«Կառավարությունը միայն նրա համար չէ, որ լոլո կարդա մարդկանց գլխին, այլ որ որոշակի գործիքներ կիրառի, որ մարդկանց կյանքը փոխվի». Վահան Թումասյան

«Կառավարությունը միայն նրա համար չէ, որ լոլո կարդա մարդկանց գլխին, այլ որ որոշակի գործիքներ կիրառի, որ մարդկանց կյանքը փոխվի». Վահան Թումասյան
«Կառավարությունը միայն նրա համար չէ, որ լոլո կարդա մարդկանց գլխին, այլ որ որոշակի գործիքներ կիրառի, որ մարդկանց կյանքը փոխվի». Վահան Թումասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գյումրիի «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

– Պարոն Թումասյան, դուք Գյումրիում շատ եք շփվում տնակային ավանների բնակիչների հետ: Նրանք ապրում են աղքատության մեջ, և խնդիրները տարիներով չեն լուծվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարդիկ նախ գլխում պետք է փոփոխություն անեն, որպեսզի դուրս գան աղքատությունից: Այդ հնարավորությունն այսօր ստեղծվա՞ծ է, տարիներ շարունակ աղքատության մեջ ապրած մարդու համար ի՞նչ պետք է անի կառավարությունը, որ այդ մարդը փոխի հոգեբանությունը:

– Ինչ-որ բաներ կան, որ վարչապետը ճիշտ է ասում, բայց աղքատությունը նուրբ հարց է: Վարչապետից զատ, ես տեսնում եմ, որ աղքատության մասին «Ֆեյսբուքում» փիլիսոփայում են երիտասարդները, ովքեր ավագանի և պատգամավոր են դարձել: Նրանք սկսել են ձայնակցել վարչապետին և աղքատների վերաբերյալ դիտարկում են անում:

Նախ՝ սխալ են անում, որովհետև առաջին հերթին իրենք իրենց են խանգարում, այդպիսով իրենք իրենց կտրամադրեն հասարակության ու ժողովրդի դեմ, իրենց կներշնչեն, որ իրենք են միշտ ճիշտ, հասարակությունն է մեղավոր, և դա իրենց կտանի կործանման: Յուրաքանչյուր աղքատ մարդ ինքը որոշակի ճակատագրական հարվածներ ունի, այսինքն՝ կամ ընտանիքն է քայքայված, կամ հաշմանդամություն կա ընտանիքում և այլն:

Գյումրիում մեկ այլ խնդիր էլ կա, նաև աղետ է տեղի ունեցել, և պետությունն իր պարտականությունները չի կատարել մարդու հանդեպ: Հիմա, եթե, ասենք, անօթևան ընտանիքի ուղեղի մեջ հեղափոխություն լինի, իսկ Շիրակում հիմնականում անօթևաններն են աղքատ, նա չի կարող իր համար նորմալ կացարանային պայմաններ ստեղծել:

Իսկ ոչ նորմալ կացարանային պայման ունեցողը չի կարող աղքատ չլինել: Հիմա նման հազարավոր մարդիկ են ապրում մեր հասարակությունում, նրանք ինչքան էլ ուզեն իրենց ուղեղներում հեղափոխություն անել, չեն կարող: Յուրաքանչյուր աղքատ մարդ մի խնդիր ունի, հիմա նրանց վիրավորելը որքանո՞վ է նպատակահարմար:

– Վարչապետն ասում է՝ կառավարության հիմնական նպատակն է մարդկանց համար աշխատելու պայման ստեղծել: Եվ այդ պայմաններից պետք է օգտվի նաև աղքատ խավը:

– Աղքատությունը ճահիճ է, ճահիճն ընկած մարդուն, ով արդեն խրվում է, եթե նրա ձեռքը չբռնես ու ճահճից չհանես, ոչինչ չի փոխվի: Դրա փոխարեն իրենք փիլիսոփայում են, ասում են՝ այ, եթե դու փնտրեիր անտառի այն արահետը, որը ճահիճը շրջանցում էր, կամ եթե քեզ հաջողվի ճահճից դուրս գալ, հաջորդ անգամ դու ճահճին չմոտենաս:

Դրանով դու մարդուն չես փրկի: Հնարավոր է, նա ինչ-որ ջղաձգումներով դուրս գա այդ իրավիճակից, կամ երեխաները մեծանան ու աշխատեն, ինչ-որ բանի հասնեն, բայց դա խնդիրը գլոբալ չի լուծում:

Այսօր Գյումիրում աղքատության մեջ ապրող մարդկանցից 90 տոկոսը չի ուզում այդ պայմաններում ապրել: Պետությունը նրա համար չէ, որ միայն լոլո կարդա մարդկանց գլխին: Մեր գյուղերում այսօր շատ բանիմաց ու կարդացած մարդիկ կան: Կառավարությունն այն բանի համար է, որ որոշակի գործիքներ կիրառի, որ մարդկանց կյանքը փոխվի:

