Սպասում ենք, որ հաջորդ յոթ օրերի ընթացքում կունենանք կորոնավիրուսի 6000-ից ավելի նոր դեպք. համաճարակաբան

Աղբյուրը՝ Bloomberg

Կորոնավիրուսային հիվանդացությամբ դեպքերի թիվն օրեցօր աճում է. երեկ օրվա ընթացքում կատարվել է 4725 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 19 դեպք:

Մասնագետները երկրում համաճարակաբանական իրավիճակը գնահատում են լարված:

«Համաճարակաբանական իրավիճակը վերջին օրերին բավականին լարված է, վերջին օրերին դիտվում է նոր դեպքերի կտրուկ աճ» – «Մեդիալաբին» ասում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ առողջապահության նախարարության վիճակագրության, այսօր ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 182056 դեպք, որոնցից 3320-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10367 պացիենտ: 

Մասնագետի խոսքով՝ հիվանդացության աճի տեմպից երկու շաբաթ անց, արդեն այս օրերին, կտրուկ ավելանում է կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը. Վերջին 14 օրերի ընթացքում, նախորդ 14 օրերի համեմատ, գրանցվել է 125 տոկոսով ավելի դեպքայնության աճ:

«Վարակի վերարտադրողական ցուցանիշը յոթ օրերի հաշվարկով 1,44 է, ինչը նշանակում է, որ հաջորդ յոթ օրերի ընթացքում մենք կարող ենք ունենալ 6000-ից ավելի նոր դեպք»,- ընդգծում է համաճարակաբանը:

«Ինչպե՞ս կարող է մահերի թիվը նվազել, եթե դեպքերի ավելացում ունենք»,- մահվան դեպքերի աճի հետ կապված հարցին երեկ հարցով էր պատասխանել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

COVID-ով հաստատված դեպքերի աճը, բացի մահվան վիճակագրությունն ավելացնելուց, կարող է ծանր նստել նաև երկրի առողջապահության համակարգի վրա: Թեպետ երեկ նախարարն ասել էր, որ առողջապահության համակարգը մոբիլիզացված է, զուգահեռ ավելացվում է մահճակալային ֆոնդը, այդուհանդերձ, աճի նման տեմպը, ըստ Ռոմելլա Աբովյանի, ծանր բեռ կարող է լինել առողջապահության համակարգի վրա, և բազմաթիվ հիվանդներ կարող են հերթում երկար սպասել իրենց բժշկական օգնությանն ու սպասարկմանը:

Անդրադառնալով այսպես կոչված կրկնավարակի դեպքերին՝ մասնագետն ասում է, որ այդպիսի դեպքերը պայմանական են կրկնավարակ անվանում, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից չկա հաստատված միջազգային ստանդարտ, որը կբնորոշի կրկնավարակի դեպքը: 

«Մենք ունենք 300-ից ավելի դեպք, երբ պացիենտն ունեցել է երկու դրական ՊՇՌ թեստի արդյունք: Բայց այդ թիվը հիմա համալրվում է: Սակայն ասել, որ կրկնակի վարակվել է նույն շտամով կամ այլ շտամով, հնարավոր չէ, քանի որ ԱՀԿ-ի և որևէ այլ երկրում չկա սահմանված դեպքի ստանդարտ բնորոշում: Չի բացառվում, որ վիրուսը, բավական երկար մնալով օրգանիզմում և ելնելով օրգանիզմի առանձնահատկությունից, իրեն կրկին դրսևորում է»,- նշում է Ռոմելլա Աբովյանը: 

Նրա խոսքով՝ առողջապահության նախարարության մասնագետներն այժմ հավաքում են նման դեպքերի տվյալների բազան, կատարում հետազոտություններ, վերլուծում դրանք և, բացի այդ, այդ հարցով մշտական կապի մեջ են ԱՀԿ-ի հետ:

Ինչպես կորոնավիրուսի նախորդ երկու ալիքների դեպքում, այնպես էլ այժմ, մասնագետների խորհուրդները նույնն են:

Ռոմելլա Աբովյանն ասում է, որ պետք է բարձրացնել զգոնությունը անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ: 

«Պետք է լինել ուշադիր, դիմակ կրել, ձեռքերն ախտահանել սպիրտային լուծույթով, պահպանել հեռավորություն, քանի որ եթե շարունակվի դեպքերի թվի նման աճը, ապա պետությունը ստիպված կլինի քննարկել սահմանափակումներ մտցնելու հարցը»,- ընդգծում է Աբովյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am