Փաշինյանը պետք է վերադառնա ասուլիսի նախկին ձևաչափին, որովհետև ընտրված ձևաչափն ասուլիսի իմիտացիա է, բայց ոչ ասուլիս. Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու հերթական մամուլի առցանց ասուլիսով, ինչը բոյկոտել են տասնյակ լրատվականների խմբագիրներ՝ կոչ անելով գործադիրի ղեկավարին վերադառնալ ընդունված մամուլի ասուլիսի ձևաչափին: ԶԼՄ ներկայացուցիչների այս քայլը հիմնավո՞ր եք համարո՞ւմ:

– Երբ առաջին նման «ասուլիսը» կազմակերպվեց, ես շատ քննադատաբար վերաբերվեցի, որովհետև, մեծ հաշվով, դա ասուլիս չէ: Ասուլիս էր այն, որն անցկացնում էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո, որին մասնակցում էին բոլոր ցանկացող լրատվամիջոցները, ու ասուլիսն ավարտվում էր միայն այն ժամանակ, երբ հնչում էր ամենավերջի հարցը: 

Դա նորություն էր մեր հասարակական-քաղաքական կյանքում, որովհետև որևէ նախագահ Հայաստանում նման ասուլիսներ չէր անցկացրել: Այդ ձևաչափը շատ ողջունելի էր, ու, իսկապես, անհրաժեշտ է վերադառնալ այդ ձևաչափին: Այն, ինչ հիմա կազմակերպվում է, ես կանվանեի ասուլիսի իմիտացիա, մանավանդ որ նախորդ նման միջոցառումից հետո բազմաթիվ ԶԼՄ-ներ հանդես եկան քննադատությամբ ու ընդգծեցին, որ կա՛մ իրենց հարցերը չեն հնչեցվել, կա՛մ խմբագրվել են: 

Մեծ հաշվով, կարելի է հասկանալ այն լրատվամիջոցների ղեկավարներին, որոնք հանդես են եկել հայտարարությամբ: Կարծում եմ՝ վարչապետի աշխատակազմը, ինքը՝ վարչապետը, պետք է հաշվի առնեն, որ այդ ձևաչափով անցկացվող միջոցառումները որոշ առումներով հիշեցնում են նախորդ ղեկավարների շփումները լրատվամիջոցների հետ, երբ հրավիրվում էին 6-7 հեռուստաընկերությունների քաղաքական մեկնաբաններ, և մտերմիկ զրույց էր տեղի ունենում տվյալ ղեկավարի կողմից վերահսկելի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

– Իր ստեղծած նախադեպային մամուլի ասուլիսի ձևաչափից հրաժարվելու պատճառը ո՞րն էր, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ընտրեց առցանց ասուլիսը:

– Այս ձևաչափը հարմարեցված է հենց Նիկոլ Փաշինյանին, այն շատ ավելի հեշտացնում է գործընթացը, հնարավորություն է տալիս շրջանցել կամ խմբագրել առավել սուր հարցերը: Կարծում եմ, որ սա ամենևին հարիր չէ հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած վարչապետին: 

Իմ բազմաթիվ մեկնաբանություններում վաղուց եմ հորդորել, որ Նիկոլ Փաշինյանն անցնի մամուլի ասուլիսի առաջվա ձևաչափին: Չեմ ուզում մտածել, որ առցանց ասուլիսի ձևաչափն ընտրվել է նաև անվտանգության նկատառումներից ելնելով, եթե նույնիսկ անվտանգության այդպիսի մտավախություն կա, իրավապահ մարմիններն ի զորու են ապահովելու վարչապետի անվտանգությունը: Բովանդակային առումով չեմ պատկերացնում, թե ո՞ր հարցերից ու ինչո՞ւ պետք է խուսափի վարչապետը, ի վերջո, հարցերին պատասխանում է ինքը ու կարող է տալ իր համար նպատակահարմար պատասխան: 

– Պարո՛ն Մելիքյան, արդյոք խմբագիրների այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ այս մասով վստահություն չկա գործող իշխանությունների նկատմամբ:

– Կարծում եմ, որ լրացուցիչ մեկնաբանություններ պետք է տան հենց իրենք՝ հայտարարություն ստորագրողները, բայց այդ փաստաթուղթը շատ կոնկրետ խնդրի վերաբերյալ է ու պարունակում է կոնկրետ պահանջ, որը շատ տեղին է ու արդարացի:

 – Կլինե՞ն լրատվամիջոցներ, որոնք այնուամենայնիվ կմասնակցեն այսօրվա ասուլիսին:

– Իհարկե կլինեն: Մյուս կողմից՝ այդ հայտարարությունը վարչապետն ու իր աշխատակազմի պետք է շատ լուրջ ընդունեն ու ջանքեր գործադրեն՝ վերադառնալ նախկին ձևաչափին: Բացի դա, վարչապետը պետք է նաև շարունակի իր ֆեյսբուքյան լայվերը, որոնց ժամանակ քաղաքացիների հետ ուղիղ կապ էր ապահովում: 

– Հասարակության հետ ուղիղ կապի չապահովման խնդիրը ո՞րն է: Խուսափո՞ւմ է, պարո՛ն Մելիքյան:

– Լավ կլիներ, որ հենց Փաշինյանը պատասխաներ այդ հարցին, բայց ես չեմ բացառում, որ դա պայմանավորված լինի նրանով, որ այժմ մենք շատ ծանր ժամանակաշրջանում ենք ապրում, բազմաթիվ գործընթացներ են կատարվում, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ հարմար չի գտնում խոսել հանրության հետ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը ևս հասկանում է, որ պատմական ժամանակներում ենք ապրում, ու իշխանությունը պետք է ուղիներ գտնի, որ հանրությանը բացատրի և՛ ստեղծված իրավիճակը, և՛ սպասվելիքը:

– Պե՞տք էր այս հարցում, որ ԶԼՄ ներկայացուցիչները միասնական լինեին, ու բոլորը բոյկոտեին այս ձևաչափով անցկացվող ասուլիսները:

– Միասնական լինելու խնդիրը վաղուց է մեր լրատվական դաշտում հրատապ դարձել, և, ցավոք, ինֆորմացիոն ոլորտում մենք նկատում ենք ծայրահեղ բևեռացվածություն, ու այդ համախմբվելը, միահամուռ կերպով ինչ-որ հարցեր լուծելը գրեթե անհնարին են դարձել: 

Տվյալ պարագայում, ես կարծում եմ, որ այս քայլն էլ կարող է լուրջ ազդակ լինել՝ մանավանդ որ, այն շատ տեղին է: Չեմ կարծում, որ մնացած լրատվամիջոցներին ձեռնտու ու հաճելի է այս ձևաչափով աշխատելը, ուղղակի հայտարարությանը չմիացած լրատվամիջոցներն օգտագործում են ցանկացած հնարավորություն վարչապետին հարցեր ուղղելու համար: Բայց, կրկնում եմ, որ ցանկացած երկրի ղեկավար պետք է լրատվամիջոցների հետ շփվի ուղիղ ու անկեղծ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am