– Նույն Գյումրիում շատ են այն դեպքերը, երբ նոր բնակարան ստացած մարդիկ հետ են գալիս տնակ, որպեսզի նպաստ ստանան: Այս մտածողությո՞ւնը ոնց փոխել:

– Բայց մենք նրանց գլխին լոլո չենք կարդում, մենք գնում ու նրանց դոմիկը քանդում ենք: Պետությունը նրա համար է, որ որոշակի գործիքներ ու օրենքներ կիրառի, որ մարդը շատ ուզենա էլ, չանի նման քայլեր: Եթե մենք կանգնենք ու այսօր անօթևաններին ասենք՝ գնացեք, դուք ձեզ տուն առեք, դոմիկը քանդեք, տարածքը քանդեք, նրանք դա չեն անի:

Բայց մենք հովանավոր ենք գտնում, տունը գնում ենք, իրենց ստիպում ենք, որ դուրս գան դոմիկից, քանդում ենք դոմիկը: Իրենք այդ պահին աննշան դիմադրություն են ցույց տալիս, բայց հետագայում անիծում են այն կյանքը, որը ապրում են այդ տնակում: Իրենց որոշակի շրջան է անհրաժեշտ հետ գալու համար: Ես ասում եմ՝ աղքատությունը հիվանդություն է, իրավիճակ է: Դա հավասարազոր է նրան, որ մարդը գրիպ է, նրան ասեն՝ բերանդ փակ պահեիր, մասկա դնեիր, որ չվարակվեիր: Նախ պետք է բուժել: Այսինքն՝ աղքատությունը կոնկրետ պատճառ ունի, միայն մարդու չաշխատելու հետևանք չէ:

Կան ընտանիքներ, որոնց հայրը չկա, այդ ընտանիքի երեխաները կամ մայրը ինչ հեղափոխություն կատարեն իրենց ուղեղներում, եթե 30 հազար դրամ փող են ստանում: Պետությունն ինքը պետք է հոգ տանի: Ինձ զանգում, ասում են՝ պարոն Թումասյան, մեր գյուղում մի ընտանիք կա, շատ ծանր են ապրում, խնդրում ենք վառելափայտ հասցնել: Վարչապետը կարող է նման դեպքերի համար մարդկանց կոչ անել, որ օգնեն նման ընտանիքներին:

Այդպես հասարակությունը խեղճի հանդեպ ավելի ուշադիր ու կարեկից կլինի:Ամերիկայում ու բոլոր հարուստ երկրներում էլ կարեկցանքը կա աղքատի հանդեպ, հասարակության մեջ կարեկցանք պետք է մտցնել, ոչ թե մեղադրել աղքատներին: Բոլոր հարուստներն են ասում՝ իրենք են մեղավոր, որ աղքատ են: Իրենց իրենց դրանով արդարացնում են, հիմա իշխանությունը դրանով անկեղծ չէ, ինքն իրեն արդարացնում է, որ մեղքն իր վրայից գցի:

Այդպես է անում, որովհետև հավանաբար չի պատկերացնում, թե ինչպես պետք է լուծի այդ խնդիրները: Եթե մենք այդպես մտածեինք, ինչպես կառավարությունն է մտածում, ձմռանը 1500 ընտանիքների վառելափայտի հարցը չէր լուծի մեր կենտրոնը: Մարդկանց կասեինք՝ գնա հեղափոխություն արա, վառարանդ կտաքանա: Մենք դատավոր չենք այդ մարդկանց համար, իբր ճակատագիրը քիչ է հարվածել այդ մարդկանց, մի հատ էլ մենք քարոզներ կարդանք նրանց գլխին: Նորից եմ ասում՝ մեղադրելն ամենահեշտ գործն է, դրա փոխարեն պետք է լուծման մեխանիզմներ ստեղծեն:

– Վերջին 10 ամիսներին Գյումրիում ինչ-որ բան փոխվե՞լ է մարդկանց կենսամակարդակի բարձրացման առումով:

– Աղքատության կրճատման առումով ոչ մի փոփոխություն չի եղել: Ես հասկանում եմ, որ արագ փոփոխությունների հնարավորություններ էլ չկան: Անօթևանների խնդիրների լուծման համար խումբ են ստեղծել, որի մեջ ես էլ կամ: Ես խմբի կողմից դեռևս որևէ լուրջ աշխատանք չեմ տեսել, բայց խումբ ստեղծելն արդեն իսկ ինչ-որ քայլ է: Դեռ ոչ մի գործողություն չի եղել, բայց ես հավատում եմ, որ անելու են: Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, որ չանեն, որովհետև դա կլինի ողբերգություն: Իրականում Գյումրին այսօր գոյություն չունի, դա ծայրահեղ վիճակի մեջ գտնվող աղքատ ու գործազուրկ մարդկանց գոյատևման ու մաքառման մի վայր է:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am