոքր եւ միջին խաղատները նոր քաղաքներում արդեն հայտնվում են խաղից դուրս:

Այստեղ խնդիրն ունի իհարկե հակառակ երես: Դա խաղամոլությունն է: Խոսքը մի ոլորտի մասին է, որը ոչ միայն Հայաստանում արտադրություն, տեխնոլոգիական առաջընթաց չի խթանում, այլ գեներացնում է սոցիալ-հոգեբանական վատ վիճակում գտնվող հասարակության մի ստվար շերտի արատները: Կարդալ ավելին